«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԱՆԱՏՈՄԻԱՆ

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի

«Ճգնաժամային». հենց այսպես է որակել մարդու իրավունքների վիճակը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեկ, ներկայացնելով 2008-ի մարդու իրավունքների վիճակի հաշվետվությունը եւ առանձնացնելով ոլորտի համակարգային խնդիրները:

Տեղեկացնելով, որ 5800 քաղաքացի է դիմել ՄԻՊ-ին 2008-ին եւ 429 դիմում դրական լուծում է ստացել, Ա. Հարությունյանը նախ համակարգային խնդիրների անատոմիան ներկայացրեց` 2008-ի խախտումները չուզենալով դուրս դնել ընդհանուր պատճառահետեւանքային շղթայից: Ըստ այդ ընդհանուր, կարելի է ասել, տեսական բնորոշումների` Հայաստանում մարդու իրավունքների խախտման բավական վատթար ֆոն գոյություն ունի, որը սնում է միջազգային տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականները, եւ ժամանակն է հստակ տարանջատելու բիզնեսն ու իշխանությունը, հրաժարվելու օլիգարխիկ համակարգից, ձեւավորելու չնույնացող տնտեսական եւ քաղաքական էլիտա, այլապես դատապարտված ենք ունենալու ֆեոդալիզմին բնորոշ հասարակական հարաբերություններ` քողարկված 21-րդ դարի ինստիտուցիոնալ եւ իրավական համակարգերով, որտեղ մարդու իրավունքները կկրեն միայն ձեւական բնույթ. «Այսօր մենք քաղում ենք նախկինում սկիզբ առած եւ շարունակվող սխալների պտուղները»:

Շատերի գնահատմամբ` Ա. Հարությունյանի գնահատականները բավական կոշտ են, բայց եւ համահունչ անցած տարվա պատկերին, թեեւ, օրինակ, լրագրողի հարցին պատասխանելիս ռեպրեսիվ համակարգի զոհը դարձած քաղաքացիներին «քաղբանտարկյալ» բնորոշումը չտվեց` այդպիսով, իր իսկ խոսքերով, խուսափելով դառնալ քաղաքական պայքարի կողմերից մեկի մասը, ինչն ի պաշտոնե, որպես ՄԻՊ իրավունք չունի անելու:

Հայաստանի բնակչության իրավական մշակույթը հասել է իր նվազագույն մակարդակին, իր համակարգային անատոմիան շարունակեց Ա. Հարությունյանը, ամենուր տիրում- իշխում է մարդը եւ ոչ օրենքը, եւ հենց այս ժառանգությունը պետք է արմատախիլ արվի:

Անկախությունից ի վեր բյուրոկրատիան եւ օլիգարխիան պետությանն իրենց են ենթարկել, իսկ քաղաքական որոշումների նկատմամբ հասարակական հսկողությունն էականորեն սահմանափակված է եւ չի ապահովվել հասարակության կայունությունն իշխանական կառույցների հակակշիռների համակարգի ներքո: Ունենալ իրավունք, թե՞ հնարավորություն (հակաօրինական, օրենսդրությամբ չամրագրված) հարցի պատասխանը հայ հասարակությունում վերջին տարբերակի օգտին է: Սոցիալական անարդարության վրա հիմնված համակարգը չէր կարող պարբերաբար չհանգեցնել ճգնաժամերի, բայց ոչ մի օլիգարխիկ համակարգ պատմականորեն երկար չի գոյատեւել. «Ժամանակն է հրաժարվելու «հնարավորությունների» մշակույթից հօգուտ «իրավունքի» մշակույթի», առաջարկում է ՄԻՊ-ը: Ըստ Ա. Հարությունյանի` խորհրդային ժամանակներից մնացած ռեպրեսիվ համակարգի հիմնասյուներն են դատախազությունն ու հատուկ քննչական ծառայությունը, հատկապես վերջինիս աշխատաոճի արդյունքում ՄԻՊ-ի գրասենյակը բազմաթիվ բողոքներ է ստանում` մարդկանց ստիպում են տալ ինքնախոստովանական ցուցմունքներ կամ ցուցմունքներ երրորդ անձի դեմ: Ռեպրեսիվ համակարգի գոյության հետեւանքով վախի մթնոլորտը մեր հասարակությունում չի նվազում, վախի մթնոլորտում ապրող մարդիկ վտանգավոր են հենց իշխանության համար: Սպառնալիքներ հաճախ հնչեցնում են դատախազության, հատուկ քննչական ծառայության աշխատակիցները, եւ չի կարելի հերոսություն պահանջել սպառնալիքի ենթակա անձանցից: Իսկ վերջին երեք տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատական մարմինների նկատմամբ վստահությունն անթույլատրելի ցածր է: Ըստ զեկույցի` 2008 թվականին միակողմանի էր նաեւ վարչական ապարատը, մարտի 1-ից 20-ը արտակարգ դրության ժամանակ հնչում էր միայն իշխանության տեսակետը` կրքերը բորբոքելու եւ հասարակությանը պառակտելու առավել «արդյունավետ ճանապարհ» գոյություն չուներ: Մի խոսքով` հայերս հիմա էլ ունենք մի համակարգ, որը գործում է ոչ թե հանուն մարդու, այլ մարդու հաշվին, ասաց Ա. Հարությունյանը եւ խորհուրդ տվեց ուղղվել նժդեհաբար (Նժդեհին ցիտեց). «Հայերի մեղքերն ավելի են նպաստել Հայաստանի կործանմանը, քան ժամանակ առ ժամանակ մեր երկիր ներխուժող թշնամիները: Հայերը քաղում են իրենց անհաշտ անցյալի պտուղները»:

Իսկ ի՞նչ հիմնական խախտումներ են եղել 2008-ին. հավաքների ազատության առումով 90-ից ավելի դեպքեր են արձանագրված, երբ ընդդիմությունը դիմել է հանրահավաք անելու եւ թույլտվություն չի ստացել, իսկ ընդդիմության անցկացրած հանգիստ հանրահավաքները կասկածի տակ են դնում, թե ինչո՞ւ չի թույլատրվել, ինչ տեղեկատվության են տիրապետել, որ չեն թույլատրել:

Խոսքի ազատության ոլորտում խախտումների վերաբերյալ Ա. Հարությունյանը խոսեց օրինակներով, երբ ամբողջ երկրով տեսել են, թե ինչպես է ոստիկանության աշխատողը լրագրող Գոհար Վեզիրյանին հարվածում-վայր գցում, բայց այդպես էլ դրան արձագանք չի եղել: Օրենքի տարբերակված գործունեության օրինակ բերվեց ոլորտից, երբ Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության» եւ «Բջնիի» դեպքում ինչ-որ պահից են միայն նկատել, թե վերջիններս օրենքի հետ պրոբլեմներ ունեն (քաղաքական դրդապատճառը նկատի ուներ), մինչդեռ օրենքը պետք է տարբերակված չգործի:

ՄԻՊ-ն ասում է, որ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ երբեք չեն խոստովանում, թե ծեծ ու խոշտանգում է եղել, չնայած ՄԻՊ-ի աշխատակիցները տեսնում են խոշտանգման հետեւանքները, սա մտահոգիչ համարեց: Լուրջ է մնում սեփականության իրավունքի խնդիրը, 100-ից ավելի բողոքներ կան այս հարցի վերաբերյալ. ոչ մի քաղաքացի երկրի դատարաններում չի շահում սեփականության իրավունքի դատը, սակայն Ստրասբուրգի դատարան դիմելիս արդեն շահում են, սա մտահոգիչ է: Մյուս կարեւոր խնդիրը աշխատանքից ազատման խնդիրն է, ահավոր շատ բողոքներ կան այդ ուղղությամբ` «Ժամանակ Երեւան» օրաթերթի լրագրող Կարինե Հարությունյանին ազատել են Գլաձորի համալսարանից` ինչ-որ մի փուլից, պարզվում է, նա չի համապատասխանել դասախոսի կոչմանը, բայց մինչ այդ նա այնտեղ երկար դասավանդել է:

Լուրջ է նաեւ շրջակա միջավայրի խնդիրը` Երեւանը կառուցապատման հնարանքով վերածվում է կիսաանապատի. «Վերջապես այս շրջակա միջավայրը նաեւ մեր ապագա սերունդների համար է», նկատեց ՄԻՊ-ը, այնպես որ հարկ կա համապատասխան պաշտոնյաների հրավիրելու եւ քննարկելու:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Հանդուրժողականության մշակույթը տարածելու համար Ա. Հարությունյանը պատվոգրեր տվեց 1 լրագրողի` Աննա Իսրայելյանին, եւ 1 քաղաքական գործչի` Լարիսա Ալավերդյանին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4