Թուրք ռեժիսոր Օզջան Ալպերի վերջերս մեծ ժողովրդականություն վայելող «Սոն Բահար» (աշուն) ֆիլմը առաջինն է, որտեղ համշեներենն է օգտագործվել, եւ սեւծովյան տարածաշրջանի առեղծվածային աշխարհագրությունն է ներկայացվել, ըստ «Հյուրիեթ» թերթում տպագրված Վերջիհան Զիֆլիօղլու հոդվածի, որն արտատպել է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն իր փետրվարի 7-ի համարում:
Ռեժիսորի նոր ֆիլմը «Հարգանքի յուրահատուկ տուրք է մատուցված համշեցիների անհետացող մշակույթին», գրում է հոդվածագիրը, նշելով, որ Ալպերը համշենցի է եւ իր ժողովրդի «կենցաղն ու սովորույթները տարբերվում են» մյուս ժողովուրդների կենցաղից ու սովորույթներից: Ֆիլմի որոշ հատվածներում հնչում են նաեւ վրացերեն եւ թուրքերեն լեզուները:
Ալպերի առաջին կարճամետրաժ ֆիլմըՙ «Մոմին» 2000-ի միջազգային փառատոներում մեծ հետաքրքրություն էր առաջացրել:
Նոր ֆիլմի նկարահանումների ժամանակ մտահոգված է եղել լեզվի ընտրության առնչությամբ հետագա բարդությունների առաջացմամբ:
Հ. Ծ.