«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ՎՐԱՑԻՆԵՐԻ ՆՈՐ ԽԱՂԸ

Փաստաբանին արգելում են պաշտպանել Վահագն Չախալյանի շահերը

Նախօրեին Վահագն Չախալյանի իրավապաշտպան Ստեփան Ոսկանյանն այցելել է Թբիլիսի` ջավախահայ ակտիվիստին տեսակցելու նպատակով: Հենց կալանավայրում ոստիկանության աշխատակիցները խոչընդոտել են փաստաբանի հանդիպումը «ամբաստանյալի» հետ: Թբիլիսիի թիվ 8 կալանավայրում ավելի քան 7 ամիս Չախալյանը գտնվում է ապօրինի անազատության մեջ: Ստեփան Ոսկանյանին ոստիկանության աշխատակիցները պատասխանել են, թե 2008-ի սեպտեմբերի 5-ին տրված արտոնագիրը իրավական ուժ չունի: «Արտոնագիրը տրվում է մեկ անգամ, հետեւաբար իր իրավական ուժը չի կորցնում մինչեւ դատավարության ավարտը: Վստահ եմ, որ այս ամենը հատուկ ծրագրված է: Մի նպատակ է հետապնդում` դատավարությունն անցկացնել առանց հայ փաստաբանի: Կարծում եմՙ վրացական իշխանությունները ժամանակ չեն կորցնի ու կդիմեն բազմաթիվ անօրինականությունների: Իրավական ու տեղեկատվական շրջափակման հետեւանքով Չախալյանին առանց իրավական հիմքերի կդատապարտեն», «Ազգ»-ի հետ զրույցում ասաց Չախալյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը:

Ոսկանյանին ոստիկանությունում ասել են, թե արտոնագիրը տվել է Վրաստանի արդարադատության նախարարությունը, սակայն գերատեսչությունում 2 ամիս առաջ տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ: Փաստաբանին բացատրել են, որ մեկուսարաններն այլեւս արդարադատության նախարարության մաս չեն եւ միացել են մեկ այլ իրավական հաստատության: Միջադեպն ինքնին տարօրինակ է: Վերջերս հենց նույն «լուծարված» արդարադատության նախարարությունը մերժել էր ֆրանսահայ փաստաբան Պատրիկ Արապյանի արտոնագիրը: Ոսկանյանի տվյալ դիտարկմանը մեկուսարանում ոչինչ չեն պատասխանել: Այնուամենայնիվ մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո Ոսկանյանին թույլատրել են վերջին անգամ հանդիպել ջավախահայ ակտիվիստին:

Որպեսզի կրկին ստանձնի Չախալյանի, նրա հոր եւ եղբոր իրավապաշտպանի դերը` Ոսկանյանը պետք է միջնորդագիր ներկայացնի: Երբ աշնանը Ոսկանյանը միջնորդագիր էր ներկայացնում նույն հարցի առնչությամբ, խնդրի լուծումը ձգձգվեց ավելի քան մեկ ամիս: Ոսկանյանը վստահ է, որ այս կերպ վրացիները փորձում են ժամանակ շահելու հարցը ապօրինի լուծել: Համաձայն Վրաստանի օրենսդրության` 9-ամսյա կալանքից հետո մեղադրյալը պետք է դուրս գա բանտից ու դատավարության հետագա ընթացքին հետեւի արդեն ազատության մեջ: «Ապրիլի 21-ին լրանում է Չախալյանի կալանքում գտնվելու 9-ամսյակը: Քանի որ վրացական ոստիկանությունը ապացույցներ չունի ջավախահայ ակտիվիստի դեմ, որոշել են առանց հայ փաստաբանի մինչեւ ապրիլի վերջ գործը վճռել», մտահոգություն է հայտնում Ոսկանյանը:

Միջադեպը վկայում է, որ Չախալյանի դատավարությունը տարվում է քաղաքական հարթությամբ ու նրան դատում են քաղաքական հայացքների համար: Հարցի առնչությամբ Ոսկանյանը դիմում-նամակ է ուղարկել Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարիին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4