Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որում պնդում է, որ մարդու իրավունքների պաշտպանը, դատախազության աշխատանքների եւ գործունեության վերաբերյալ հնչեցվող իր գնահատականներում մշտապես ձեռնպահ է մնում դրանք հիմնավորող դեպքերի մատնանշումից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտպանն ուղղակի զբաղված է անձնական քարոզչությամբ: Ըստ այդմՙ դատախազության աշխատակիցների գործողությունների դեմ հաշվետու ժամանակաշրջանում մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 42 դիմում-բողոք, որոնցից 26-ն ընդունվել է քննարկման: Բայց դատախազությունը հեռու է այն մտքից, որ ամբողջ տարվա ընթացքում դատախազության դեմ ստացված 42 դիմում-բողոքը հիմք է տալիս պաշտպանին դատախազությանը ներկայացնելու որպես ռեպրեսիվ կառույցՙ չնշելով կոնկրետ որեւէ փաստ եւ մեթոդ, անգամ ստացված դիմում-բողոքների բովանդակությունը մատնանշելիս պաշտպանն իր տարեկան զեկույցում չի հիշատակել կիրառված «ռեպրեսիվ» մեթոդի որեւէ կոնկրետ դեպք: Մերկապարանոց հայտարարություններով հանդես գալը եւ այդ ճանապարհով արհեստականորեն պաշտպանի իր աշխատանքի արժեւորումը հարիր չէ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, եւ ամենեւին էլ չի խոսում պրոֆեսիոնալիզմի մասին: Կարծում ենքՙ ինքնահաստատման ճանապարհը պաշտպանն արդեն վաղուց պետք է անցած լիներ», ասվում է դատախազության հայտարարության մեջ: