«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՍՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ

Սարգսյան-Ալիեւ նոր հանդիպում. հերթականը, որ ոչինչ չի ավելացնի

Ամենայն հավանականությամբ, մոտակա ամիսներին իսկապես Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն: Որտեղ եւ երբՙ առայժմ դժվար է ասել, սակայն հստակ է, որ համանախագահները վերջին այցելության ընթացքում ունեին նաեւ ամսաթվեր, որոնք պետք էր համաձայնեցնել: Թերեւս հենց այս պատճառով էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) փետրվարի 27-ից մարտի 3-ը այցելեցին Բաքու, Լեռնային Ղարաբաղ, Երեւան եւ ապա կրկին Բաքու:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Բաքվում եւ Երեւանում հանդիպեցին ինչպես Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներին, այնպես էլ արտգործնախարարներին, իսկ Լեռնային Ղարաբաղում` հանրապետության նախագահի, նրա թիմի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մարտի 6-ի երեկոյան նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն իրենց ցանկությունն են հայտնել շարունակելու պարբերաբար հանդիպել: Համանախագահները, ըստ այդմ, ակնկալում են կազմակերպել երկու նախագահների հանդիպումը մոտակա ամիսներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների չլուծված հիմնական հարցերը քննարկելու համար»:

Հայտարարությամբ համանախագահները ողջունում են այդ հարցերի «բաց եւ անկեղծ քննարկումները Ցյուրիխում երկու նախագահների հանդիպմանը», եւ հույս են հայտնում, որ բանակցություններում կշարունակվի «առաջընթացը կողմերի միջեւ տարբերությունների հստակեցման ու նեղացման ուղղությամբ, որպեսզի խաղաղ կարգավորմանը հնարավոր լինի հասնել հնարավոր ամենամոտ ժամկետում»:

Ողջունելով կողմերի միջեւ երկխոսության շարունակումը` համանախագահներն, ըստ էության, կրկնում են մարտի 5-ին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում ընդունված հայտարարությունը 2009-ի փետրվարի 26-ին շփման գծում հրադադարի խախտման միջադեպի առնչությամբ: Ըստ այդմ, համանախագահները դատապարտում են հրադադարի խախտման միջադեպը, որը տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկի իրականացրած դիտարկման առաքելության ժամանակ: «Համանախագահները կողմերից բացատրություն են ակնկալում, թե ինչպես կարող էր հրաձգություն լինել, երբ Անջեյ Կասպրչիկին երկու կողմից էլ ներկայացվել էին անվտանգության գրավոր երաշխիքներ», նշվում է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ Մինսկի խումբը նաեւ կոչ է անում կողմերին անվերապահ պահպանել հրադադարի ռեժիմ: Հայտարարության մեջ ափսոսանք է հայտնվում, որ 2008-ին հրադադարի խախտման հետեւանքով ավելի քան 30 մարդ զոհվել ու 50-ն էլ վնասվածքներ են ստացել: «Մենք ամենայն խստությամբ դատապարտում ենք ԵԱՀԿ առաքելության մոնիտորինգի ընթացքում հրադադարի խախտումը, հատկապես հաշվի առնելով, որ երկու կողմերի զինված ուժերի ներկայացուցիչներն էլ անվտանգության գրավոր երաշխիքներ են ներկայացրել ԵԱՀԿ առաքելությանը», եզրափակում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4