Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած զեկույցի համաձայն զբոսաշրջության բնագավառում մրցունակության ցուցիչով Հայաստանը 133 երկրների ցանկում զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը` նախորդ տարվա 89-րդի փոխարեն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: ԱՊՀ մյուս երկրները` բացի Տաջիկստանից, Ղրղզստանից, Մոլդովայից ու Ղազախստանից, Հայաստանից ավելի բարձր դիրքերում են: Սահմանակից հարեւանները` Ադրբեջանն ու Վրաստանը մեզ գերազանցում են 15 եւ 18 միավորով: Ադրբեջանը 76-րդ հորիզոնականում է, Վրաստանը` 73-րդ: Ռուսաստանն այս տարի զբաղեցրել է 59-րդ տեղը: Փորձագետները ամենացածրը գնահատել են Հայաստանի էկոլոգիական վիճակը: Գոհացնող չեն օդային եւ ցամաքային տրանսպորտի ծառայությունների որակը, զբոսաշրջիկների համար ինտերնետի մատչելիությունը: Ըստ զեկույցի, զբոսաշրջիկները չեն վստահում մեր երկրի իրավապահ համակարգին, ոստիկանությանը, չնայած Հայաստանը դասվել է անվտանգ եւ ապահով երկրների շարքը: Միաժամանակ կարելի է եզրակացնել, որ Հայաստանը զբոսաշրջության համար «բաց երկիր է», այս ցուցանիշով երկիրը զբաղեցնում է 46-րդ տեղը: Նշվում է, որ այստեղ զբոսաշրջիկների սպասարկման գները համեմատաբար մատչելի են, առողջապահական ծառայությունների աշխատանքը բավարար է, ցածր է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով վարակվելու վտանգը: