«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ՄԵՆՔ ԿՈՂՄ ԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵԼԻՈՖԻԿԱՑՄԱՆԸ

Վերջերս մենք նշեցինք Սպիտակի ողբերգական երկրաշարժի 20-ամյակը: Անհնար է որեւէ բան մոռանալ: Մի ամբողջ ժողովրդի ողբերգություն, զոհեր, ավերածություններ եւ համաշխարհային կարեկցանք ու աջակցություն: Հայաստանը կհիշի իր փրկարարներին, աշխարհի բոլոր կողմերից եկած բժիշկներին եւ շինարարներին:

Սպիտակում հիմա էլ առկա են երկրաշարժի հետեւանքները, վերականգնված է ոչ ամեն ինչ: Կացարանների պակասը եւ բնակչության զբաղվածության հարցերը աղետյալ գոտու գլխավոր խնդիրներն են Գյումրիից մինչեւ Վանաձոր եւ հատկապես այդ գոտու կենտրոն Սպիտակում: Խնդիրների նույն հեղեղը սպառնում է մարդկանց նոր սերնդին: Երիտասարդները եւս աշխատանք չունեն: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար: Այդ հարցերում մենք առաջվա պես ըստ ամենայնի կօգնենք Հայաստանին: Պատրաստ ենք համատեղ արտադրություններ կազմակերպել երկրաշարժի գոտու քաղաքներում:

Ռուսաստանի գործարար շրջանակներում առանձնակի հետաքրքրություն է առաջացրել Հայաստանի հելիոֆիկացման գաղափարը, որպես անկախ երկրի էներգետիկ անվտանգության ապահովման միջոց: Հելիոֆիկացման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով մենք ակադեմիկոս Նիկոլայ Իվանովիչ Բեխին խնդրեցինք այցելել Աբովյան քաղաքի հելիոպոլիգոն, հանդիպել Հայաստանի հելիոֆիկացման ծրագրի հեղինակ եւ DVH սերիայի անհատական հելիոհամակարգերի գլխավոր կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահան Նորայրի Համազասպյանի հետ եւ գնահատել ռեալ իրավիճակը: 2008-ի դեկտեմբերի 6-ին Ն. Ի. Բեխը անձամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանից «Անանիա Շիրակացի» շքանշան ստացավ երկրաշարժի գոտու վերականգնողական աշխատանքներում անձնական մեծ ավանդի համար, իսկ դեկտեմբերի 8-ին Մոսկվա մեկնելուց առաջ նա ժամանակ գտավ Վահան Համազասպյանի հետ հանդիպելու համար: Ահա թե նա ինչ պատմեց.

«Ինձ ապշեցնում է, թե ինչպես նման պայմաններում Հայաստանում կարողանում են այդպիսի տեխնիկա ստեղծել: Ընդհանուր առմամբ Հայաստանի հելիոֆիկացումն իրագործելի խնդիր է: Աշխարհում ծավալվող տնտեսական ճգնաժամի պայմաններում հելիոֆիկացման ծրագրի իրականացումը հրատապության առումով առանձնակի կարեւորություն է ստանում եւ էական ավանդ կներդնի Հայաստանի տնտեսության զարգացման մեջ:

Մեծ հաշվով հելիոֆիկացումը ամբողջ մարդկության ճակատագիրն է եւ թելադրված է աշխարհում էներգետիկ եւ բնապահպանական ճգնաժամերի խորացման բուն տրամաբանությամբ: Վաղ թե ուշ, կամա թե ակամա, բոլոր երկրները հելիոֆիկացվելու են: Այժմ Հայաստանը հնարավորություն ունի հելիոֆիկացումը սկսելու առաջինը եւ հանդես գալու ռահվիրայի ազնիվ դերում, հընթացս զարգացնելով սեփական հելիոտեխնիկական արդյունաբերությունը: Բիզնեսի աշխարհում խիստ հազվագյուտ դեպք է, երբ բոլոր երկրներում հելիոտեխնիկայի հսկայական պահանջարկի պայմաններում չկա համապատասխան առաջարկ: Վերջին 50 տարում առեւտրային հելիոտեխնիկան փաստորեն արեւային ջեռուցիչներից այն կողմ չի գնացել: Արեգակնային էներգիայի օգտագործման բոլոր տարբերակները (արեւային էլեկտրակայաններ, ֆոտովոլտային փոխակերպիչներ եւ այլն) պատշաճ տարածում չեն գտնում սահմանված հզորության բարձր ինքնարժեքի եւ ցածր մրցունակության պատճառով: Արեւային էներգետիկայի զարգացման անհրաժեշտ աստիճանը տարբեր երկրներում պահպանվում է համապատասխան պետական քաղաքականությամբ` դոտացիաների, վարկավորման արտոնությունների, հարկային զիջումների տեսքով եւ այլն: Հայաստանում նման քաղաքականություն չի վարվում եւ չկա արեւային էներգետիկայով զբաղվելու առեւտրային շահագրգռություն: Բայց Հայաստանում գտնվեցին գիտնականներ, որոնք ճիշտ գնահատեցին իրավիճակը եւ ստեղծեցին միջին ու փոքր հզորության մի շարք փոխլրացնող հելիոտեխնիկական համակարգեր: Խոսքը Պարիս Հերունու «Արեւ» եզակի հելիոկայանի եւ Վահան Համազասպյանի DVH սերիայի հեռանկարային կոմբինացված հելիոհամակարգերի մասին է: Թե՛ մեկ եւ թե՛ մյուս հելիոհամակարգերը եզակի են իրենց տեխնիկատնտեսական բնութագրերով եւ հեշտությամբ կարող են առեւտրայնացվել: DVH սերիայի 2, 35, 5, 10, 20 եւ 200 կիլովատ հզորության անհատական կոմբինացված հելիոհամակարգերը կարող են սպառողներին հետաքրքրել հենց առեւտրային օգուտի ստացման տեսակետից: Դրանք ունեն սպառողական որակներ, ժամանակակից էլեկտրոնային ապահովում, գործառնական լայն հնարավորություններ, հեշտ են մոնտաժվում ու շահագործվում, ունեն բարձր հուսալիություն եւ անչափ ցածր ինքնարժեք:

Հայ մասնագետները ընդհուպ մոտեցել են իրենց երկրի համատարած հելիոֆիկացման գաղափարի իրագործմանը: Տեխնիկապես եւ տեխնոլոգիապես նրանք պատրաստ են կատարել այդ վեհ առաքելությունը, եւ զարմանալի չէ, որ դա տեղի կունենա հենց Հայաստանում: Արեւափայլքի մակարդակով աշխարհում առաջին տեղերից մեկը զբաղեցնող անչափ աղքատիկ բնական էներգառեսուրսներ ունեցող Հայաստանում չէին կարող չմտածել այդ մասին, առաջադրել ու լուծել արդի Հայաստանի բազմաթիվ խնդիրներ. գյուղական շրջանների էներգախնայողություն, հանրապետությունում բարձր հելիոտեխնոլոգիաների արմատավորում, էլեկտրոնային արդյունաբերության, մեքենաշինության, սարքաշինության եւ քիմիայի «միութենական» ձեռնարկությունների բեռնավորում արտահանման լավ հնարավորություններ ունեցող ձեռնտու արտադրանքով, Հայաստանի մտավոր ներուժի զարգացում եւ արդյունավետ օգտագործում, երկրի էներգետիկ կենսունակության բարձրացում եւ բնապահպանական վիճակի բարելավում, զբոսաշրջության զարգացում, փոքր բիզնեսի զարգացում եւ այլն: Նման գործերում հայ գիտնականներն ու ճարտարագետները պետության աջակցությունն են ստանում ամենաբարձր` նախագահական մակարդակով: Մենք պարտավոր ենք պաշտպանել հելիոֆիկացման գաղափարը որպես հրատապ եւ անչափ կարեւոր գաղափար, ըստ որում` ոչ միայն Հայաստանի համար: Հայաստանի փորձը պետք կլինի թե՛ Ռուսաստանին եւ թե՛ մյուս երկրներին: Մնում է կատարել եւս մեկ քայլ` հելիոֆիկացման գաղափարի արդյունավետությունը ստուգել իրական կյանքում, մոդելավորել յուրօրինակ սոցիալ-տնտեսական գիտափորձի արդյունքները, որոշել մարտավարական եւ ռազմավարական առաջնային խնդիրները, կազմակերպել հելիոֆիկացման լիակատար կենսական շրջափուլ` արտադրությունից մինչեւ տեխնիկայի կիրառումը: Պետք է ողջունել Հայաստանում սկսված աշխատանքների նաեւ երկրորդ փուլը, որը մասնագետների մտահղացմամբ պետք է դառնա միջազգային հելիոփորձադաշտ, իսկ հեռանկարում` հելիոֆիկացման ասպարեզի գիտատեխնիկական համագործակցության միջազգային կենտրոն»:

Մեր արտադրության նշանավոր աշխատողի եւ խոշոր գիտնականի այսօրինակ եզրակացությունը մեզ հիմք է տալիս անելու հետեւյալ պաշտոնական հայտարարությունը. Հայաստանի հելիոֆիկացումը մենք ներառում ենք մեր կարեւորագույն աշխատանքների ցանկում, մեր պարտքն ենք համարում Հայաստանի կառավարությանը եւ հեղինակային կոլեկտիվին օգնել ու աջակցել այդ հեռանկարային ծրագրի իրագործման համար: Գիտենք, որ մոսկովյան գործարարների ու ձեռնարկատերերի ընտրախավը կպաշտպանի մեր նախաձեռնությունը: Հայաստանում հելիոտեխնիկական արդյունաբերությունը հնարավոր է եւ հարկավոր է զարգացնել հենց Սպիտակում, հընթացս լուծելով նաեւ աշխատատեղերի հարցը: Մանավանդ որ երկրաշարժից հետո Սպիտակում կառուցվել են լավորակ արտադրական մասնաշենքեր, որոնք, ի ցավ մեզ, պիտանի չլինելով` աստիճանաբար քանդվել են:

ԻՎԱՆ ՍԻԼԱԵՎ
ՕԼԵԳ ԼՈԲՈՎ
ՆԻԿՈԼԱՅ ԲԵԽ, ակադեմիկոս
ՆՈՐԱՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ, տնտեսագետ-դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4