«Գոլոս Արմենիի» թերթի մարտի 10-ի համարից տեղեկանում ենք, որ ՀՀՇ-ի ղեկավարներից Դավիթ Շահնազարյանը վերջերս խորհրդակցության էր հրավիրել ՀՀՇ-ական քարոզչամեքենայի ղեկավարներին` տեղեկացնելու կուսակցական ղեկավարության հանձնարարականի մասին: Մասնավորապես, ՀՀՇ-ական լրատվամիջոցներին հստակ պատվեր է իջեցվել վարկաբեկել վարչապետ Տիգրան Սարգսյանին, արտահայտությունների մեջ խտրականություն չդնելով: Պատվերի նպատակն է հասնել գործադիր իշխանության վարկաբեկմանն ընդհանրապես եւ մեր երկրի վրա միջազգային ֆինանսական ճգնաժամի ազդեցության հետեւանքները հաղթահարելու նրա գործողությունների` մասնավորապես: Մեկ այլ նպատակն էլ վերին իշխանական օղակներում պառակտում մտցնելն է եւ վերջին հաշվով արմատական ընդդիմությանը «ազգային համաձայնության» կառավարության կազմ հրավիրելուն հասնելը: Այսինքն, սկսել իրականացնել այն սցենարը, որի մասին վերջին հանրահավաքի ժամանակ հայտարարել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Գոլոս Արմենիին» նշել է, որ վերոհիշյալ տեղեկատվությունը իրեն հայտնի է դարձել հավաստի աղբյուրներից: Եվ հարկ է ընդգծել, որ այդ տեղեկատվության հավաստիությունը, ի տարբերություն ՀՀՇ-ական քարոզչության մեջ կիրառվող «հավաստի» կեղծիքների, հենց նույն օրն ապացուցվեց:
ՀՀՇ-ի ամենահայտնի թերթերը («Չորրորդ իշխանություն», «Առավոտ», «168 ժամ», «Հայկական ժամանակ») նույն օրըՙ մարտի 10-ին, ստալինյան տարիների լավագույն ոճով, ջանադրաբար կատարեցին «Շեֆի»ՙ ՀՀՇ-ի առաջնորդի պատվերը, ամբողջական էջերով արշավ սկսելով վարչապետի, ԿԲ նախագահի դեմ, «հանկարծ» հիշելով 1 շաբաթ առաջ տեղի ունեցած փոխարժեքի կտրուկ անկումն ու դրա հետեւանքները: Այս ամենի «զարդը» դարի մեծագույն «տնտեսագետ» եւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանիՙ «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցի արտատպումն էր վերոնշյալ թերթերում: Մի կողմ թողնելով բագրատյանական ամբողջ դեմագոգիան, անդրադառնանք նրա մի հայտարարությանը: Այն է, որ «մեկ տարվա ընթացքում կուրսը կկրկնապատկվի»: Բնական է, այդ հայտարարությունը հիմնավորող ոչինչ չի ասվում: Եվ պետք էլ չէ, քանի որ նպատակն ապակայունացում առաջացնելն է, ինչպես հրահանգել է «Շեֆը»: Դե, իսկ հիշողություն եւ մտածելու ունակություններ չունեցող մարդկանց պակաս մեզանում չկա, որոնք վաղուց արդեն մոռացել են եւ գուցե նաեւ կարոտել են Բագրատյանի վարչապետության տարիները, երբ խորհրդային ռուբլին Հայաստանում գահավիժորեն արժեզրկվում էր եւ դարձել էր նախկին ԽՍՀՄ երկրներից դուրս մղված սովետական ռուբլիների աղբանոցը, երբ 1 դոլարի դիմաց 14.5 դրամ սահմանված փոխարժեքը օրեցօր տասնյակ անգամներով անկում ապրելով, 2 տարում հասավ 1 դոլարի դիմաց 450-500 դրամի: Եվ այդ մարդն այսօր խոսում է փոխարժեքի ու դրամի արժեզրկման մասին, փորձում է տպավորություն ստեղծել, որ ինքն ինչ-որ բա՞ն է հասկանում տնտեսությունից:
Վերադառնալով ՀՀՇ-ի առաջնորդի հրահանգին, միանշանակ է, որ դրա իրագործման հաջորդող քայլերը կլինեն ամեն օրՙ տարատեսակ կեղծիքների, ապատեղեկատվության, «անկախ» ներկայացող ՀՀՇ-ական տնտեսագետների մեկնաբանությունների եւ բազում այլ քարոզչական հնարքների տեսքով: Բնական է, որ այլ կարծիք արտահայտելու եւ ազատ մամուլ ձեւանալու փորձեր կատարողներն անմիջապես կհեռացվեն ՀՀՇ-ական լրատվամիջոցներից, ինչպես դա եղավ անցյալ տարի ՀՀՇ-ական թերթերից մեկի խմբագրի հետ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ