Քանի դեռ չի հերքվել ցեղասպանության փաստը, ԱՄՆ-ի օրակարգում կմնա ճանաչման հարցը
Նախագահ Բարաք Օբամայի առաջիկա մեկ ամսում Թուրքիա այցելելու ծրագիրը մարտի 7-ին Անկարայում հրապարակել էր պետքարտուղար Քլինթոնը: Դա լայն արձագանք գտավ ինչպես Թուրքիայում, այնպես էլ տարածաշրջանում, իսլամական աշխարհում, Եվրոպայում եւ ողջ Արեւմուտքում: Այցին տարբեր երկրներում տալիս են տարաբնույթ մեկնաբանություններ: Սակայն, անկախ դրանց բնույթից, ԱՄՆ նախագահի պաշտոնակալության առաջին իսկ ամիսներին Թուրքիա այցելելու պատրաստակամությունն աննախադեպ երեւույթ է թուրք-ամերիկյան հարաբերությունների պատմության մեջ:
Սա կարեւոր հանգամանք է Անկարայի համար: Ավելի քան կարեւոր է այն, որ նախագահ Օբամայի այցը կկատարվի ապրիլի 6-ինՙ նախքան Մեծ եղեռնի զոհերի հիշատակման օրը: Թեեւ նախագահ Բուշի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած տարաձայնությունները վերաճել են հակասությունների, եւ պաշտոնական Վաշինգտոնը հրապարակավ բազմիցս կասկածի տակ է դրել Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության նպատակահարմարությունը, այնուամենայնիվ, Անկարան Օբամայի այցին գերադասում է մոտենալ ԱՄՆ նախագահի ապրիլի 24-ի ամենամյա ուղերձի տեսանկյունից եւ առանցքային նշանակությունը տալիս է հենց այդ ուղերձին, որ չարտասանի ցեղասպանություն բառը:
Այսպիսի մոտեցմամբ երկրորդ պլան են մղվում թուրք-ամերիկյան հակասությունները, կոնֆլիկտային հավելյալ պաշարի ստեղծման անխուսափելի հետեւանքով, ինչպես նաեւ մոռացության են տրվում տարածաշրջանային այնպիսի կարեւոր խնդիրներ, ինչպիսիք են Սիրիայի եւ Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնց բարելավումը տարածաշրջանում կստեղծեր լարվածության թուլացման նախադրյալներ:
Հատկանշական է, որ Օբամայի այցը Հայոց ցեղասպանության տեսանկյունից գնահատելու Անկարայի մոտեցումը յուրացրել են նաեւ թուրքական մամուլն ու թուրք վերլուծաբանները: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ «Միլլիեթի» մեկնաբան Սեմիհ Իդիզի վերլուծականին, որտեղ նա ասում է. «Առաջիկա մեկ ամիսը խիստ ճակատագրական է լինելու, Օբամայի այցը կարող է անուղղակի ազդակ լինել ապրիլին Հայկական հարցի առնչությամբ սպասվող բացասական զարգացումների առումով»:
Իդիզին լրացնում է «Բրուքինգ» ինստիտուտի Թուրքիայի փորձագետ Օմեր Թաշփընարը. «Օբաման որոշեց Թուրքիա մեկնել Եվրոպա նախատեսվող շրջայցի շրջանակում: Նրա վարչակարգն ակնկալիքներ ունի Թուրքիայից, հատկապես Աֆղանստանի հարցում: Ըստ երեւույթին աջակցություն է խնդրելու: Հավանաբար ԱՄՆ-ն Թուրքիայի աջակցությանը կդիմի Սիրիա-Իսրայել բանակցությունների հարցում: Ամեն տարի, ապրիլի 24-ին Սպիտակ տունն ուղերձ է հրապարակում: Չափազանց կարեւոր է լինելու դրա բովանդակությունը: Չի բացառվում, որ այդ հարցում Օբաման ժամանակ տա Թուրքիային: Նրա այցը Հայկական հարցի առումով կարող է դրական քայլ դառնալ»:
Թուրքիայի նախկին արտգործնախարար Իլթեր Թուրքմենն անդրադառնալով Օբամայի նախատեսվող այցին, կարծիք է հայտնում, որ Աֆղանստանի հարցն անհամեմատ կարեւոր է, քան Իրաքի եւ Հայաստանի խնդիրները, իսկ «Միլլիեթի» մեկ այլ մեկնաբան Քադրի Գյուրսելն ավելացնում է. «Օբամայի այցը դրական է լինելու մի շարք առումներով: Այս այցը կարելի է համարել ապրիլի 24-ին ցեղասպանություն բառի օգտագործումից խուսափելու Օբամայի երաշխիքը»:
Հիրավի Աֆղանստանում թալիբների դիմադրությունը ճնշելու համար Օբաման ամերիկյան զորքերը համալրելուց զատ դաշնակից երկրների զորքերիՙ թուրքականը ներառյալ, համալրման կարիք ունի: Ավելին, Իրաքից ամերիկյան զորքերի անխափան դուրսբերումը նույնպես կախված է դուրսբերմանն աջակցելու, այսինքնՙ Մերսինի նավահանգիստն ամերիկացիներին տրամադրելու Թուրքիայի պատրաստակամությունից: Թեեւ ամերիկյան զորքերը կարելի է դուրս բերել նաեւ Պարսից ծոցով, սակայն այդ դեպքում ռազմանավերը ստիպված կլինեն շրջանցել ողջ Արաբական թերակղզին, ճանապարհը կերկարի, դրանից բացի դուրսբերման այլընտրանքային ուղի ամերիկացիները չեն ունենա: Ընդ որում, խնդիրը սոսկ ամերիկյան բանակի անձնակազմը չէ, այլ զենք ու զինամթերքը, որի մի մասը տարածքն օգտագործելու դիմաց կարելի է զիջել Թուրքիային:
Այլ կերպՙ ամենեւին էլ պարտադիր չէ, որ Օբամայի բանակցություններն ընթանան հենց Հայոց ցեղասպանության շուրջը: Ավելինՙ չի բացառվում, որ Ստամբուլում նախագահ Օբաման շոշափի Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում ճանաչելու հավանականությունը, կամ էլ հարցը սակարկի եւ որոշի ապրիլի 24-ին չարտասանել ցեղասպանություն բառը: Նախորդ նախագահները չեն արտասանել, սակայն առանց ցեղասպանություն բառն արտասանելու նրանք 1915-ի իրադարձությունները որակել են ցեղասպանություն, տալով դրանց ՄԱԿ-ի համանուն կոնվենցիային համապատասխան սահմանում:
Այսինքնՙ ցեղասպանություն բառից խուսափելը Թուրքիայի համար իրերի դրությունը չի փոխում, ընդամենը ճանաչումն է հետաձգում, քանի որ անկախ Մեծ եղեռնի նկատմամբ որդեգրած դիրքորոշումից, Հայոց ցեղասպանության փաստը ո՛չ ԱՄՆ նախագահներն են հերքել, ո՛չ պետքարտուղարությունը, ո՛չ էլՙ Կոնգրեսը: Քանի դեռ փաստը չի հերքվել, ԱՄՆ-ի օրակարգում կմնան ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունները եւ այդ հարցը կշարունակի պահպանել իր դերն ու նշանակությունը թուրք-ամերիկյան հարաբերություններում:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ