Ըստ Financial Times-ի, Բարաք Օբաման ներկայումս կանգնած է երկընտրանքի առջեւ` կամ դրժել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը, կամ վտանգել ռազմավարական դաշնակից Թուրքիայի հետ ԱՄՆ-ի երկարամյա կապերը պաշտպանության ոլորտում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Անդրադառնալով ամերիկյան Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի նոր նախագծի շրջանառությանը, թերթը հիշեցնում է, որ 2007-ին Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության ճանաչումը կասեցրեց, երբ պաշտոնական Անկարան հարցականի տակ դրեց ԱՄՆ-ի կողմից Ինջիռլիքի ռազմակայանի հետագա օգտագործումը: Հրապարակման հեղինակները առանցքային պահ են համարում ապրիլի 24-ը, երբ հայ ժողովուրդը նշելու է Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Ըստ թերթի` բանաձեւի կողմնակից կոնգրեսականները պատրաստվում են մինչ այդ ներկայացնել նախագիծը: Կոնգրեսականների կարծիքով, վերջին շրջանում Թուրքիայի պահվածքը մեծացրել է բանաձեւի ընդունման հավանականությունը: Մասնավորապես, Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների դատապարտումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից հարուցել է հրեական եւ իսրայելամետ կազմակերպությունների վրդովմունքը, որոնք 2007-ին ոչ բացահայտ սատարում էին Թուրքիային: