«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#39, 2009-03-06 | #40, 2009-03-07 | #41, 2009-03-10


ԱՄՆ-ՈՒՄ 22 ՏԱՐՎԱ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԶԻՆԱՎԱՃԱՌԻՆ

Նախկին հայաստանցի Արթուր Սողոմոնյանը Նյու Յորքում 22 տարվա բանտարկության է դատապարտվել ԱՄՆ-ում զենքի մաքսանենգության փորձի համար, հաղորդում է Ռոյթեր գործակալությունը:

30-ամյա տարագիր հայը 2003-ին կապ էր հաստատել ՀԴԲ մի իրազեկիչի հետ, խոստանալով ինքնաձիգ եւ այլ զինատեսակներ, որոնք հետագայում հասցրել էր ԱՄՆ: Սողոմոնյանն իր հարավաֆրիկացի հանցակից Քրիստիան Դյուխտ Սփայսի հետ մտադրվել էր վաճառել նաեւ մի քանի հակազենիթային հրթիռահամալիր, հակատանկային հրթիռներ, նռնականետներ եւ խորհրդային այլ զինատեսակներ:

Ասոշիեյթեդ պրես գործակալությունը նշում է, որ իրազեկիչի զեկույցները զբաղեցնում են հարյուրավոր էջեր: Սողոմոնյանը, Սփայսը եւ հանցախմբի 4 այլ անդամներ ձերբակալվեցին 2005-ին, իսկ 2007-ին մեղավոր ճանաչվեցին զենքի մաքսանենգության եւ մաքսանենգային գործարքի մեջ: Հանցախմբի երկրորդ պարագլխիՙ Սփայսի դատավճիռը կայացվելու է ավելի ուշ:

Դատարանում Սողոմոնյանն ասել է, որ զենքի մաքսանենգությամբ զբաղվել է այն պատճառով, որ իրազեկիչն իրեն խոստացել էր ԱՄՆ-ում կեցության եւ աշխատանքի իրավունք տվող «գրին քարտ» ապահովել: Նախկին հայաստանցին նաեւ ասել է, որ ինքը երազել է ստանալ Նոբելյան մրցանակ, բայց երեւի «չափազանց ինքնավստահ» է եղել:

Ռոյթեր գործակալության տվյալներով, Սողոմոնյանի խմբում ընդգրկված էին երեք վրացի եւ մեկ ուկրաինացի:

2005-ին ԶԼՄ-ները հաղորդել էին, թե հրազենից բացի, իրազեկիչին փոխանցվել է նաեւ նախկին ԽՍՀՄ-ից բերված հարստացված ուրան: Սակայն մեղադրանքի վերջնական տարբերակում խոսք չկա «միջուկային մաքսանենգության» մասին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4