«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2009-03-05 | #39, 2009-03-06 | #40, 2009-03-07


ՀԵՇՏ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼԻՆԵԼՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԵԼԸ

Կառավարությանը քննադատելը մոդայիկ է, «Ժառանգությունն» էլ առիթը բաց չթողեց

Երեկ «ժառանգությունը», ի դեմս Անահիտ Բախշյանի , Արմեն Մարտիրոսյանի եւ Լարիսա Ալավերդյանի , «Հայացք» ակումբում մի շարք «չարչրկված» բաներ ասաց լրագրողներին:

«Ժառանգությունը» գտնում է, որ Գագիկ Բեգլարյանի ներկա նշանակումը քաղաքապետի պաշտոնում նպատակ ունի կենտրոնացնելու վարչական ռեսուրսը` լծակ դառնալով ընտրությունների ընթացքը կեղծելու համար (Անահիտ Բախշյան), եւ այդ նշանակումը նաեւ հենց Գագիկ Բեգլարյանի համար լավ չէ` ուրեմն նա վստահ չէ, որ բավարար ձայներ կստանա ընտրություններում ու գնում է այլ ճանապարհով իր դիրքերի ամրացմանը (Լարիսա Ալավերդյան): «Ժառանգությունը» նաեւ հայտարարություն էր տարածել քաղաքապետի առաջիկա ընտրության վերաբերյալ` պահանջելով Երեւանի քաղաքապետի ընտրություններում եւ դրան նախորդող նախընտրական շրջանում վերջապես ապահովել օրինականություն, ազատություն, արդարություն եւ թափանցիկություն` կայացնելով ընտրական հանրակարգերի հանդեպ հանրային վստահությունը: Վերջինները հնարավոր չեն ըստ «Ժառանգության»` առանց բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու 2008 թ. նախագահական եւ ՏԻՄ ընտրությունների կեղծարարներին, մարտի 1-ի մարդասպաններին, սադրիչներին ու նրանց ուղղորդողներին: Սակայն պարզ չդարձավ դեռ` «Ժառանգությունը» սեփական համամասնական ցուցակով եւ այն գլխավորող քաղաքապետի թեկնածուո՞վ է գնալու ընտրությունների, թե՞ այնուամենայնիվ, կոնգրեսի հետ միասնական թեկնածու առաջադրելով, ինչն, ի դեպ, ժառանգականները չբացառեցին:

Վերջին տնտեսական իրողությունների մասին. ըստ «ժառանգության»` իշխանությունները չեն նախապատրաստել երկիրը վրա հասած ճգնաժամին, ձախողել են Հայաստանը ցնցումներից զերծ պահելու բոլոր հնարավորությունները, իսկ վերջին ֆինանսական այս ցնցումը` կապված դոլարի լողացող կուրս ամրագրելու հետ, դարձրել են մի խումբ օլիգարխների համար հավելյալ անաշխատ շահույթներ կորզելու միջոց, ինչի արդյունքում հսկայական անաշխատ եկամուտ գնացել է ներմուծող մի քանի օլիգարխների գրպանը, եւ պետք է պարզել, թե հատկապես ո՞ւմ գրպանը (Արմեն Մարտիրոսյան): «Ժառանգությունն» ասում է, որ ամիսներ շարունակ երկրի արժութային պաշարների հաշվին դրամի փոխարժեքի արհեստական սանձումը եւ լողացող քաղաքականության վերակենդանացման միջոցով դրամի աստիճանական արժեզրկման տարբերակի տեւական մերժումը հանգեցրին նրան, որ ազգային արժույթը մեկ ժամվա ընթացքում 20-30%-ով արժեզրկվեց (Անահիտ Բախշյան):

«Այսօր իշխանությունները գործնականում չեն տիրապետում իրավիճակին, տապալել են նաեւ իրենց իսկ հռչակած` ֆինանսական, տնտեսական եւ սոցիալական քաղաքականությունը, պետական բյուջեի կատարումը: Նմանապես մինչ այդ` 2008 թ. փետրվարի 19-ին, ապա եւ մարտի 1-ին իշխանությունները հօդս ցնդեցրին երկիրը քաղաքական ցնցումներից զերծ պահելու բոլոր հնարավորությունները», ասված է հայտարարության մեջ: Սոցիալական լարվածությունը հաղթահարելու համար «Ժառանգությունն» առաջարկում է Ազգային ժողովի անհապաղ վերանայմանը ներկայացնել պետբյուջեն` ավելացնելով պետական աջակցության ենթակա սոցիալական խավի շրջանակները, փոքր եւ միջին ձեռնարկությունների համար հավելյալ հարկային ու մաքսային արտոնություններ սահմանել, ավելացնել գյուղացիական անհատական տնտեսությունների պետական սուբսիդավորումը:

Ա. Մարտիրոսյանն անդրադարձավ նախօրեին հեռուստատեսությամբ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` ընդդիմության հասցեին արված ռեւերանսներին, նկատելով, որ իրենք բացասական են վերաբերում Օսկանյանի հայտարարություններին, «քանի որ մարտի 1-ն արդարացնողներից մեկն էլ հենց ԱԳ նախկին նախարարն էր». խորհուրդ տրվեց լրագրողներին նայել այդ օրերի տեսագրություններն ու ձայնագրությունները, որտեղ Օսկանյանն այլ բան էր ասում:

«Ժառանգությունը» չի կարող «հավանական իշխանափոխության ակնկալիքով անտարբեր սպասել հերթական սոցիալական պայթյունին, ժողովրդի զանգվածային աղքատացմանն ու պետական համակարգի փլուզմանը... նման պայթյունը հղի է նախ եւ առաջ ներքին իրավիճակի անկառավարելիության վտանգով, երբ լեգիտիմության պակաս ունեցող եւ մեծապես քրեականացված քաղաքական գործընթացները կարող են վերջնականապես դուրս գալ օրինական ձեւաչափերից եւ մտնել առճակատման հուն»: Այն, ինչ բանավոր ասում էին ժառանգականները, ձեւակերպված է նրանց հայտարարության մեջ, այն է` անհապաղ ազատ արձակել քաղաքական շարժառիթներով հետապնդվող քաղաքացիներին եւ բացահայտել 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած հանցագործությունները, դրանց իրական մեղավորներին ենթարկել պատասխանատվության` մեղմելով քաղաքական լարվածությունը, վերացնել օլիգարխիկ-քրեածին համակարգի հիմքերը, ապահովել բյուջեի ձեւավորումն ու կատարումը` վերահսկողական հանրակարգերում ընդգրկելով ընդդիմության եւ լայն հասարակայնության վստահելի ներկայացուցիչներին եւ այլն:

Այս եւ մի շարք այլ քայլերի հետաձգումը, ըստ ժառանգականների, կխորացնի քաղաքական ու տնտեսական ճգնաժամը, որից միակ ելքն արմատական իշխանափոխությունը կլինի, այն ժամանակ ահա «Ժառանգությունը» կպահանջի իշխանության հրաժարականը:

Իսկ առայժմ «Ժառանգությունը» իշխանություններից եւ գործող նախագահից պահանջում է արմատապես փոխել երկրի կառավարման եղանակը, միաժամանակ կոնկրետ քայլեր առաջարկելով ստեղծված ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4