« Ազգն » անցած շաբաթ իր հրապարակումներից մեկում նշել էր, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակում կատարած չորս անձինք հայտնաբերվել են: Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական միջոցառումներով բացահայտվել ու կասեցվել է 2008-ի հոկտեմբերի 26-ին վերը նշված ավազակային հարձակում կատարած հանցավոր խմբի գործունեությունը: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության հարուցած ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակության) շրջանակներում կալանավորվել է 10 անձ, այդ թվումՙ ավազակային հարձակման անմիջական մասնակիցներն ու օժանդակողները: Իսկ մարտի 7-ին անվտանգության մարմինները ձերբակալել են հանցավոր խմբի ղեկավարին ու պատվիրատուին, որը ֆինանսավորել եւ ուղղորդել է նրանց գործողությունները:
Բացահայտվել են նաեւ նույն հանցավոր խմբի իրականացրած մի շարք այլ հանցագործություններ, այդ թվումՙ 2007-ի նոյեմբերի 29-ին Երեւանի Մ. Խորենացի 24 հասցեում գտնվող «Վաղարշ եւ որդիներ» ոսկու տոնավաճառում կատարված կողոպուտը, երբ պատճառվել էր 400.000 ԱՄՆ դոլարին համարժեք վնաս, 2009-ի հունվարի 28-ին գրավատան տնօրենի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը:
Ըստ շրջանառվող լուրերի, հանցավոր խմբի ղեկավարն ու պատվիրատուն, օժանդակողը եղել են Ավան համայնքի նախկին փոխոստիկանապետ Նիկողոսյանը եւ ոմն Բագրատ Սողոմոնյան:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ