Թուրքիայի համար հեռանկարային այս գործին սիրահոժար լծվել են Յուտայի համալսարանն ու Ամերիկայի թուրքական կոալիցիան
Ուրբաթ օրվա համարում «Մարտի 15-ինՙ Թալեաթ փաշայի սպանության օրը, «հարգանքի տուրք» հայ ժողովրդի դահիճներին» վերնագրով հոդվածում տեղեկացրել էինք նաեւ 2007-ի մարտի 17-ին Հաագայում ստեղծված «Թուրքերի նկատմամբ իրագործված ցեղասպանությունների ուսումնասիրման» հիմնադրամիՙ TGRF-ի մասին:
Համանման մեկ այլ կազմակերպություն, «Անատոլիայում թուրքերի դեմ կիրառված կոտորածների ուսումնասիրության միություն»ՙ ATUKAD անվան տակ դեռեւս 2002-ին ստեղծվել էր Թուրքիայում: Միության հիմնադիր նախագահն է Մեհմեդ Ավջըերը: Հատկանշական է, որ այս անձնավորությունը միաժամանակ «Անատոլիայի պատմության ուսումնասիրության կենտրոն» միությանՙ ATAMER-ի նախագահն է նաեւ: Ավելինՙ ATAMER-ի հիմնադրման տարեթվի մասին տվյալներ չի հաղորդվում: Պարզապես այս կազմակերպությունը ATUKAD-ի հետ որպես պաշտոնական կայքէջ միեւնույն atukad.org.tr հասցեն է ներկայացնում:
Խնդիրը, սակայն, թուրքերի դեմ իրագործված ցեղասպանությունների կամ կոտորածների ուսումնասիրման թուրքական կառույցների ստեղծումը չէ, այլ այսպես կոչված ցեղասպանություններին ու կոտորածներին միջազգային հնչեղություն հաղորդելու թուրք-ամերիկյան նկրտումներն են: Թուրքիայի տեսանկյունից շատ շնորհակալ, ինչպես նաեւ բավականին հեռանկարային այս գործին միահամուռ ջանքերով լծվել են Յուտայի համալսարանն ու Ամերիկայի թուրքական կոալիցիանՙ TCA-ը:
Ինչպես մարտի 5-ին նշել է Նյու Յորքի Turkishny.com կայքէջը, Յուտայի համալսարանը բացել է «Արդի էթնիկ զտման արմատները: Օսմանյան կայսրության փլուզումը, Բալկաններում եւ Կովկասում ազգային պետությունների կազմավորումը» թեմայով ուսումնասիրության ծրագիր, որն իրականացվելու է Ամերիկայի թուրքական կոալիցիայի նյութական աջակցությամբ: Ծրագրի ղեկավար, պրոֆ Հաքան Յավուզը հայտարարել է, որ ուսումնասիրությունները կենտրոնանալու են Թուրքիայի նախահանրապետական շրջանի, ինչպես նաեւ Օսմանյան կայսրության Բալկաններում եւ Կովկասում վարած պատերազմների վրա, որոնց հետեւանքով պետությունը զգալի տարածքներ կորցրեց, իսկ մահմեդական բնակչությունը էթնիկ հիմունքներով ենթարկվեց կոտորածների եւ բռնագաղթի: Այդ ընթացքում Ամերիկայի թուրքական կոալիցիայի նախագահ Լինկոլն Մակքարդին ընդգծել է ծրագրի կարեւորությունը Թուրքիայի եւ շրջակա երկրների գծով մասնագետներ պատրաստելու առումով:
Նյու Յորքի թուրքական կայքէջը ծրագրին անդրադառնում է «Քննության առարկա է դառնում սպանված թուրքերի հարցը» վերնագրով եւ ծրագրի ուղղորդմանը նպաստելու համար կազմավորված խորհրդի կազմում նշում է Թուրքիայի ազգային մեծ ժողովի Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Շյուքրյու Էլեքդաղի, Թուրքիայի պետական արխիվների գլխավոր տնօրեն պրոֆ. Յուսուֆ Սարընայի եւ Անկարայի «Բիլքենթ» համալսարանի պրոֆ. Նորման Սթոնի անունները:
Հ. Չ.