Տիկնիկային թատրոնի դահլիճում միախառնվել էին ջութակի, ակորդեոնի, կիթառի, դաշնամուրի ու թավջութակի ելեւէջները` ստեղծելու ռոմանտիկ տրամադրություն, ջերմ մթնոլորտ: «Կադանս» հնգյակի համերգային ծրագրում միայն Աստոր Պիացցոլայի ստեղծագործություններն էին: Նպատակը մեկն էր` գարնանամուտին հանդիսատեսին պարգեւել սեր, ու տանգոյի լեզվով փառաբանել կնոջ գեղեցկությունը: «Ստեղծագործություններից շատերը Հայաստանում առաջին անգամ են ներկայացվում: Այս կերպ փորձում ենք անակնկալ մատուցել դասականի սիրահարներին: Պիացցոլայի հաղթարշավը մեկնարկեց «Մումուկի» ստեղծագործությամբ, որը մենք շատ ենք սիրում նվագել: Կենսագիրները գրում են, որ «Մումուկին» նաեւ կոմպոզիտորի ամենասիրելի ստեղծագործությունն էր», առաջին ելույթը ներկայացրեց դաշնակահար Արմեն Բաբախանյանը :
Համերգային ծրագիրը բավականին ընդարձակ էր, տանգոներ, վալսեր, «Տարվա եղանակները» Պիացցոլայի ընկալմամբ: «Յուրաքանչյուր արտասահմանյան համերգից հետո մեզ էին մոտենում մի խումբ երաժիշտներ, Պիացցոլայի երկրպագուներ ու հարցնում, թե ինչու չենք նվագում նրա ամենահայտնի գործը` «Օվեռիվերը»: Վաղուց էինք մտադրվել այդ գործը կատարել, բայց անընդհատ որեւէ բան խանգարում էր: Հատկանշական է, որ հենց սիրուն ու գեղեցկությանը նվիրված համերգի ժամանակ, հենց երեւանյան հանդիսատեսի համար առաջին անգամ կատարելու ենք այս ստեղծագործությունը», ասաց դաշնակահարն ու լսվեց ջութակի մելամաղձոտ ելեւէջները, որին միաձուլվում էին ակորդեոնն ու դաշնամուրը` ստեղծելով հնչյունների ներդաշնակություն:
Համերգի վերջնամասը նվիրված էր միայն տանգոներին: Տանգոներ, որոնք առավելապես ծանոթ էին ներկաներին ու որոնց ժամանակ դահլիճը վերափոխվեց: Երաժշտությամբ զմայլված հանդիսատեսը ոչ միայն ողջունում էր, ծափահարում, այլեւ արտահայտում կատարումից ստացած տպավորությունները: Համերգի եզրափակիչ ստեղծագործությունը «Լիբեռ տանգոն» էր: Հանդիսատեսի շնորհակալական խոսքն արտահայտվեց ծափողջույնների ու «կրկնելույթ» խոսքերով, որից հետո երաժիշտները կրկին բեմ բարձրացան: Դեռ երկար ժամանակ տիկնիկայինի դահլիճում հնչում էր արգենտինյան տանգոն, որը հանդիսատեսն արդեն կանգնած էր ունկնդրում:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ