Հայաստանում գործող ավելի քան 70 մասնավոր համալսարաններից կրթության եւ գիտության նախարարությունը, թեպետ ուշացումով, արտոնազրկել է 13-ին, եւս 17-ի գործը գտնվում է ընթացքի մեջ: Նրանց արտոնազրկումը կկատարվի սեպտեմբերին: Արտոնազրկված 13 բուհի ռեկտորները խոստովանում են, որ սպասողական իրավիճակի մեջ են հայտնվել: «Հայելի» մամուլի ակումբում կայացած հանդիպման (հանդիպումը, որ հենց սկզբից վերածվեց ոչ թե բանավեճի, այլ շուկայի, երբ բանախոսները խոսելու ու լսելու կուլտուրան մոռացած միայն գոռում էին ու մեղադրականներ ներկայացնում) ժամանակ ռեկտորները նշում են, թե սպասում են այն օրվան, երբ օրենք խախտողները վերջապես կպատժվեն: Ըստ ռեկտորների` օրենք խախտողները ՀՀ ԿԳ նախարարն ու փոխնախարարն են: «Կան ՍՊԸ-ներ, որոնք լիցենզիա են ստացել ընդհուպ կրթական գործունեություն ծավալելը: Մենք օրենքով ամրագրված կազմակերպություններ ենք: Պետք է որոշակի օրենք լիներ, որը կմատնանշեր, որ համալսարան կոչվելու համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ: Թող տային լիցենզիա միայն այն կազմակերպություններին, որոնք կկարողանային որակյալ կրթություն ապահովել: Իրավունքը տալիս են ՍՊԸ-ին, հետո մի հարվածով ոչնչացնում», նկատում է Երեւանի ապրանքագիտության տեխնոլոգիական համալսարանի նախագահ Առնուս Հովհաննիսյանը :
Ռեկտորները վստահեցնում են, որ այսօրվա կրթական համակարգն արդեն կործանված է: «Երեւան» համալսարանի պրոռեկտոր Շողիկ Վարդանյանն էլ նկատում է, որ երբ ուսանողներին խոստանում են, թե կտեղափոխեն ավելի որակյալ բուհ, մարդու իրավունքների «կոպիտ» ոտնահարում է, «որովհետեւ ուսանողներն իրենք են ընտրել բուհը` հաշվի առնելով նախասիրությունները»:
«Պետք է կարողանանք տարբերել համալսարանները «դուքաններից»: Մեզ մոտ համալսարաններ են ստեղծվել, որ ոչնչով չեն տարբերվում «դուքաններից»: Տատիկի երկու սենյականոց տուն է: Մեկում ռեկտորն է նստում, մյուսում` քարտուղարուհին դիպլոմներ ստորագրում: Մոտեցումը ուսումնական պրոցեսին սխալ է: Բոլորն էլ շատ լավ հասկանում են, թե ոչ պետական բուհերում ինչ է կատարվում: Չունե՛ք պրոֆեսորադասախոսական կազմ, չունե՛ք համապատասխան տարածքներ, չունե՛ք լաբորատորիաներ եւ այլն, որոնք խիստ անհրաժեշտ են ուսումնական գործընթաց իրականացնելու համար», ասաց ՀՀԿ կուսակցության անդամ, Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը : Պատգամավորը նաեւ նկատում է, որ ոչ պետական բուհերի մեջ կան նաեւ կայացածները, որոնք ջանասիրաբար աշխատել են` հասնելով որոշակի կարգավիճակի: «Պետությունը կարեւորագույն տեղ է տալիս կրթությանը, բայց պարզվում է, որ կան դուքաններ, որ գիտելիք տրամադրելու փոխարեն գումար են աշխատում: Այսօր ձեր շրջանավարտները մրցունակ չեն, ոչ միայն դրսում, այլեւ Հայաստանում: Ու խնդիր է առաջանում պետության համար, երբ հասարակության ստվար զանգվածն ունի բարձրագույն կրթություն, սակայն առկա է աշխատանքի խնդիր: Ստացվում է մի վիճակ, երբ պետությունը չի կարողանում բարձրագույն կրթություն ստացած իր ուսանողներին աշխատանքի տեղավորել: Բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի հեշտացված ճանապարհներով են անցկացվում ընդունելության ու ավարտական քննությունները», ասաց Կարեն Ավագյանը:
Ֆիրդուսու անվան համալսարանի ռեկտոր Մնացական Հարությունյանն էլ առաջարկեց, որ արտոնազրկված բուհերին տան 2-3 ամիս ժամանակ, որպեսզի գոնե 4-րդ կուրսի ուսանողները կարողանան ավարտել համալսարանը: Սակայն Կարեն Ավագյանը փաստեց, որ այդպիսի բան չի լինի: Ընդհակառակըՙ մասնավոր բուհերի «հարցերը լուծելուց հետո» սկսելու են նաեւ «անհանգստացնել» պետական բուհերի ռեկտորներին:
Խնդրին Մամուլի ազգային ակումբում անդրադարձավ նաեւ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը : Վերջինս դիտարկեց, որ ստուգումներով պարզվել է, որ Ֆիրդուսու համալսարանի 4 ֆակուլտետում 11 ուսանող է սովորում, իսկ արտոնազրկված 13 բուհերը Հայաստանում գործում են ընդամենը 6 եւ ավելի տարի:
«Այդ ուսանողներին կտրամադրվի այլընտրանքի հնարավորություն: Արտոնագրված բուհերի հազար ուսանողները կկարողանան իրենց ուսումը շարունակել այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այլ բուհում ուսումը շարունակելու ցանկություն ունեցող ուսանողների դիմումների ընդունումը կշարունակվի մինչեւ մարտի 20-ը», ասաց փոխնախարարը: Անդրադառնալով համալսարանների ուսման վարձերի տարբերությանը` նախարարը հայտարարեց, որ ռեկտորների միջեւ ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ ուսման վարձը կմնա նույնը: Արա Ավետիսյանը նաեւ նշեց, որ համալսարանների ստուգումների գործընթացը կշարունակվի նաեւ հետագայում: «Յուրաքանչյուր կիսամյակ կանցկացվեն նմանատիպ ստուգումներ», եզրափակեց Արա Ավետիսյանը:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ