Փետրվարի գեղարվեստական իրադարձությունը, անկասկած, դարձան ժամանակակից լիտվական երաժշտության երեք օրերը, որոնց գլխավոր դեմքը կոմպոզիտոր Բրոնյուս Կուտավիչյուսն էր: Երեւանի Կամերային երաժշտության տանը կայացած համերգներում հեղինակի ներկայությունը (այդ ձեւն այժմ հայտնի է որպես Composer in Resindence), ինչպես նաեւ Լիտվայի լավագույն երաժիշտների Հայաստան գալը առանձնահատուկ նշանակալիություն հաղորդեցին Վիլնյուսի երաժշտության օրերին:
«21-րդի հեռանկարներ» միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված այդ համերգներն ունեին եւս մեկ հերոսՙ արդի աշխարհում շատ հարգված թավջութակահար եւ դիրիժոր Դավիդ Գերինգասը, որը, իր երաժշտական մասնակցությունից բացի, իրականացրեց համերգների ծրագրերի ներքին հարմոնիկ ու կոնցեպտուալ կազմումը: Հետաքրքրական է, որ օրերը բացած առաջին ստեղծագործությունըՙ Օնուտե Նարբուտայտեի «Բացե՛ք մոռացության դարպասը» լարային կվարտետը, եւ օրերը եզրափակած Բրոնյուս Կուտավիչյուսի Stabat Mater («Երուսաղեմի արեւմտյան դարպասը») խմբերգային ստեղծագործությունը կազմեցին խորհրդանշական կամար...
Այսպիսով, լիտվացի երկու ականավոր երաժիշտները հայաստանցի ունկնդիրներին մատուցեցին Լիտվայի հոգեւոր մշակույթի մի մասը: Գեղարվեստական բարձր արժեքներ եւ ինտելեկտ ունեցող այդ երկիրը խնամքով պահպանում է բանահյուսությունը եւ զարգացնում երաժշտական արվեստի իդեալները: Եվ հարկ է ասել, որ հայ ունկնդիրների համար անչափ օգտակար էր լսել ազգային ուրիշ մտածողության, կոմպոզիտորական ուրիշ դպրոցի երաժշտություն, որը Երեւանում, նշված կոմպոզիտորներից բացի, ներկայացված էր Օսվալդաս Բալակաուսկասի, Անատոլիուս Շենդերովասի, Վիտաուս Լաուրուշասի անուններով:
Լիտվական դպրոցի ընդհանուր գիծը երաժշտական ներուժի բացահայտման արվեստն է, որի շնորհիվ ստեղծագործության ձեւը դառնում է կենդանի գործընթացի արտացոլումը: Մյուս ընդհանրությունը մտածողության, կոնստրուկտիվիզմի եւ մինիմալիզմի գաղափարի կարգապահությունն է, որոնք ռացիոնալ կերպով ադապտացնում են ինքնօրինակ լիտվական բանահյուսության կառուցվածքային հատկանիշները:
Երեւան եկած երաժիշտ-կատարողների խումբը լիտվացի կոմպոզիտորների գաղափարների արժանավոր իրականացնողները դարձան: Առաջին հերթին դա 1965-ին կազմավորված Վիլնյուսի նշանավոր լարային քառյակն է, որի կազմում են Աուդրոնե Վայնյունայտեն (1-ին ջութակ), Արտուրաս Շիլալեն (2-րդ ջութակ), Գիրդուտիս Յակայտիսը (ալտ), Աուգուստինաս Վասիլյաուսկասը (թավջութակ): Քառյակի գեղարվեստական վարպետությունը մեծապես նպաստել է ժամանակակից լիտվացի կոմպոզիտորների միջազգային ճանաչմանը:
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր