Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ առաջնության ավարտից հետո Երեւանի «Արարատից» հեռացել էին թիմի բրազիլացի ֆուտբոլիստները: Եվ ահա նրանց փոխարեն թիմում հայտնվել են նոր լեգեոնականներ, որոնք հաջող փորձաշրջան անցան «Արարատում» Ուռեկիում անցկացված ուսումնամարզական հավաքի ընթացքում:
Նոր մրցաշրջանում «Արարատում» հանդես կգան 28-ամյա Գեորգի Կրասովսկին, 19-ամյա ֆուտբոլիստներ Բիձինա Ցինցաձեն եւ Գեորգի Մալավիձեն: Նրանք պաշտպանական գծի խաղացողներ են եւ արդեն 2 տարվա պայմանագիր են կնքել «Արարատի» հետ: Կրասովսկին ժամանակին հանդես է եկել Վրաստանի «Կոլխեթի», Սիմֆերոպոլի «Տավրիա», Ուզբեկստանի «Անդիջան» եւ Ադրբեջանի «Գիլան» թիմերում: Ցինցաձեն ու Մալավիձեն Թբիլիսիի «Օլիմպիից» են: Իհարկե, լավ է, որ «Արարատի» ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում թիմի կազմը համալրելու համար, մանավանդ որ թիմից հեռացել են պաշտպաններ Հրայր Մկոյանն ու Վահագն Մինասյանը: Սակայն, եթե պետք է լեգեոնականներ հրավիրվեին, ի՞նչ իմաստ ուներ հրաժարվելու բրազիլացիներից, որոնք «Արարատի» առանցքային ֆուտբոլիստներից էին: Չենք կարծում, թե նոր լեգեոնականներին տրվելիք աշխատավարձը զգալիորեն կզիջի բրազիլացիների վաստակին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ