«Ասեղնագործությունը, ձեռագործությունը արվեստի յուրահատուկ տեսակ է: Աշխատանքն ասեղի հետ այնքան էլ դժվար չէ: Թելերի, պատկերների շնորհիվ ներկայացնում ես քո անհատականությունը, մտածելակերպը, ցանկությունները: Հիմնականում սպիտակ գույնով եմ ասեղնագործում, որովհետեւ ճերմակը խորհրդանշում է մաքրություն, գեղեցկություն ու լավատեսություն: Սակայն վերջերս սկսել եմ պայծառ երանգներով ծաղիկներ ասեղնագործել: Այսօր մեր կյանքից անպակաս են մռայլ երանգները, արատավոր երեւույթները: Պետք է կարողանաք առօրյայում ուրախություն մտցնել», պատմեց 77-ամյա Ազատուհի Փոստալջյանը : Ձեռագործության վաստակաշատ վարպետը մտահոգություն հայտնեց, որովհետեւ իր սիրելի արհեստի նկատմամբ հետաքրքրությունը կամաց-կամաց մարում է: «Հիմա ոչ ոք չի ուզում ասեղնագործությամբ զբաղվել: Հույսները դրել են մեքենաների կատարած աշխատանքի վրա, բայց դրանց մեջ չկա այն գեղեցկությունը, պարզությունը, որ կա ձեռագործ աշխատանքներում: Բազմիցս միջնակարգ դպրոցների աշակերտներին առաջարկել եմ անվճար ասեղնագործություն սովորեցնել, սակայն գրեթե ոչ ոք չի համաձայնվում: Ամեն ինչ նյութականացվել է: Կորել է գեղեցիկն արարելու ցանկությունը», դժգոհում է տիկին Ազատուհին:
Ավանդույթները վերականգնելու, գեղեցիկը կրկին ներկայացնելու ու փառաբանելու նպատակով «Հաճըն» հայրենակցական միությունը համատեղ «Նարեկացի» արվեստի միության հետ կազմակերպել էր մեծարման ցերեկույթՙ նվիրված Ազատուհի Փոստալջյանին: Միջոցառումը բացվեց տիկին Ազատուհու ստեղծագործությունների ցուցահանդեսով: Վարպետը խոստովանում է, որ երբեւէ ձեռագործ աշխատանքները չի վաճառել, անգամ երբ նյութական զրկանքների մեջ են գտնվել: Ի թիվս բազմաթիվ այլ գործերի, արվեստագետը հանրությանը ներկայացրեց հեռավոր 60-ականներին պատրաստված ձեռագործը, որը պատրաստել էր աղջկա լույս աշխարհ գալուց հետո: «Յուրաքանչյուր աշխատանքի հետ բազմաթիվ գեղեցիկ հուշեր կան կապված: Այդ աշխատանքում արտացոլել եմ մայրության բերկրանքը, ու չեմ կարող նրանից բաժանվել: Բաժանվել` կնշանակի հրաժարվել կյանքիդ որեւէ հատվածից, որեւէ ժամանակաշրջանից», նկատում է Ազատուհի Փոստալջյանը:
Ցուցահանդեսից հետո տեղի ունեցավ կարճամետրաժ ֆիլմի շնորհանդես` նվիրված արվեստագետին: Ֆիլմի հեղինակ «Հաճըն» հայրենակցական միության ատենապետ Հովհաննես Գրիգորյանը նշեց, որ նմանատիպ ստեղծագործությունների, միջոցառումների շնորհիվ պետք է կարողանանք երիտասարդության մեջ արթնացնել սեր դեպի ձեռագործությունը: «Մշակութային անկման օրերին, երբ առկա են սոցիալական, կենցաղային խնդիրներ, տեղին է անդրադառնալ պատմությանը, մշակույթին, արվեստին ու արհեստին: Վերջերս Վարչապետ Տիգրան Սարգսյանը որոշակի միջոցառումների դիմեց, որպեսզի Հայաստանում խթանի գորգագործությունը: Կարծում եմ ժամանակն է արժեւորելու նաեւ ձեռագործությունն ու ասեղնագործությունը», ասաց Հովհաննես Գրիգորյանը:
Հ. Հ.