«Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթն արտատպել է «Թայմս» թերթի գրական հավելվածից հայտնի լրագրող Ջոն Գրեպինի հոդված-գրախոսականն այն մասին, որ Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս է տեսել Աբրահամ Տերյանի «հոյակապ թարգմանությամբ եւ մեկնաբանություններով Մակարիոս Երուսաղեմցու 335 թվին հունարեն լեզվով գրված նամակն ուղղված հայերին (Macarius of Jerusalem. Letter to the Armenians. AD 335 by Abraham Terian. Crestwood, NY: St. Vladimir՛s Seminary Press)»:
184 էջից բաղկացած գիրքը, ըստ Տերյանի, չափազանց կարեւոր է այն առումով, որ ամենավաղ փաստաթուղթն է, որտեղ ցույց է տրված քրիստոնեական նորաստեղծ եկեղեցու ջանքերը ինքն իրեն բնորոշելու եւ սահմանումներ տալու որոշ ծխակատարողական արարողություններին, ինչպիսին, օրինակՙ կնունքն է: Մակարիոսի կարծիքով կնունքը կենտրոնական տեղ է զբաղեցնում քրիստոնեական հավատքում. «Նրանք ովքեր կնքված ենՙ մեղքերի թողություն են ստանալու», գրում է նա, ավելացնելով, որ միայն եպիսկոպոսներն ու քահանաներն իրավունք ունեն կնունք իրականացնելու, ավելի ցածր պաշտոնյաներըՙ ոչ:
Թարգմանիչը հակադրվել է որոշ գիտնականների այն պնդումներին, թե «նամակը» գրված է մեկ ուրիշիՙ Մակարիոս արքեպիսկոպոս Բ-ի կողմից, նա համոզիչ մեկնաբանություններ է տվել, թե նման պարագայում «երրորդության հարցը ավելի խորը քննարկված պետք է լիներ գրքում», քանի որ Մակարիոս Բ-ն 560-70 թվերին է գործել: Նաեւ նա գրության ոճի հարցն է առաջ քաշել եւ նշել, որ դա հարիր է այդ ժամանակվա բյուզանդական հունարենին:
Հ. Ծ.