Վարչական վարույթՙ ձեթի, կարագի, դեղորայքի եւ կենցաղային տեխնիկայի շուկաներում
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գումարել էր նիստ, որի ընթացքում քննարկվեցին մի քանի հարցեր: Դրամի լողացող փոխարժեքի քաղաքականության վերադարձի պատրվակով տարբեր ձեռնարկությունների կողմից գների չհիմնավորված բարձրացումներ թույլ տալու, արհեստական դեֆիցիտ ու աժիոտաժ ստեղծելու, հակամրցակցային համաձայնություններ կայացնելու կասկածով, վարչական վարույթներ են հարուցել ձեթի, կարագի, դեղորայքի եւ կենցաղային տեխնիկայի շուկաներում: Աշխատանքային խմբի նախնական գնահատմամբ, այդ շուկաներում մոնիտորինգի ենթարկված առեւտրի կետերում գների բարձրացումներն ավելին են եղել, քան դրա համար հիմք կարող էին լինել տնտեսական վերջին գործոնները: Վարույթները կընդգրկեն ոչ միայն տվյալ շուկաներում գերիշխող դիրք ունեցող, այլեւ մյուս տնտեսվարող սուբյեկտներին: Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ գների թանկացումը տրամաբանական էր եւ օրինաչափ, ու հանձնաժողովի խնդիրն է պարզել, թե թանկացման որ չափն է հիմնավոր, որը տեղի է ունեցել դրամի արժեզրկումից հետո: Պրն Շահնազարյանի խոսքով, կարող էր օրինաչափ թանկանալ նաեւ տեղական արտադրանքը, եթե դրա հումքը ներկրվում է դրսից: Լրագրողների հարցերին, թե սեփական դիտարկումներից պարզվել է, որ գների էական նվազում չի արձանագրվել, պրն Շահնազարյանը նշեց. «Գները համամասնորեն նվազել են եւ համարժեք են դարձել դոլարի 350-360 դրամ գնին: Ես բենզին ներկրողների հետ զրուցել եմ, մարտի 7-ից բենզինի գինը 10 դրամով կնվազի»:
«Ազգի» հարցին, թե վերջին 20 օրերին արդեն 50 դրամով թանկացրած բենզինի գինը ինչո՞ւ է 10 դրամով նվազելու, եղավ պատասխան, եթե գինը չթանկացնի, ապա ստիպված է լինելու բարձր տոկոսով վարկ վերցնել ներկրման ծավալը չնվազեցնելու համար: «Որեւէ ներկրող հիմար չէ, որ 2-3 օրվա 100 հազար դոլար շահույթի համար գնա մեկ միլիոն դոլար տուգանվելու ռիսկի, ինչը կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ հանձնաժողովը որոշի, որ գնի բարձրացումը եղել է անհիմն»:
Անդրադառնալով տիրող աժիոտաժին, պրն Շահնազարյանն այդ հարցում մեղադրեց ժողովրդին, քանի որ քաղաքացիները մտածելով, որ ապրանքներն էլ ավելի կթանկանան, շտապել են խանութներ ու մեծաքանակ առեւտուր արել: Իսկ նման երեւույթից, ըստ հանձնաժողովի նախագահի, կարող են տուժել փոքր խանութները, քանի որ նրանք են հիմնականում գին թանկացրել, իսկ խոշորները, քանի որ ունեին մեծ ապրանքաշրջանառություն, իրենց թույլ են տվել ոչ միայն պահել գները, այլեւ ավելացնել հաճախորդների թիվը: Իսկ որոշ դեպքերում ոչ թե ներկրողներն են գին բարձրացրել կամ էլ արտադրողները, այլ «որոշ վայ առաքիչներ»: Իհարկե, պրն Շահնազարյանի հետ չհամաձայնելով նշենք, որ «Ազգի» դիտարկումներից պարզ դարձավ, որ փոքր խանութներում գները գրեթե չեն բարձրացել, բացի մատնաքաշ հացից (10 դրամ) եւ ձվից (5-10 դրամ): Հանձնաժողովի նախագահը կոչ արեց «չօգտվել այն խանութների ծառայություններից, որոնք իրենց հաճախորդին չեն հարգում ու գները 10-15 տոկոսի փոխարեն բարձրացնում են 30-40 տոկոսի չափերով, այստեղ շատ շահույթ ստանալու մոլուցքը դրդեց նրանց»:
Հաշվի առնելով, որ պետությունը նախապես որոշել էր դոլարի լողացող կուրս, ինչո՞ւ նախապես մոնիտորինգ չէր անցկացրել տնտեսվարող սուբյեկտների մոտ կուտակված ապրանքների շրջանում, որպեսզի նման իրավիճակում չհայտնվեինք: Պրն Շահնազարյանը պատասխանեց, որ հնարավոր չէր դա նախապես անել, սակայն որոշ երկրներում դրանք կարգավորվում են: Իսկ «Ազգի» հարցին, թե արդյոք հնարավո՞ր կլինի հենց գնորդներին, իրենց մոտ պահպանված գնապիտակների առկայության դեպքում, գների տարբերության դիմաց բնամթերքով հատուցել, այլ ոչ թե տուգանքները մուծել պետբյուջե, որից դեռ պարզ չէ, թե տուժած գնորդներին ինչպե՞ս պետք է փոխհատուցվի, «նման բան հնարավոր չէ», պատասխանեց պրն Շահնազարյանն ու ավելացրեց. «Նման իրավիճակում մեզ համար մի բան շահեկան է, որ զբաղվածության ֆոնը մեզ մոտ ավելի կբարձրանա եւ մեր տեղական արտադրողների համար նպաստավոր պայման է ստեղծումՙ արտադրանքն իրացնելու դրսում 20-22 տոկոսով ավելի»: