«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Բացառությամբ Ոսկերչյանի` մյուս ամբաստանյալները 10 օր իրավունք չունեն դատարանի դահլիճ մտնելու

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում շարունակվեց «7-ի գործով» դատավարությունը: Վեց ամբաստանյալները կրկին կանգնած դիմավորեցին նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի մուտքը: Այս անգամ դատարան չէր ներկայացել Շանթ Հարությունյանը: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ուղարկած գրության համաձայն, մարտի 5-ից Հարությունյանը դրսեւորել է ագրեսիվ վարքագիծ: Վերջինս մի քանի օր հրաժարվում է քնել եւ սնունդ ընդունել: ՔՀ-ում ամբաստանյալի վիճակը գնահատում են կրիտիկական: Հարությունյանի վարքագիծը պայմանավորում են հոգեկան խանգարմամբ, հաշվի առնելով նաեւ, որ ամբաստանյալն անընդհատ հայտարարում է, թե ռուսական դաշնային ծառայության ներկայացուցիչները փորձում են իրեն թունավորել: Շանթ Հարությունյանին վերջին մի քանի օրվա ընթացքում այցելել են հոգեբույժը, մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն ամբաստանյալը հրաժարվել է հանդիպել նրանց հետ: «Շանթ Հարությունյանը հոգեբանի, հոգեբույժի կարիք չի զգում: Միջնորդություն ենք ներկայացնում, որ նա համապատասխան հիվանդանոցում ստացիոնար բուժում ստանա` իր հարազատների ու ընտանիքի անդամների ներկայությամբ», հայտարարությամբ ներկայացավ Սուրեն Սիրունյանը: Դատավորը հարցը քննելու նպատակով հեռացավ խորհրդակցական սենյակ` հայտարարելով 20 րոպե ընդմիջում: 20 րոպե անց դատավորի փոխարեն դահլիճ մտավ քարտուղարն ու ասաց, որ դատը հետաձգվում է եւս 30 րոպեով: Ընդմիջումից հետո Մարտիրոսյանը` հաշվի առնելով Հարությունյանի հոգեկան վիճակը, որոշեց ժամանակավորապես կասեցնել գործի վարույթը նրա նկատմամբ: Նախագահող դատավորը նաեւ որոշեց նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն` ստացիոնար փորձագետների մասնակցությամբ:

Այնուհետեւ կրկին սկսվեց ինքնաբացարկների հարցը: Դատավորի` «Ինքնաբացարկի միջնորդություն ունե՞ք» հարցին Գրիգոր Ոսկերչյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ դեկտեմբերի 23-ի նիստը կայացել է 40 րոպե ուշացումով` Ոսկերչյանի նկատմամբ կիրառված բռնարարքի պատճառով: «Հայտարարեցիք, թե դատավարությունն ուշանում է Ոսկերչյանի վատ ինքնազգացողության պատճառով: Դատական նիստը հայտարարեցիք փակված: Սակայն դա միտումնավոր քողարկված էր: Ոսկերչյանին զրկեցիք հայտարարություն անելու իրավունքից: Ողջամիտ կասկած է հարուցում ձեր անկողմնակալությունը: Ուստի ինքնաբացարկի առաջարկություն եմ անում»: Ինքնաբացարկի միջնորդությանը միացան ամբաստանյալներն ու իրավապաշտպանները: Դատախազ Կորյուն Փիլոյանն էլ ասաց, որ պաշտպանության նպատակը մեկն է` անհիմն միջնորդությամբ գործի քննությունը ձգձգել: Հետեւաբար ինքնաբացարկի պատճառ չկա: Հայտարարվեց կեսժամյա ընդմիջում, որից հետո Մարտիրոսյանը մերժեց Ոսկանյանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Այնուհետեւ ՀՀ նախկին արտգործնախարարի իրավապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը անդրադարձավ Շանթ Հարությունյանի նկատմամբ դատավորի որոշած փորձաքննությանն ու գործի վարույթի կասեցմանը: Վերջինս նկատեց, որ դատավորին չի հետաքրքրում դատավարության մասնակիցների կարծիքները եւ կրկին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Մարտիրոսյանն էլ նկատեց, որ միեւնույն հիմքով ինքնաբացարկի միջնորդություն չի կարելի ներկայացնել մի քանի անգամ: Այնուհետեւ ինքնաբացարկ ներկայացրեց Ալեքսանդր Արզումանյանը: Սակայն Մարտիրոսյանը տվյալ միջնորդությունն էլ քննարկման առարկա չդարձրեց: Հետո Գրիգոր Ոսկերչյանը ինքնաբացարկի միջնորդության համար դատավորից պահանջեց երկու օր: Սակայն Մարտիրոսյանը հայտարարեց մեկժամյա ընդմիջում, որից հետո պատրաստակամություն հայտնեց Ոսկերչյանի միջնորդությունը լսելու: Վերջինիս միջնորդությունն էլ մերժվեց ու մարտի մեկին զոհված Գոռ Քլոյանի հայրը ներկայացավ թվով 5-րդ միջնորդությամբ ու կրկին ինքնաբացարկ հայտնեց դատավորին: Մասնավորապես Քլոյանը նշեց, որ իր ներկայացուցչին չեն թողնում մտնել դատարանի դահլիճ: «Հետեւաբար դուք ինձ զրկում եք փաստաբան ունենալու հնարավորությունից: Բացի այդ, թույլ չեք տալիս հայտարարություններ կատարել», ասաց Քլոյանը: Վերջինս նշեց, որ իր որդին մահացել է «Չերյոմուխա 7» զենքի կրակոցից, որը մարտի 1-ին օգտագործել են 4 ոստիկաններ: Քլոյանը զարմանում է, որ թեպետ մեղադրյալների շրջանակը սահմանափակ է, սակայն համապատասխան մարմինները չեն կարողանում պարզել, թե ով է կրակել իր որդու վրա: Քլոյանը նաեւ հավելեց, որ ինքը չի հավատում դատավոր Մարտիրոսյանին, հետեւաբար հայտարարեց ինքնաբացարկ: Սակայն մեղադրող կողմը Քլոյանի ներկայացրած միջնորդությունը համարեց անհեթեթություն: Մարտիրոսյանը հայտարարեց մեկժամյա ընդմիջում, որից հետո մերժեց նաեւ Քլոյանի ինքնաբացարկի միջնորդությունը: Այնուհետեւ մեղադրողներից մեկը հայտարարեց, որ թեեւ Քլոյանի ներկայացուցիչն իր կողքին չէ, բայց նման միջնորդություն ներկայացնելու համար լավ խորհրդատվություն է ստացել: Արտահայտությունն առաջացրեց ամբաստանյալների զայրույթը, որոնք, բացառությամբ Գրիգոր Ոսկերչյանի, վիրավորանքներ հնչեցրին դատավորի հասցեին: Մարտիրոսյանն էլ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար 10 օրով հեռացրեց նրանց դատարանի դահլիճից: Դատական նիստը հետաձգվեց:

Այն կշարունակվի այսօր` ժամը 12-ին:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4