Անցյալ տարվա հուլիսին Կանադայի պատվավոր շքանշանին արժանացած, Էդիթ Պիաֆի «օրհնությամբ» երգի ասպարեզ մուտք գործած, Ֆրանսուա Տրուֆոյի ֆիլմերում նկարահանված եւ 1000-ից ավելի սիրային երգերի հեղինակ, անզուգական շանսոնյե Շառլ Ազնավուրի անձնական փորձության վրա հիմնված մտորումներից մի գողտրիկ փունջ է ներկայացրել լրագրող Բեն Կապլանը Տորոնտոյում հրատարակվող «Նեշընլ փոստ» թերթում: «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթից թարգմանաբար քաղում ենք դրանցից մի քանիսը:
- Խորհուրդներ երիտասարդների՞ն: Ոչ մի խորհուրդ էլ չունեմ տալու: Ընդհակառակը, ավելի շատ բան ունեմ սովորելու նրանցից, քան նրանքՙ ինձնից:
- Ես երբեք ոչ մեկին ոչ մի բան չեմ արգելել: Եթե մարդիկ ցանկանում են խոսել, թող խոսեն: Ես չեմ մտահոգվում, թե ինչ են նրանք ասում: Ավելացնեմ, սակայն, որ «հրաժեշտի շրջագայություն» արտահայտությունը լրագրողների հորինածն է: Այդպիսի բան ես չեմ ասել եւ դեկտեմբերին «Duos» սկավառակի թողարկումից հետո այս տարի պատրաստվում եմ Օտտավա, Մոնրեալ եւ Տորոնտո այցելել համերգներով:
- Սիրո մասին երգ գրելու լավագույն ձեւը սիրահարված չլինելն է: Երբ սիրահարված ես, ստիպված ես խոսել որոշակի խնդիրների մասին, իսկ երբ սիրահարված չես, անկախ նրանից, երջանիկ ես, թե ոչ, կարող ես զարկ տալ երաժշտությանդ եւ սիրային երգ գրել այնպես, ինչպես մի որեւէ հեղինակ գիրք է գրում:
- Մի որեւէ գործի մեջ չներքաշվելն ավելի կարեւոր է, քան ներքաշվելը:
- Մարդիկ շատ հաճախ չեն կարողանում մնալ իրենց երկրներում: Աֆրիկայի եւ Ասիայի շատ երկրներում մարդիկ մահանում են սովից եւ երբ այլ երկիր են տեղափոխվում, այնտեղ էլ լեզվի դժվարություններ են ունենում եւ չեն կարողանում աշխատել: Եթե ուզում ես օգնել նրանց, պետք է աշխատանք տաս նրանց:
- Միշտ ինձ համար եմ գրել, նույնիսկ եթե երգս նվիրված է եղել մի կնոջ: Չէ՞ որ վերջին հաշվով ես եմ երգելու այդ երգը:
- Շատ հաճախ հայրերն իրենց որդիների հետ չեն խոսում: Մայրերն են այդ գործով զբաղվում: Ես փորձում եմ իմ զավակների հետ զրուցել: Լսո՞ւմ են ինձ, թե՞ ոչ, չգիտեմ: Ասացիՙ փորձում եմ զրուցել:
- Կրոնը, հավատը մարդկանց պետք է: Դա բարոյագիտություն է, որի կարիքը ես չեմ զգում: Բայց դա չափազանց անհրաժեշտ է երիտասարդներին: Կյանքը փոխվել է մեր օրերում:
- Ես իմ կյանքի վախճանին եմ հասնում: Գիտակցում եմ դա: Շատ բան եմ տեսել եւ եկել եմ այն եզրակացության, որ կյանքը պետք է ապրել: Եթե ուզում եք որեւէ բան սովորել ինձնից, եկեք տեսեք ինձ բեմի վրա: Այնժամ կարող եք դատել, թե ինչն է իմ կարծիքով, լավ եւ ինչըՙ վատ:
Հ. Ծ.