«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2009-03-04 | #38, 2009-03-05 | #39, 2009-03-06


ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ ԿՅԱՆՔԸ ՇԱՏ ԹԱՆԿ Է

Եթե հաճախ եք այցելում Ծաղկաձոր, ապա ձեր աչքից չի վրիպի հրապարակին հարակից փողոցի հագուստի խանութի անունը` «Ծախսաձոր»: Թե ինչու են խանութի համար ընտրել հենց այդ անվանումը` վաճառողուհին բացատրում է, որ քաղաք են այցելում հիմնականում արտասահմանցի զբոսաշրջիկները, տեղական հարուստները: Հետեւաբար նրանց համար առանձնակի դժվարություն չէ, ասենք, սովորական ջինսե տաբատի համար կրկնակի վճարել: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա քաղաքի անունը պետք է փոխել ու վերանվանել «Ծախսաձոր», որովհետեւ այստեղ ոչ միայն զբոսաշրջիկներն են ահագին գումարներ տալիս մի քանի օր հանգստանալու համար, այլեւ բնակիչները: Ծաղկաձորի գրեթե բոլոր խանութներում գների զգալի աճ է նկատվում: Օրինակՙ միջին տարողությամբ թթվասերը, որ Երեւանում վաճառվում է 350 դրամով, Ծաղկաձորում կգտնեք 400-450 դրամով: Ձեթի, հացի, երշիկեղենի, կարագի ու պանրի գները երեւանյան խանութների գների համեմատ մի քանի հարյուր դրամով բարձր են: Մի քանի հարյուր դրամի բարձրացում է նկատվում նաեւ մակարոնեղենի, բրնձի, գարեջրի ու քաղցրավենիքի գներում:

Տուրիզմի կենտրոն դարձած Ծաղկաձորի քաղաքապետ Գարուն Միրզոյանը բազմիցս նշել է, որ քաղաքում գործազրկություն չկա: Քաղաքի ոչ միայն 25.000 բնակչությունը, այլեւ շրջակա գյուղերի բնակիչները կա՛մ աշխատում են Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներում, կա՛մ զբաղվում շինարարական գործունեությամբՙ այդ կերպ հոգալով կենցաղային խնդիրները:

«Աշխատանքի հետ համատեղ տեսեք, թե ինչպիսի գներ են խանութներում: Ամենաէժան նրբերշիկն արժե 600 դրամ: Էսպես չի լինում ապրել: Բոլորին թվում է, որ եթե Ծաղկաձորում ես ապրում, աշխատանքով ապահովված ես, նշանակում է կյանքը շատ հեշտ է: Իրականում ստացածս գումարները ուտելիքից բացի ուրիշ ոչ մի բանի չի հերիքում», նկատում է 40-ամյա Սիրանուշը:

«Էսօր խանութում ծախսել եմ 5000 դրամ, սակայն գնածս ապրանքը հազիվ մի օրվա հերիքի: Եթե Երեւանում ձուն արժե 55 դրամ, ապա այստեղ հասնում է մինչեւ 80 դրամի: Սուրճն էլ է թանկ, հացահատիկն էլ, կաթնամթերքն էլ, տնտեսական ապրանքներն էլ: Ամռանը մրգերը, բանջարեղենը համարյա կրկնակի գնով են վաճառում», ասաց 35-ամյա Ասյան:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Երբ այցելեցինք Ծաղկաձորում գտնվող մթերային խանութներ` գների կտրուկ աճից զատ զարմացրեց նաեւ այն հանգամանքը, որ վաճառողուհիները առանց սպասելու քո հարցին, սիրահոժար տրամադրում էին ՀԴՄ կտրոններ: Փաստն ինքնին ուշագրավ է, եթե հաշվի առնենք, որ Երեւանի գրեթե բոլոր խանութներում պետք է հիշեցնես ՀԴՄ-ների մասին: Իսկ եթե տալիս են` ապա երբեմն դժգոհ հայացքով ու փնթփնթոցով:

Մոնիտորինգն անցկացվել է հանգստյան օրերին: Կարծում ենք, Երեւանում գների կտրուկ աճը կազդի նաեւ Ծաղկաձորի խանութների ապրանքների վրա:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4