«Ազգը» չորս տարբեր էլեկտրոնային խանութներում եւ սուպերմարկետներում շրջայցից հետո նկատեց, որ ամենաշատը գործածվող կենցաղային իրերը թանկացել են 3000-100.000 դրամի չափով: Չնայած աշխատակիցներից որեւէ մեկը չցանկացավ պատճառաբանել, թե ինչո՞ւ, սակայն, նկատեցի, որ խանութներում առեւտրի եկած գնորդները զարմացել էին գների կտրուկ աճից: Օրինակ, փոշեծծիչները եթե օրեր առաջ սահմանել էին մինչեւ 20 տոկոս զեղչ գներ, ապա այսօր դրանց գումարվեց 20 տոկոս բարձր նոր գինը, դառնալով 18.000-24.000, 32.000 եւ ավելի (տարբեր տեսակների ու հզորությունների): Նույն բանը կատարվել էր արդուկների, հյութաքամիչների, տապակամանների, մազահարդարիչների գների հետՙ թանկանալով 1000-5000 դրամով: Իսկ հեռուստացույցների, սառնարանների, լվացքի մեքենաների գները թռել էինՙ 100.000 դրամ եւ ավելի չափով: Նման մոտեցումըՙ գերշահույթ կորզելը, ոչ մի լավ բանի չի հանգեցնի, քանի որ այդ ապրանքատեսակները գնում են առիթից առիթ, նվիրելու կամ 5-10 տարին մեկ անգամ: Ուրեմն մնում է մտածել, որ իրոք վայ-խանութպանները փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ...
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ