«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԱՅԼ ՊԱՇՏՈ՞Ն ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ

Հարեւանների հետ հարաբերություններում թանձրություն է նկատվում

Արդեն որոշ ժամանակ Հայաստանում չէ Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն: Տարբեր մեկնաբանություններ ու կարծիքներ են հնչում այդ առնչությամբ, ավելի հավանական համարելով այն տարբերակը, որ Վրաստանը Հայաստանից հետ է կանչել իր դեսպանին: Բնականաբար, դեսպանին հետ կանչելու համար պետք է շատ հիմնավոր պատճառներ լինեն, որոնք սովորաբար կապված են լինում դեսպանության երկրի հարաբերությունների հետ:

Ամեն դեպքում, հաշվի առնելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վերջերս կատարած այն հայտարարությունը, թե Հայաստանը ճգնաժամային վիճակում է Ռուսաստանից կախվածության պատճառով, թերեւս կարելի է ենթադրել, որ Վրաստանում հակահայկական տրամադրությունները հասել են միջպետական հարաբերություններում արտահայտելու մակարդակին:

  «Ազգի» տեղեկություններով, սակայն, դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեին հետ են կանչել Վրաստան մեկ այլ պաշտոնի նշանակելու համար, քանի որ հարեւան երկրում կադրային լուրջ պակաս է զգացվում: Ամեն դեպքում, արդեն մոտ մեկ շաբաթ Վրաստանի դեսպանը այստեղ չէ, ու այդ ընթացքում որեւէ կերպ եւ ոչ մի բացատրություն չի տրվել, ուրեմն եւ չպետք է հարցը դիտել միջպետական հարթությունում:

Բայց եթե Վրաստանը որեւէ խնդիր ունի Հայաստանի հետ, որ «ոչ կոռեկտ» հայտարարությունների տեսքով արտահայտում է Վրաստանի նախագահը եւ դեսպանն էլ հետ է կանչվում, ուրեմն, ցավոք, բայց գոնե այս պարագայում կարելի է ասել, որ հայ-վրացական հարաբերություններում ինչ-որ բան, այնուամենայնիվ, տեղի է ունենում:

Միեւնույն ժամանակ, հետաքրքրական է, որ գուցե ամենայն պատահականությամբ կամ զուգադիպությամբ հենց Հայաստանում Վրաստանի դեսպանի հետկանչվելու օրերին «անակնկալ» կայացած դատավարությամբ ազատ են արձակվում Ախալցխայի Հայ երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանն ու «Շառլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության ղեկավար Սերգեյ Հակոբջանյանը` մեկ տարի պայմանական ժամկետով:

Նրանք մեղադրվում էին անօրինական զինված խմբավորումների ստեղծման կամ ղեկավարման (Վրաստանի քրեական օրենսգրքի 223 հոդվածի առաջին մաս) եւ լրտեսության (314 հոդվածի առաջին մաս) մեջ: Դրանք բնավ էլ թեթեւ մեղադրանքներ չեն, եթե հաշվի առնենք, որ դրանցով մինչեւ 10 տարի ազատազրկում է նախատեսվում: Սերգեյ Հակոբջանյանն ու Գրիգոր Մինասյանը Թբիլիսիից Ախալցխա են մեկնել մարտի 6-ի գիշերը վրացի իրավապահների ուղեկցությամբ: Գրիգոր Մինասյանը կիրակի օրը այցելել է Ախալցխայի միակ գործող հայկական եկեղեցի` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ:

Այն, ինչ իրենց ազատումից հետո Գրիգոր Մինասյանը հայտարարել է «Ռադիոլուրին», ավելի շատ հարցեր է ծնում, քան պատասխաններ տալիս: Մասնավորապես, Գրիգոր Մինասյանը «Ռադիոլուր»-ին տված հեռախոսազրույցում նշել է, որ ընդունել է մեղքը: «Ես կարող եմ միայն ասել, որ այդ մեղադրանքները, որ իմ դեմ հարուցվել են, ես ընդունել եմ, ասելով, որ արել եմ առանց գիտակցելու, միտք չունենալով Վրաստանի ու Հայաստանի դեմ որեւէ վատ նախաձեռնության: Ես գիտակցաբար իմ հայրենիքին` Վրաստանին, որեւէ վնաս տալու մտադրություն չեմ ունեցել»: «Հայաստանն ու Վրաստանը իմ սրտի 2 մասնիկներն են եւ իմ ամբողջ գործունեությունը գիտակցաբար ուղղված չէր նրանց շահերի դեմ, իհարկե, բայց հետաքննության տվյալները ցույց են տվել, որ ես հանցանք եմ գործել», հայտարարել է Մինասյանը:

Հայ-վրացական հարաբերությունների ներկա մակարդակում ու խնդիրներում հաստատապես ինչ-որ բան տեղի է ունենում, որ, սակայն, որեւէ կերպ եւ ոչ մի կողմից չի արտահայտվում: Մնում է գուշակել, թե իրականում ինչու է հետ կանչվել Հայաստանում Վրաստանի դեսպանը, ինչու է այդքան տարօրինակ կերպով իրեն լրտեսության մեջ ներկայացվող մեղադրանքներին համաձայնել ջավախքցի ակտիվիստը եւ թե ինչու է իր անսանձ ելույթներում այս անգամ Միխեիլ Սաակաշվիլին հիշատակել Հայաստանը:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ.Գ. Այս ամենով հանդերձ, ըստ վրացական աղբյուրների, մարտի 14-ից իսկապես կբացվի «Արմավիայի» Թբիլիսի-Երեւան-Մոսկվա չվերթը, որ նախատեսված էր արդեն իսկ երեկ: Տեխնիկական պատճառներով հետաձգված չվերթը, ամեն դեպքում, կիրականացվի շաբաթական երկու անգամՙ Թբիլիսի-Երեւան-Մոսկվա եւ հակառակ ուղղությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4