Մարտի 6-ի ուշ երեկոյան «անակնկալ» կայացած դատավարությամբ Ախալցխայի հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության ղեկավար Սերգեյ Հակոբջանյանն ազատ են արձակվել` մեկ տարի պայմանական ժամկետով: Նրանք մեղադրվում էին անօրինական զինված խմբավորումների ստեղծման կամ ղեկավարման (Վրաստանի քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մաս) եւ լրտեսության (314 հոդվածի առաջին մաս) մեջ:
Հավանական է համարվում նաեւ, որ «մեղադրյալների» հանդեպ 2000-ական լարի (մոտ 1250 դոլար) գրավի դիմաց փոխվել է կասեցման միջոցը, որ նախապես ընտրվել էր կալանքը, մինչդեռ նրանց նկատմամբ գործի վարույթը շարունակվում է: Նշենք, սակայն, որ BAGIN լրատվական գործակալության տեղեկացմամբ, Գրիգոր Մինասյանի ու Սերգեյ Հակոբջանյանի դեմ առաջադրված մեղադրանքները` ապօրինի զինված խմբավորումների ստեղծում կամ ղեկավարում եւ լրտեսություն, նախատեսում են 10 տարվա ազատազրկում, նշված հոդվածները բացառում են ազատազրկման պայմանական ժամկետի կիրառումը:
Ուրեմն եւ դժվար է հասկանալ, թե ինչն է այսպիսի իրավիճակի հիմնական պատճառը կամ հիմքը դարձել: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել էին Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին: Դրան հետեւեցին Վրաստանի մի շարք պաշտոնյաների հայտարարությունները, թե Գրիգոր Մինասյանին ու Սերգեյ Հակոբջանյանին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են, եւ որ նրանք «խճճում են գործը, կատարում են մեկ այլ պետության պատվեր, քողարկվելով ոչ կառավարական կազմակերպության անվան տակ»: Թեեւ բացեիբաց չի նշվում, բայց հայերին առնչվող գործերում «լրտեսության» մեղադրանքներն ածանցվում են ռուսաստանյան հովերից, որ ոչ մի պարագայում ապացույց չեն ունեցել: Տարօրինակ չէ, որ Վրաստանի նախագահն անգամ Հայաստանի տնտեսության առնչությամբ իր գնահատականում վերջին օրերին դրամ-դոլարային պատճառ է տեսնում Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը:
Վրաստանի հայկական կազմակերպություններն իրենց գոհունակությունն են հայտնել, որ հայ երիտասարդները վերադարձել են իրենց հարազատների մոտ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ