ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հաստատել է ֆուտբոլի 2009-ի բարձրագույն խմբի խաղացանկը: Առաջնության մասնակից 8 թիմերը չորս շրջանով կվիճարկեն չեմպիոնի տիտղոսը: Առաջնությունը կմեկնարկի մարտի 21-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք «Կիլիկիա»-«Ուլիս» հանդիպումով: Հաջորդ օրը տեղի կունենան «Շիրակ»-«Արարատ», «Գանձասար»-«Միկա», «Փյունիկ»-«Բանանց» մրցախաղերը: Առաջնությունը վերջնագիծը կհատի նոյեմբերի 7-ին: Ընդ որում, վերջին 4 տուրերի հանդիպումները կկայանան մեկ օրում, իսկ մնացած տուրերի խաղերը տեղի կունենան երկու օրվա ընթացքում:
Ինչպես հայտարարել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, «Հանրապետական» մարզադաշտում այս տարի առաջնության հանդիպումներ չեն անցկացվի: «Փյունիկն» ու «Բանանցը» սեփական հարկի տակ կայանալիք հանդիպումները կանցկացնեն «Նաիրի» մարզադաշտում: «Արարատը» կրկին հանդես է գալու Աբովյանի քաղաքային մարզադաշտում: «Միկայի» մարզադաշտում բացի դաշտի տերերից այս տարի իր հանդիպումները կանցկացնի նաեւ «Ուլիսը», որն անցյալ տարի մրցակիցներին հյուրընկալում էր Ոսկեհատում: «Կիլիկիան» ինչպես միշտ կխաղա սեփական մարզադաշտում` «Հրազդանում»: «Գանձասարն» ու «Շիրակն» էլ մրցակիցներին կհյուրընկալեն համապատասխանաբար Կապանում ու Գյումրիում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ