Հրաչիկ Սիմոնյանի աշխատությունը Կիլիկիայում հայկական կոտորածների մասին
Ուշադրությունը սեւեռելով 1915-1923-ի Հայոց ցեղասպանության վրա, հայ եւ օտար պատմաբանները քիչ են ուսումնասիրել 1909-ին Կիլիկիայում հայերի կոտորածները, որոնց զոհ գնաց ավելի քան 30 հազար հայ: Փաստորեն դա երիտթուրքերի առաջին ցեղասպանական գործողությունն էր հայերի դեմ, որ տխուր նախերգանքը եղավ 6 տարի հետո Թուրքիայի տարածքում հայերի համատարած ցեղասպանության: Լրացնելու համար այդ բացը եւ ուղենշելու նպատակով ցեղասպանագետների հետագա ուսումնասիրություններիՙ դեռեւս լրիվ չպեղված այդ դաշտը, պատմաբան Հրաչիկ Սիմոնյանը ձեռնարկել է Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի մեկենասությամբ օրերս լույս տեսածՙ «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» վերնագրով աշխատությունը:
529 էջանոց լաթակազմ գրքում, որը հրատարակվել է Երեւանի պետհամալսարանի տպագրատանը, պատմաբանը գլխավոր 4 գլուխների մեջ ներկայացրել է Ադանա քաղաքի, Ադանայի վիլայեթի այլ քաղաքների ու գյուղերի, Հալեպի վիլայեթի հայերի կոտորածների պատմությունը, պատճառներն ու հետեւանքները, նաեւ հայ եւ օտար մամուլի արձագանքների մատուցմամբ, գրականության ու երգերի հակիրճ ներկայացմամբ, գրքի ավարտին առանձին հավելվածով ներկայացնելով արխիվային լուսանկարների մի հավաքածուՙ թերեւս առայժմ ամենաստվարը տպագրվածների մեջ: Որպես գիտական լուրջ աշխատություն գրքին կցված են նաեւ ոչ միայն օգտագործված աղբյուրների ու գրականության բազմալեզվյան հարուստ ցանկ, այլեւ անձնանունների ու տեղանունների ինդեքսը, որը մեծապես դյուրացնում է գրքի օգտագործումը:
«Ազգը» հետագայում ավելի հանգամանալի կանդրադառնա այս կարեւոր հրատարակությանը: