«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#38, 2009-03-05 | #39, 2009-03-06 | #40, 2009-03-07


«ԱՐՑԱԽ ՀԷԿ»-Ի ԾՐԱԳԻՐԸ ՉՈՒՆԻ ՆԱԽԱԴԵՊ ԱՐՑԱԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման շնորհանդեսը տեղի ունեցավ Ստեփանակերտում:

Ընկերությունը ստեղծվել է 2007 թվականի նոյեմբերին, որի բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատերը ԼՂՀ կառավարությունն է: Ընկերության կանոնադրական կապիտալը 5 մլրդ 100 մլն դրամ է: Անցած երկու տարում «Արցախհէկ»-ը շահույթով է աշխատել: Նույնիսկ կրկնապատկվել է ի հաշիվ սակագների փոփոխության: Ծրագրված է առաջիկայում Արցախում կառուցել 3 ՀԷԿ, որոնցից յուրաքանչյուրի նախատեսվող շինարարության ժամկետը 2 տարի է: Ենթադրվում է, որ դրանց կառուցման հետ կապված` նոր սակագներ կսահմանվեն, որի արդյունքում ավելի կբարձրանա շահութաբերությունը:

ՀԷԿ-երի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են, որոնց ծախսային ընդհանուր հաշվարկը կազմում է 3 մլրդ 450 մլն դրամ: Ծախսերի ծավալներից ելնելով, ծրագրվել է բաժնետոմսերի հրապարակային բաժանորդագրություն:

Այս լայնածավալ ծրագիրն իր նախադեպը չունի ոչ ԼՂՀ-ում, ոչ էլ Հայաստանի Հանրապետությունում: Բաժնետոմսեր կարող են գնել բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ընդ որում, դա վերաբերում է նաեւ արտասահմանյան ներդնողներին: Ցանկացողները տվյալ հարցով կարող են դիմել ինչպես Ստեփանակերտում` «Արցախ ՀԷԿ»-ի գրասենյակ, այնպես էլ Երեւանում` «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ընկերության գրասենյակ: Բաց է թողնվել 3 մլն 285 հազար բաժնետոմս` հասարակ եւ անվանական: Մեկ բաժնետոմսն արժե 1000 դրամ, տարեկան շահույթի վճարումը ծրագրվել է մինչեւ 15 տոկոս:

Բաժնետոմսերի թողարկումը կտեւի մինչեւ ընթացիկ տարվա ապրիլի 10: Դա գործընթացի առաջին փուլն է, եւ սույն տեղաբաշխումը հաջողությամբ ավարտվելու դեպքում կսկսվի հաջորդ բաժանորդագրությունը` մյուս ՀԷԿ-երի կառուցման համար:

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկվող բաժնետոմսերը ներդրումային գրավչություն ունեն, որովհետեւ ապահովված են թե՛ պետական բազմակողմանի աջակցությունը, թե՛ հարկային նպաստավոր դաշտը եւ թե՛ արտադրանքի վաճառքի կամ հումքի ձեռքբերման հետ կապված խոչընդոտների բացակայությունը: Չկա նաեւ մրցակցություն, լոկալ ու գլոբալ ճգնաժամերը չեն կարող բացասական ազդեցություն ունենալ, ռիսկայնությունը խիստ ցածր է: Բաժնետոմսերը իրացվելի են` միշտ կարելի է դրանք վաճառել:

Շնորհանդեսի ժամանակ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն իր ելույթում ասել է, որ կառավարությունը էներգետիկ զարգացման ծրագիր մշակել էր դեռեւս 1995 թվականին, սակայն ներդնողների բացակայության պատճառով այն չի կենսագործվել:

Ներկա դեպքում, «Արցախ ՀԷԿ »-ի այս նախաձեռնությունը, որի գաղափարի ներշնչողը կառավարությունն է, ունի ռեալ հեռանկար:

Նախատեսվում է առաջիկայում նման շնորհանդես կազմակերպել նաեւ Երեւանում:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4