Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատը կարող է աշխատել, եւ կրճատումներ ու խնդիրներ այս պարագայում չեն առաջանա: Այս մասին լրագրողներին ասել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ` ավելացնելով, որ նույնիսկ ճգնաժամային երեւույթների առկայության դեպքում այդ կոմբինատը կշարունակի իր ներդրումային ծրագրերն իրականացնել, իսկ շուրջ 3000 աշխատողները կշարունակեն իրենց գործունեությունը: Անդրադառնալով Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի գործունեությանը` նախարարը նշեց, որ ներկայումս շարունակվում են քննարկումները դրա ղեկավարության հետ: «Նախնական համաձայնությամբ` այնտեղ կրճատումները եւս մեկ ամսով կհետաձգվեն»: Ագարակի կոմբինատի հարցում նախարարը նշեց, որ «Գեո փրոմայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյի հետ ձեռք բերված համաձայնությամբ կոմբինատը կշարունակի ամբողջ թափով աշխատել, շուրջ 900 աշխատակիցներ մշտապես կգտնվեն աշխատանքային գործընթացում: Ներկայումս ձեռնարկությունը նախապատրաստվում է իր լայնամասշտաբ բացմանը, կատարվում են վերանորոգման եւ վերականգնման աշխատանքներ, հաղորդում է «Արմենպրեսը»: