Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հրավերով Հայաստան ժամանած Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Կասիմին մարտի 5-ին ճանաչողական այց կատարեց Նոր Հաճընի ադամանդի արտադրական ձեռնարկություններ եւ Ծաղկաձոր: Նոր Հաճընում նրան ներկայացվեց Հայաստանում ակնագործության եւ ոսկեգործության ոլորտի ներկա վիճակը: Ծաղկաձորում նախարարը ծանոթացավ գյուղմթերքների արտադրության, վերամշակման առկա վիճակին ու պոտենցիալին, ինչպես նաեւ տուրիզմի ոլորտում համագործակցության եւ ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին: Գործարար Իսա Բին Նասերի խոսքերով, իրենք տեղեկացված չէին, որ Հայաստանում կան բավականին շատ ոլորտներ, որտեղ հնարավոր է համագործակցություն ծավալել: Ըստ նրա, այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծելու համատեղ ընկերություններ, ինչպես նաեւ մշակելու ծրագրեր, որոնք կնպաստեն երկու երկրների համագործակցությանն ու տնտեսական կապերի զարգացմանը: