«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՊԱՏԿԵՐԸ ԴՐՍԻՑ ԵՎ ՆԵՐՍԻՑ

2008-ի ամենակարեւոր քաղաքական իրադարձությունները նախագահական ընտրությունները եւ հետեւած արյունալի իրադարձություններն էին: Թվում էր, թե դրանք սթափեցնող դեր կունենան քաղաքական ուժերի համար: Սակայն քաղաքական ուժերը դասեր չքաղեցին այդ իրադարձություններից, եւ քաղաքական դաշտում բնականոն զարգացումների փոխարեն ընթացան ոչ քաղաքակիրթ գործընթացներ, որոնք անգամ արժանի չեն վերլուծության: Այս իսկ պատճառով մենք այս «լուրջ գործընթացները» գնահատելու փոխարեն մեր տեսակետը կներկայացնենք հասարակությանը հուզող հարցերի` Լեռնային Ղարաբաղի, իսկ հետագայում` քաղաքական ուժերի երկխոսության բացառման, մտավորականության պասսիվության պատճառների եւ այլնի վերաբերյալ:

Չնայած նախորդ տարվա քաղաքական բուռն իրադարձություններին, ԼՂ հարցը դուրս չմնաց քաղաքական ուժերի ուշադրությունից: Ավելին, այդ հարցը թեժ քննարկման առարկա դարձավ վրաց-հարավօսական պատերազմից ու Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո: Քննարկումները չթուլացան նաեւ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից առաջ, երբ որոշ ուժեր հայտնեցին այն տեսակետը, թե ԼՂ հարցում զիջումների գնալու պատճառով ԵԽԽՎ նստաշրջանում, չնայած քաղբանտարկյալների առկայությանը, ՀՀ-ն չզրկվեց ձայնի իրավունքից:

Սակայն, մինչ այս իրադարձությունները, նախագահը 2008-ի հուլիսին հանդիպելով ԱԱԾ աշխատակիցներին, մտահոգություն հայտնեց, որ միջազգային քարոզչապայքարում ԼՂ հարցի վերաբերյալ ՀՀ-ի հիմնավորումը զիջում է ադրբեջանականին: Իսկ ինչո՞ւ է ՀՀ` ԼՂ ինքնորոշման իրավունքի, թվում է, թե անթերի, հիմնավորումը զիջում (որոշ դեպքերում` նաեւ պարտվում) ադրբեջանական` տարածքային ամբողջականության պահպանման հիմնավորմանը: Հետաքրքրական է, ԼՂ բանակցային գործընթացն ինչպիսի՞ պատկեր (կերպար) կարող է ձեւավորել միջազգային շրջանակներում (քաղաքական գործիչների, վերլուծաբանների եւ այլոց մեջ). այսինքն` ինչպե՞ս կընկալեն նրանք ԼՂ հարցի պատկերը: Կարո՞ղ են արդյոք PR-ի մասնագետները միջազգային ատյաններում հաղթող դարձնել ԼՂ հարցի ՀՀ հիմնավորումը, առավել եւս, որ քաղաքական շատ ուժեր եւ վերլուծաբաններ ԼՂ հարցը նմանեցնում են Կոսովոյի, Աբխազիայի ու Հարավային Օսիայի հարցերին:

Եվ այսպես` ԼՂ հարցը դրսից

Փորձենք տեսնել, թե տեղի՞ն է արդյոք այդ նմանեցումը:

Նախ դիտարկենք վերոնշյալ հարցերի բանակցային գործընթացների մեթոդոլոգիան: Բանակցային այդ գործընթացներին հետեւողները, վստահ ենք, նկատել են մի կարեւոր հանգամանք. այն է` այդ սուբյեկտների իրավական կարգավիճակների շուրջն ընթացող բանակցություններին որպես բանակցող կողմ, հանդես էին գալիս ինքնորոշվողը եւ տարածքային ամբողջականության պահպանման կողմնակիցը, համապատասխանաբար` Կոսովոն, Հ. Օսիան, Աբխազիան ու Սերբիան եւ Վրաստանը: Իհարկե, ինքնորոշվող կողմերը, հանձինս Ալբանիայի եւ ՌԴ-ի ունեին իրենց շահերի կայուն պաշտպաններ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջիններս ամեն հարցում օգնել, սակայն երբեք չեն փոխարինել նրանց բանակցային գործընթացում: Ավելին, Վրաստանը բազմիցս ձգտել է բանակցային գործընթացից դուրս մղել Աբխազիային ու Հ. Օսիային եւ բանակցել ուղղակի ՌԴ-ի հետ. սակայն վերջինս գիտակցելով, որ այդ պարագայում Աբխազիայի ու Հ. Օսիայի ինքնորոշման հարցը կվերածվի ռուս-վրացական տարածքային վիճելի խնդրի, մերժեց բանակցային գործընթացի մեթոդոլոգիայի փոփոխումը, այսինքնՙ թույլ չտվեց կոնֆլիկտի պատկերի PR ընկալման փոփոխում: Ինչ վերաբերում է ԼՂ հարցի բանակցային գործընթացի մեթոդոլոգիային, ապա տարբերությունն ակնառու է. այս հարցի շուրջը, ինչպես ցույց տվեց նաեւ Մայնդորֆյան հռչակագիրը, բանակցային կողմերն են ՀՀ-ն ու ԱՀ-ն եւ ոչ թե ԼՂ-ն ու ԱՀ-ն: Վերոնշյալն այն առաջին էական առանձնահատկությունն է, որով ԼՂ հարցը տարբերվում է Կոսովոյի, Հ. Օսիայի եւ Աբխազիայի հարցերից: Ի դեպ, զուր են ՀՀ քաղաքական որոշ ուժերի քննադատություններն առ Ադրբեջան եւ միջազգային կառույցներ, որոնք, իբր, ԼՂ-ին դուրս են թողել բանակցային գործընթացից: Այդ ուժերը, կարծում ենք, հասկանում են, որ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողեց ՀՀ երկրորդ նախագահը, ով 1998-ի իշխանափոխությունից հետո չգիտակցելով ԼՂ եւ ՀՀ նախագահների քաղաքական կարգավիճակների տարբերությունը, իր ձեռքը վերցրեց բանակցային գործընթացը եւ այդ պահից սկսած էականորեն փոխեց ԼՂ հարցի բանակցային գործընթացի պատկերը, իսկ ՀՀ երրորդ նախագահը ուղղակի ամրապնդում է արդեն ձեւավորված այդ պատկերը:

Երկրորդ էական տարբերությունը, որը թույլ չի տալիս նմանեցնել վերոնշյալ հակամարտությունները, ինքնորոշվող սուբյեկտների` բանակցային գործընթացից ակնկալող արդյունքներն են. Կոսովոն, Աբխազիան ու Հ. Օսիան բանակցությունների ավարտին ակնկալում էին անկախություն` հստակ իրավական կարգավիճակ, իսկ ՀՀ-ն ցանկանում է ԼՂ-ին տեսնել ոչ Ադրբեջանի կազմում (օգտագործվում է նաեւ «ԼՂ ինքնորոշման իրավունքի պաշտպանում» արտահայտությունը): Կարծում ենք, որ այս հարցադրումն անորոշ է: Արդյոք սա ենթադրո՞ւմ է նաեւ ԼՂ-ի միացումը ՀՀ-ին: Եթե այո, ապա սա արդեն ոչ թե ինքնորոշման, այլ` տարածքային վիճելի խնդիր է: Կամ կարո՞ղ ենք արդյոք հասկանալ ԼՂ-ի եւ ԱՀ-ի միջեւ դաշնային կամ համադաշնային հարաբերությունների ձեւավորում (ժամանակին քննարկվում էր ընդհանուր պետության ստեղծման հարցը): Վերջինիս պարագայում ընդհանրապես չարժե խոսել ինքնորոշման մասին:

Այսպիսով փաստենք, որ 1998-ից բանակցային գործընթացի պատկերը (ԼՂ հարցի PR ընկալումը) էականորեն տարբերվում է Կոսովոյի, Աբխազիայի ու Հ. Օսիայի ինքնորոշման բանակցային գործընթացին բնորոշ պատկերից (PR ընկալումից):

Մեր պատմության մի էջի մասին

Մինչ օրս հայ պատմագիտության մեջ մտած է այն տեսակետը, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում. այն պահին, երբ ԼՂ-ն ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշմամբ (1921 թ. հուլիս) մտցվեց Ադրբեջանի կազմի մեջ, վերջինս իբր անկախ պետություն չէր (այս տեսակետին էր նաեւ Վ. Օսկանանը): Ինչո՞ւ առաջացավ այս թյուր տեսակետը: Ափսոսանքով պետք է նշենք, որ ՀՀ պատմագիտական միտքը, ոգեւորված ղարաբաղյան շարժման վերելքով եւ շատ դեպքերում հանիրավի քննադատելով Խորհրդային Հայաստանը, պատմության մեջ մտցրեց մի շփոթմունք` թյուր տեսակետ: Մասնավորապես, գիտական այդ միտքը 1920-ի դեկտեմբերի 2-ի իշխանափոխությունը (իշխանության փոխանցումը ՀՅԴ-ից ՀԿԿ-ին) ընկալեց որպես ՀՀ իրավական կարգավիճակի (անկախության) կորուստ: Փաստորեն, պատմագիտական միտքը շփոթեց երկու տարբեր հասկացություն` քաղաքական համակարգ եւ իրավական կարգավիճակ: Այսպիսով ստացվում է, որ երբ Հայաստանում իշխող ուժ էր ՀՅԴ-ն ու կառավարման մարմիններն էլ անվանվում էին խորհրդարան եւ նախարարների խորհուրդ, ապա երկիրն անկախ պետություն էր, իսկ երբ Հայաստանում իշխող ուժ դարձավ ՀԿԿ-ն ու կառավարման մարմիններն էլ այլ անվանում ստացան (այսինքն` տեղի ունեցավ քաղաքական համակարգի փոփոխում), ապա երկիրը դադարեց անկախ լինելուց: Ինչպես տեսնում ենք, շփոթմունքն ակնառու է: Ի դեպ, 1789 թ. ֆրանսիական հեղափոխությամբ երկրում փոխվեց քաղաքական համակարգը. երկիրը միապետությունից դարձավ հանրապետություն եւ կառավարող թագավորական դինաստիան փոխարինվեց հեղափոխական տարբեր մարմիններով: Սակայն ֆրանսիացի ոչ մի պատմաբանի մտքով չանցավ այդ փոփոխությունները կապել երկրի իրավական կարգավիճակի հետ եւ ասել, թե միապետական Ֆրանսիան անկախ երկիր էր, իսկ հանրապետականը` ոչ կամ ընդհակառակը:

Հոդվածը չծանրաբեռնելու նպատակով նշենք միայն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի անկախությունը սկսվեց սահմանափակվել միայն 1922-ի մարտի 5-ից, երբ Անդրկովկասի երեք պետությունները ստորագրեցին Անդրկովկասի Սոցիալիստական Դաշնային Խորհրդային Հանրապետությունների Միություն ստեղծելու պայմանագիրը: Այս պետությունները վերջնականապես զրկվեցին անկախությունից միայն 1922 թ. դեկտեմբերի 10-ին, երբ միավորվելով կազմավորեցին մեկ պետություն` ԱՍՖԽՀ: Այսպիսով, այն պահին, երբ ԼՂ-ն մտցվեց Ադրբեջանի կազմի մեջ, վերջինս անկախ պետություն Էր: Նրանք, ովքեր համաձայն չեն այս տեսակետին, պետք է պատասխանեն մեկ հարցի. իրավական ի՞նչ կարգավիճակ ուներ Հայաստանը 1920-ի դեկտեմբերի 2-ից մինչեւ 1922-ի դեկտեմբերի 10: Միգուցե ոմանք պնդեն, թե Հայաստանը այդ ժամանակ եղել է ՌՍՖԽՀ-ի գաղութը, ինչպես Հնդկաստանը Անգլիայի համար կամ էլ եղել է ՌՍՖԽՀ վարչատարածքային միավոր: Իհարկե, երկու դեպքում էլ պատասխանը բացասական է: Ընդունում ենք, որ ՀՀ-ում 1920-ի դեկտեմբերի 2-ի իշխանափոխությունը եղել է դրսի (ՌՍՖԽՀ) պարտադրանքով, սակայն չենք ընդունում, որ այս հանգամանքը կարող է մեկնաբանվել որպես երկրի անկախության կորուստ: Վստահ ենք, որ այսօր որեւէ մեկը չի հերքում ՄԱԿ-ի անդամ Իրաքի եւ Աֆղանստանի անկախությունը: Ի դեպ, Խորհրդային անկախ Հայաստանի իշխանությունները մինչ անկախության կորուստը (10.12.1922 թ.) այդպես էլ պաշտոնապես չբողոքարկեցին ԼՂ-ն Խորհրդային անկախ Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու որոշումը: [*]

Ինչ վերաբերում է ԼՂԻՄ-ի` ԱԽՍՀ-ի կազմից դուրս գալու հարցին, ապա, ԼՂ «ինքնորոշման պատկերի» PR ընկալումը հստակեցնելու համար անհրաժեշտ է պատասխանել մի քանի հարցերի, մասնավորապես. 1) որքանո՞վ էր լեգիտիմ ԼՂ անկախության հանրաքվեն կազմակերպած ԼՂ իշխանական մարմինը: Ինչպես գիտենք, ԽՍՀՄ կազմում գտնվող ժողովուրդների ներկայացուցչական (օրենսդիր) մարմինները խորհուրդներն էին (շրջանային, մարզային, քաղաքային եւ այլն), իսկ գործադիր իշխանությունները` խորհուրդների գործադիր կոմիտեները: Ղարաբաղյան շարժման սկսվելուց որոշ ժամանակ անց, ինչպես գիտենք, լուծարվեց ԼՂԻՄ բնակչության ներկայացուցչական մարմինը` մարզխորհուրդը, բնականաբար նաեւ` մարզգործկոմը, 2) որքանո՞վ էր ԼՂ-ի` ԱՀ-ի կազմից դուրս գալու գործընթացը համապատասխանում ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու մասին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 1989 ընդունված օրենքին: Կան նաեւ հստակություն պահանջող այլ հարցեր: ԼՂ «ինքնորոշման պատկերի» PR ճիշտ ընկալման համար, մեր կարծիքով, անհրաժեշտ է, որ ՀՀ պատմաիրավագիտական միտքը օբյեկտիվ վերլուծության ենթարկի մեր ոչ վաղ անցյալի պատմության էջերը եւ հստակեցնի ԼՂ ինքնորոշման վերոնշյալ հարցերը:

Այսպիսվ փաստենք, որ ԼՂ հարցի վերաբերյալ ՀՀ հիմնավորումը, մեղմ ասած, ամբողջական չէ եւ PR-ի ոչ մի մասնագետ, որքան էլ մտահոգվի Սերժ Սարգսյանը, մեր կարծիքով, դժվար թե կարողանա միջազգային ատյաններում հաղթող դարձնել ԼՂ հարցի` ՀՀ հիմնավորումը: Որքան էլ մեզ համար անցանկալի լինի, ԼՂ բանակցային գործընթացի պատկերը նման է տարածքային վիճելի հարցերի (Էլզաս եւ Լոթարինգիա (Ֆրանսիա եւ Գերմանիա), Ջամու ու Քաշմիր (Հնդկաստան ու Պակիստան) եւ այլն) բանակցային գործընթացի պատկերին (PR ընկալմանը):

ԼՂ հարցը ներսից

Անդրադառնանք այն հարցին, թե տեղի՞ն էին արդյոք քաղաքական եւ լրատվական դաշտում եղած այն պնդումները, թե ԼՂ հարցում զիջումների գնալու պատճառով ԵԽԽՎ նստաշրջանում, չնայած քաղբանտարկյալների առկայությանը, ՀՀ-ն չզրկվեց ձայնի իրավունքից: Այսպես մտածողներին ուզում եմ հարցնելՙ մի՞թե ժողովրդավարության (քաղբանտարկյալների ազատ արձակման) եւ ղարաբաղյան հարցերը հավասար արժեք ունեն. արդյոք ԼՂ հարցի կշիռը (PR ընկալումը) այսօր 1988-ի չա՞փ է: Հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է համառոտ ներկայացնել 1988-ի եւ մերօրյա Հայաստանի պայմաններն ու քաղաքական կուլտուրայի այնօրվա եւ այսօրվա պատկերացումները (ի դեպ, մշտապես ասվում է քաղաքական մշակույթ, որը սխալ է, սակայն քաղաքական տերմինաբանությանը կանդրադառնանք մեկ այլ հոդվածում): Բերենք վերոնշյալի մի քանի համառոտ համեմատություններ. 1) մինչ ղարաբաղյան շարժումը Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը շատ ավելի բարվոք էր, քան այսօր, սոցիալական մերօրյա բեւեռացումը չկար, գործազրկության խնդիր չկար: Չկար նաեւ շրջափակում: Վերոնշյալ պայմանները սկսեցին վատանալ շարժման հետեւանքով, 2) 1988 թ. ոտքի ելած ժողովուրդը, որքան էլ ոմանք այսօր մերժեն, ՀԽՍՀ-ում ստացել էր ազգային դաստիարակություն, ինչն այսօր, նոր սերնդի համար երեւի թե դժվար է պնդել, 3) 1988 թ. իշխանությունները այնօրյա ընդդիմության հանրահավաքներին այսօրվա իշխանությունների «խիստ հանդուրժողականությունը» չէին ցուցաբերում եւ ընդդիմության (ոչ միայն) կողմնակիցներին քաղաքական զրույցների նպատակով ոստիկանություն չէին «հրավիրում» (խորհրդահայ միլիցիան իրեն այս աստիճան չէր հեղինակազրկում), 4) ղարաբաղյան շարժմանը նախորդած ժամանակահատվածում ՀԽՍՀ բնակչությունը չէր «ճաշակել» անկախության տարիների իշխանավորների կառավարման «հաճույքը», 5) 1988 թ. ՀԽՍՀ բնակչության ինտելեկտուալ մակարդակը որակապես գերազանցում էր այսօրվա մակարդակին (չմոռանանք մոտ 1 մլն մարդու արտագաղթը): Անհրաժեշտության դեպքում կարելի է բերել բազմաթիվ փաստարկներՙ մատնանշելու համար մի կարեւոր հանգամանք. 1988 թ. ՀԽՍՀ բնակչությունը իր մեջ կրում էր եվրոպական քաղաքական կուլտուրայի արժեքներ, իսկ այսօր մենք, կարելի է ասել, արդեն փոխել ենք մեր քաղաքական կուլտուրան:

Այսպիսով փաստենք, որ 1988 եւ 2009 թթ. ընթացքում պայմանների ու քաղաքական կուլտուրայի էական փոփոխություն է տեղի ունեցել, ինչն էլ իր ազդեցությունն է թողել ՀՀ ազգաբնակչության կողմից ԼՂ հարցի PR ընկալման վրա: Ցանկալի է, թե ոչ, սակայն վերոնշյալ համեմատությունների արդյունքում այսօրվա բացասական կողմերը նույնականացվում են ԼՂ պատկերին (կերպարի PR ընկալմանը): Վերոնշյալի պատճառով էր նաեւ, որ Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո ՀԱԿ-ը հանրահավաքներ չանցկացրեց, քանզի Լ. Տեր-Պետրոսյանը, լինելով փորձառու գործիչ, հասկացավ, որ այսօր ԼՂ հարցը 1988 թ. կշիռը չունի եւ 100 հազարավոր մարդկանց այլեւս փողոց դուրս չի բերի:

  Որպես վերջաբան : Հայ ժողովուրդը անկախանալով, մեր կարծիքով, ձգտում էր հասնել 3 խնդրի` Հայ դատի լուծմանը, ԼՂ հարցի կարգավորմանը եւ ժողովրդավարության հաստատմանը: Առաջինը վերածվեց սոսկ PR-ի (տես «Ազգ», 08.10.2008), երկրորդի PR ընկալումը ավելի ու ավելի անցանկալի է դառնում, իսկ ժողովրդավարության հարցը ...

Առայժմ այսքանը:

ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆ

(*) Սխալ է հոդվածագրի այս պնդումը. միայն 1923 թ. հուլիսի 7-ին է կազմվել ԼՂԻՄ-ը, այն էլՙ կիսատ-պռատ: Մինչ այդ ԼՂ-ն ունեցել է անորոշ կարգավիճակՙ մեծամասամբ որպես վիճելի տարածք: Ինչ վերաբերում է Խ. Հայաստանի կողմից բողոքարկմանը, Ղարաբաղի երկրամասի բնակչությունը ինքն է բողոքարկել բոլշեւիկյան ադրբեջանի նկրտումները, իսկ 1921 թ. հուլիսի 4-ին քվեարկությամբ վճռվել է ԼՂ-ն ՀԽՍՀ-ին վերադարձնելու հարցը, եւ միայն Ստալինի ճնշմամբ հուլիսի 4-ին թողնվել է Ադրբեջանի կազմումՙ սակայն ոչ իբրեւ վարչական միավոր: Խմբ.:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4