«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ԲԱՄԲԱՍԱՆՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ` ԱՌ ՎԱՐՉԱՊԵՏ

Երեկ երեկոյան ինտերնետային լրատվամիջոցներից մեկ-երկուսում լուրեր կային, որ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ֆինանսատնտեսական բլոկի նախարարները հրաժարականի դիմումներ են ներկայացրել, եւ այդ դիմումները քննարկման նյութ են իշխանական վերին օթյակներում: Ճիշտ է, լուրերի հեղինակները նշում էին, որ դրանք պաշտոնական աղբյուրներով չճշտված լուրեր են: Բայց տարբեր շրջանակներում այս լուրը համառորեն շրջանառվում էր, նույնիսկ տրվում էր փոխարինողի անունՙ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան:

Այն, որ մամուլը, որոշակի շրջանակներից ստանալով փոխանցումը, լայնածավալ հարձակում է սկսել վարչապետի դեմ, արդեն անցած շաբաթավերջի մամուլից տեսանելի էր, իսկ երեկվա լրատվամիջոցներից մի քանիսում հատկապես` առավել քան տեսանելի էր: Պատվիրատուները կարող են լինել ե՛ւ ընդդիմադիր, ե՛ւ իշխանական շրջանակներից, վերջիններից առանձնապես նրանք, ովքեր վարչապետի սեփական թեկնածու ունեն կամ իրե՛նց են վարչապետ պատկերացնում: Սա կոչվում է հոգեբանական գրոհ` նյարդերի պատերազմ, որի նպատակն է թուլացնել, ակամա իրենց ծրագրի իրականացնողը դարձնել գրոհի սուբյեկտին: Հայտնի տեխնոլոգիա է, մանավանդ որ դոլար-դրամ վերջին տատանումն էլ դրա համար հող նախապատրաստել է եւ բավական քննադատության թիրախ դարձրել թե՛ կառավարությանը, թե՛ վարչապետին: Սակայն այս տեխնոլոգիաներից տեղյակ է նաեւ վարչապետը, այնպես որ նա, հստակ իմանալով այս տեխնոլոգիաները կիրառողների բուն նպատակը, պետք է որ հանգիստ շարունակի իր առօրյա գործը: Մանավանդ որ մեկ օր առաջ նախագահ Սարգսյանի հետ ՀՀԿ խորհրդում նրա միաժամանակյա այցելության եւ տնտեսական ճգնաժամի վերաբերյալ քննարկումների երեւույթը խոսում է երկրի վարչապետին` երկրի նախագահի աներկբա աջակցության մասին:

Էլ ինչո՞ւ են, ուրեմն, այդքան ջանում պատվիրատու շրջանակները, չէ՞ որ ամեն մեխ իր աքցանն ունի:

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ տնտեսական բլոկի նախարարների հրաժարականների մասին լուրերը հերքել է նաեւ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանըՙ պատասխանելով «Ռադիոլուր»-ի հարցին:

  «Ազգ» -ի կողմից տեղեկացնենք, որ այսօր նախատեսվում է վարչապետ Տ. Սարգսյանի հանդիպումը Ազգային ժողովումՙ տարբեր խմբակցությունների հետ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4