Դատավարությունը սկսվեց 15 րոպե ուշացումով: Պատճառն այն էր, որ Գրիգոր Ոսկերչյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը սահմանված ժամին չէր եկել դատարան: «Դատարանն է գալիս, ոտքի՛» արտահայտության ժամանակ դատին ներկա միակ ամբաստանյալը` Գրիգոր Ոսկերչյանը ոտքի չկանգնեց: Եթե նախկին օրենքով դատավորը սանկցիա կկիրառեր դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար, ապա փոփոխված օրինագծով Ոսկերչյանն արժանացավ նախազգուշացման: Պարզվեց, որ Ստեփան Ոսկանյանը նաեւ ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանի փաստաբանն է ու մեկնել է Ախալցխա` դատավարությանը մասնակցելու: Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 9-ին կայացած դատավարության ժամանակ Ոսկանյանը փորձեց հայտարարությամբ ներկայացնել իրավիճակը, սակայն նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը` հաշվի չառնելով պաշտպանական կողմի կարծիքը, դատավարությունը հետաձգեց մինչեւ մարտի 10: Դատավարության ընթացքում պարզվեց, որ Ոսկանյանը գրություն է ուղարկել դատավորին` խնդրանքով, որ հաշվի առնվի իր զբաղվածությունն ու դատավարության հաջորդ նիստը անցկացվի մարտի 13-ից հետո (Չախալյանի դատավարությունը ընթանալու է երեք օր):
«Դեռեւս երեկ պարզ էր, որ պաշտպանությունից որեւէ մեկը բացակայելու է: Սա մարտավարության շարունակությունն է, նպատակ են հետապնդում գործի քննությունը ձգձգելու: Այս ամենը ինքնանպատակ չէ: Հաջորդ դատավարությանը պաշտպանական կողմի ներկայացուցիչները պարբերաբար չեն ներկայանա», Ոսկանյանի ուղարկած գրությանը հակադրվեց դատախազ Կորյուն Փիլոյանը: Մնացական Մարտիրոսյանն էլ հաշվի չառավ պաշտպանական կողմի փաստարկներն ու դատավարությունը հետաձգեց: Այն կկայանա այսօր ժամը 12-ին: Մարտիրոսյանը Ոսկերչյանին հրահանգեց Ոսկանյանի չգալու դեպքում դատավարությանը ներկայանալ այլ պաշտպանով: Առայժմ հայտնի չէ` կկարողանա՞ Ոսկանյանը Ախալցխայից հասնել Երեւան:
Դատավարությունից հետո «Ազգ»-ի հետ զրույցում փաստաբան Հովիկ Արսենյանը դատավարությունը բնորոշեց որպես մեկ դերասանի թատրոն. «Մեր պետության, հեղինակության հետ են խաղում: Օրենքներ են ոտնահարում, արհամարհում դատավարության մասնակիցների, կողմերի կարծիքները»:
Հ. Հ.