«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#37, 2009-03-04 | #38, 2009-03-05 | #39, 2009-03-06


ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԼՈՒՅՍԻ ՀԵՏ

«Լուսակն» հրատարակչությունը հրատարակել է բանաստեղծուհի, մանկագիր Նաիրա Համբարձումյանի «Ես բառ եմ դարձել» ժողովածուն, որը հեղինակի երրորդ գիրքն է: Առաջինը «Մտորումներ աշնան կեսին» բանաստեղծական ժողովածուն էր, երկրորդըՙ «Կանաչ կառեթներ»-ը: Բանասիրական գիտությունների թեկնածու է դոցենտ Նաիրա Համբարձումյանը եւ հեղինակը գիտական շուրջ 30 հոդվածների, «Մարո Մարգարյանի քնարերգությունը» մենագրության ու մանկապատանեկան «Կանաչուկ» գրքի:

«Շնորհալի է այս աղջիկը, ձեռք է զարկել կրակին. կյանքը գտածի նրա վստահությամբՙ կյանքը միայն ու հատկապես պոեզիա է, քանզի կյանքը տեսնվում-ապրվում է եւ չի՛ ապրվում, եթե բանաստեղծ չես», սա արձակագիր Վարուժան Այվազյանի բնորոշումն է: Նաիրա Համբարձումյանի հետ զրույցով փորձեցինք նրա իսկ մոտեցումները պոեզիային:

- Ի՞նչ է Ձեզ համար պոեզիան, բանաստեղծությունը:

- Ինքդ քեզ ժխտելովՙ ինքդ քեզ հաստատում եսՙ բանաստեղծությունը մեծագույն գաղտնիք է, միստիկա, եւ որքան շատ ես նրանից հասկանում, այնքան ավելի քիչ ես կարողանում բնորոշել այն: Քանի որ բանաստեղծությունը, լայն իմաստով, արվեստը, ինքըՙ մարդն է: Եվ գիտեմ այնպիսի մարդկանց, որոնց հոգիներում տիեզերքն էՙ անչափելի, անսահման, այսինքնՙ բանաստեղծությունը:

- Գրքի շապկին Խուան Միրոյի կտավն էՙ «Ոսկեզօծ կապույտով երիզված արտույտի թեւը միանում է ալմաստներով լի մարգագետնում քնած կակաչի միջուկին»: Ի՞նչ է խորհրդանշում:

- Միրոյի կտավը պատահական ընտրություն չէ: Ինձ դուր են գալիս նրա կտավներըՙ ոճի պարզությունն ու ասելիքի շատությունը: Նրա պատկերային մտածողությունը, գույները, մի գծի կամ գույնի միջոցով ավելին ասելու կարողությունը հարազատ են ինձ: Նույնը բանաստեղծական տողի մեջ էՙ բառի միջոցով արտահայտել ավելին, քան բառն ինքն է, ասելիքը խտացնել բառի մեջ:

- Յուրաքանչյուր ստեղծագործող իրեն գտնում է ասելիքի բանաստեղծական կամ արձակ ձեւում: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր չափածոյին նախընտրություն տալը:

- Չափածոյում ես ավելի ազատ եմ: Չեմ կարող բացատրելՙ ինչո՞ւ հատկապես բանաստեղծություն, ուղղակի այն ներուժը, որ ստանում եմ տիեզերքից, իմ ներաշխարհում իր արտահայտությունը գտնում է բանաստեղծական տողի մեջ:

- Ամեն արվեստագետ անհատ ունի իր սկիզբը, ճիշտ ճանապարհի ընտրության հնարավորությունը: Դժվա՞ր է կողմնորոշվելը:

- Այո, որքան էլ կրկնվեմ, սակայն պետք է ասեմ, որ արվեստը կեղծել չի սիրում, արտահայտության որ ձեւի մեջ էլ լինի: Բնության ճշմարիտ օրենքը գործում է նաեւ արվեստի կեռմաններում, եւ յուրաքանչյուր ճշմարիտ արվեստագետ իր մեջ կրում է այդ լույսըՙ ժամանակի առաջընթացի հետ փոխվելով, զարգանալով, նորանալով ու թարմանալով, գտնում ինքնահաստատման բնականոն ու ճիշտ ճանապարհը, ի՛ր ժամանակի սկիզբը: Թե որքանով է իմը գտնվածՙ ընթերցողը կիմանա:

- Լույսի գովերգումը որպես հավերժության շղթա ընթերցվում է ժողովածուի շառավղում, դառնում Աստվածաորոնման ճանապարհ: Ինչպիսի՞ն է Արարչի Ձեր ընկալումը:

- Մենք տիեզերքի մի մասնիկն ենք, որ Տիեզերքը Աստծո հոգու մի մասն է, իսկ Աստծո հոգին մեր սեփական հոգին է: Տիեզերական ձգողականության անկռահելի զորության ուժով են իրար կապված աշխարհի ամենափոքր մասնիկն ու ամենամեծ ամբողջությունը եւ այդ վիթխարի ներուժից էլ ծնվում է սրբագույնըՙ հավատն առ Աստված:

«Ես բառ եմ դարձել» ժողովածուում հեղինակըՙ Նաիրա Համբարձումյանը հենց այդ սրբազնագույնի ճանապարհի որոնումն է ձեռնարկել:

ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4