«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ՀՀԿ-Ն Է

Աշոտյանի կանխատեսումներըՙ քաղաքապետի ընտրություններին ընդառաջ

ՀՀԿ ներկայացուցիչ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման առաջին ամյակին, նկատում է, թե վաղ է նոր իշխանական համակարգի կատարած գործունեությունն ամփոփելը: ՀՀԿ պատգամավորը ներքաղաքական կայունության կորստից հետո նկատում է դանդաղ, հանգիստ քաղաքական մթնոլորտ: Նա այդ հանգստությունը վերագրում է ոչ միայն իշխանությունների գործողություններին: Դա նաեւ պայմանավորված է արտախորհրդարանական ընդդիմության կարգախոսների փոփոխություններով: Աշոտյանը նկատի ունի մարտի մեկին արմատականների հրավիրած հանրահավաքի ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ու կոչը` մոռանալու «ապստամբություն», «հեղափոխություն» բառերը:

ՄԱԱ-ում կայացած հանդիպման ժամանակ Աշոտյանը կանխատեսումներ արեց մայիսի 31-ին կայանալիք քաղաքապետի ընտրությունների ու թեկնածուների վարկանիշների վերաբերյալ: Աշոտյանը դրական եւ նորմալ երեւույթ է համարում քաղաքապետի ընտրություններին կոալիցիոն ուժերի առանձին թեկնածուով ներկայանալը: «Կոալիցիոն համագործակցության ֆորմատը չի նշանակում կուսակցությունների միաձուլում», նկատեց նա: Աշոտյանը դիտարկեց, որ քաղաքապետի ընտրությունը ուժի ցուցադրման հարթակ է բոլոր կուսակցությունների, մասնավորապես ՀՀԿ-ի համար: Անդրադառնալով ընտրություններում ընդդիմության ներգրավվածությանըՙ նկատեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի էլեկտորատը միասին կկազմի 25 տոկոս: Սակայն Աշոտյանը վստահ է, որ «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը միասին չեն գնա ընտրության: «Ժառանգությունը» ինքնուրույն պայքարի տարբերակն է ընտրել: Նրանք ԼՏՊ-ից ամեն ինչ ստացել են եւ այժմ այդ մարող ալիքի կարիքը չեն զգում: Դիվանագիտական ռեւերանսները, որ իրար անում են խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը, ընդամենը խորքային տարաձայնությունների ժամանակավոր քողարկման փորձ է: Ընդդիմության յուրաքանչյուր թեւը դիմացինին օգտագործեց եւ շահարկեց: Այդ փուլն ավարտվեց, եւ քաղաքական շահերն արդեն խորապես տարբեր են»:

Աշոտյանը 30-35 տոկոս (ավելի շատ, քան ընդդիմությանը) ձայն բաշխեց ՀՀԿ-ին` «Ոչ պակաս, քան մենք ունեցել ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ»: Կոալիցիոն ուժերից արծաթը Աշոտյանը հանձնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, սակայն չմատնանշեց, թե ԲՀԿ-ն կոնկրետ որքան ձայն կհավաքի: Ինչ վերաբերում է «Օրինաց երկրին» ու Դաշնակցությանը, բանախոսը վստահեցրեց, որ վերոնշյալ քաղաքական ուժերը կկարողանան հաղթահարել 7 տոկոսանոց շեմի արգելքը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4