Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու հայկական դրամի շուրջը տեղի ունեցող զարգացումներին, ընթացող ներքաղաքական կեղտոտ խաղերին եւ դրանց հնարավոր հետեւանքներին: Այսօր ցավով պետք է փաստենք, որ այնուամենայնիվ կատարվեց վատագույն սցենարը, դոլարի կտրուկ բարձրացումը բերեց խուճապի եւ որպես հետեւանք խանութներում սպառման ապրանքների գների աննախադեպ աճի ու բնակչության անվստահությանը, թե իրավիճակը կարող է էլ ավելի սրվել: Հայաստանցիներն էլ ստիպված երկու օր շարունակ խանութներից գնում էին այն ամենը, ինչ, ըստ նրանց, դեռ չի թանկացել: Եվ այսպես, ո՞րն է ստեղծված իրավիճակի իրական պատճառը:
Արդեն առիթ ունեցել եմ նշելու, որ որեւէ երկրի ազգային դրամ այդ երկրի ազգային հարստությունն է եւ նրա տնտեսական ու քաղաքական կայունության հիմնական երաշխիքը: Հետեւաբար դրամի գնի շուրջն ընդդիմության եւ իշխանությունների պայքարը չի կարող արդարացում ունենալ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ բարոյական տեսակետից, քանի որ ազգային արժույթի տատանումներից տուժում են հասարակ մարդիկ, այլ ոչ օլիգարխները, ընդդիմությունը կամ էլ իշխանությունը: Հետեւաբար հարց է առաջանումՙ ո՞րն էր պատճառը, որ վերջին 2 ամիսների ընթացքում Կենտրոնական բանկը համառորեն պահում էր դրամի նախկին կուրսը, «դավաճանելով» իր իսկ որդեգրած լողացող կուրսի քաղաքականությանը եւ ընդդիմությանը հնարավորություն տալով էլ ավելի սրելու իրավիճակըՙ չափազանցված ու սեւ գույներով տեղեկատվություն տարածելով եւ խուճապային տրամադրություններ ստեղծելով: Համոզված եմ, իրականում խնդիրը ներքաղաքական` ընդդիմություն-իշխանություն պայքարի ենթատեքստում է: Այսինքնՙ դրամի ներկա կուրսը պահելու հրամանը Կենտրոնական բանկը ստացել էր երկրի քաղաքական իշխանությունից, իսկ պահել հարկավոր էր մինչեւ մարտի 1-ը, քանի որ, ըստ իշխանությունների, բացառված չէր, որ ընդդիմությունը կփորձի կտրուկ քայլերի գնալ: Հետեւաբար թույլ չտալու համար, որ ընդդիմության շարքերը լրացնեն դրամի կուրսի տատանումներից դժգոհ քաղաքացիները, հրաման էր տրվել փոխել դրամավարկային քաղաքականությունը եւ ամեն ինչ անել այն պահելու համար:
Նման քաղաքական որոշումը իրավական հիմնավորում չի կարող ունենալ, քանի որ Կենտրոնական բանկի գործունեությունը, ըստ սահմանադրության, անկախ է, հետեւաբար նա կարող էր չենթարկվել իշխանություններին: Սակայն սաՙ ըստ սահմանադրության, իրականում երկրի քաղաքական իշխանությունը վարում էր դրամավարկային մի քաղաքականություն, որը տնտեսական եւ իրավական ոչ մի արդարացում չուներ: Իսկ ընդդիմություն կոչվածն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, ապատեղեկատվություն էր տարածում, թե իբր Հայաստանում դոլար չկա եւ վիճակը օրհասական է: Տարածվող այս խուճապային լուրերն էլ ավելի էին սրել իրավիճակը, փոխանակման կետերի մոտ ստեղծել էին հերթեր ու դոլարի արհեստական պահանջարկ, ինչն էլ արտահայտվեց ներկայումս դոլարի գնի աննախադեպ բարձրացմամբ, որը սպեկուլյատիվ խաղի հետեւանք է, իսկ թե ե՞րբ իրավիճակը կկայունանա եւ դոլարը կգա՞ իր իրական շուկայական գնին, դժվար է ասել: Պարզ է, որ ստեղծված իրավիճակը ընդդիմություն-իշխանություն պայքարում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ արտահայտված անպատասխանատվության եւ վերջիններիս կողմից ամեն բամբասանքին հավատալու եւ խուճապի մատնվելու հետեւանք է:
Կարծում եմՙ ժամանակն է, որ իշխանությունները եւ ընդդիմությունը գան համաձայնության, որ քաղաքական պայքարի մեջ չեն «ներքաշելու» դրամի կայունության հարցը, ինչն առաջին հերթին հարվածում է սովորական քաղաքացիների շահերին, ինչպես նաեւ երկրի հեղինակությանն ու տնտեսական կայունությանը: Ի դեպ, մի հանգամանք եւս, հայազգի վայ տնտեսագետների պնդումները, թե վերջին տարիներին դրամի արժեքն արհեստական էր եւ իբր թե պահվում էր Կենտրոնական բանկի կողմից, չեն համապատասխանում իրականությանը: Քանի որ դոլարի կուրսի արհեստական նվազեցում, այն էլ արհեստական ձեւով, անհնար է: Փորձը ցույց տվեց, որ այդպես կարելի է վարվել 2 ամիս առավելագույնը, բայց ոչ երբեք տարիների ընթացքում, Հայաստանի Կենտրոնական բանկը դոլար չի տպում, հետեւաբար անընդհատ «ներխուժումներ» կատարել ֆինանսական շուկա դրամի գինը կայուն պահելու համար ի վիճակի չէ: Երկրորդ պնդումները, թե դոլարի կուրսի փոփոխությունը, ասենք, եվրոյի հանդեպ պետք է արտահայտվի նաեւ հայկական շուկայում, անգրագիտություն է, իրականում հայկական դրամը ազգային արժույթ է, այլ ոչ միջազգային ռեզերվային դրամական միջոց: Այսինքնՙ այն ստեղծված է միմիայն հայկական շուկայում սպառվելու համար, հետեւաբար հենց այդ շուկան պահանջարկի եւ առաջարկի դասական հարաբերությամբ էլ որոշում է դոլարի ու ընդհանրապես մյուս արժույթների իրական արժեքը, եւ դա ոչ մի կապ չունի ու չի կարող ունենալ միջազգային սակարաններում դոլարի եւ եվրոյի փոփոխությունների հետ: Նկատենք, որ ստեղծված իրավիճակն ունի նաեւ որոշակի դրական կողմ, դրամի թուլացումը կարող է վերակենդանացնել վերջին ամիսներին մահացող հանքարդյունաբերությունը, ինչպես նաեւ նպաստել Հայաստանից ապրանքների արտահանման ծավալների մեծացմանը, հետեւաբար նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը: Իշխանությունների քաղաքականությունը, Հայաստանում թեթեւ արդյունաբերության զարգացման ուղղությամբ, դրամի նման կուրսի դեպքում, դառնում է նույնպես իրական:
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ