Բնակարանների ու անհատական տների գներն իջել են ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում
2009-ի hունվարը նշանավորվեց անշարժ գույքի շուկայում գործարքների նվազմամբ: Համաձայն անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիՙ շուկայի հունվար ամսվա վերլուծության տվյալների, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 7277 գործարք, ինչը 49,6 տոկոսով պակաս է 2008-ի դեկտեմբերին կատարված գործարքների եւ 21,3 տոկոսով պակաս` 2008-ի հունվարին կատարվածների համեմատ: Օտարման գործարքները 2266-ն են, որոնց մեջ առուվաճառքներինը եղել է 76,5 տոկոսը, իսկ մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: 2008-ի դեկտեմբերի համեմատ անշարժ գույքի օտարման գործարքների քանակը նվազել է 49,2 տոկոսով, իսկ անցյալ տարվա հունվարի համեմատ` 40,6 տոկոսով:
Մայրաքաղաքում առուվաճառքի գործարքների 58,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: Հունվարին, 2008-ի դեկտեմբերի համեմատ, բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 54,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ` 47,2 տոկոսով:
Բնակարանների շուկայական միջին գները այս տարվա առաջին ամսին, դեկտեմբերի համեմատ նվազել են 3,1 տոկոսով: Ըստ համայնքների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.
Համայնքներ | Միջին գները (դրամ) հունվար 2008 թ. | Միջին գները (դրամ) հունվար 2009 թ. | Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2008 թ. |
Կենտրոն | 475100 | 499800 | 496300 |
Արաբկիր | 379300 | 362100 | 392800 |
Քանաքեռ-Զեյթուն | 298400 | 282300 | 296500 |
Նոր Նորք | 254400 | 254300 | 265700 |
Ավան | 256200 | 259100 | 264600 |
Էրեբունի | 260500 | 270200 | 267200 |
Շենգավիթ | 270000 | 260500 | 270300 |
Դավիթաշեն | 277500 | 288200 | 297200 |
Աջափնյակ | 260600 | 246200 | 255000 |
Մալաթիա-Սեբաստիա | 255200 | 238100 | 253600 |
Նուբարաշեն | 142900 | 152600 | 152600 |
Միջինը Երեւանում (բացի Նորք-Մարաշից) | 285500 | 283000 | 292000 |
Աղյուսակից երեւում է, որ միայն Կենտրոնում եւ Էրեբունիում են անշարժ գույքի գները աճել, իսկ մնացած բոլոր համայնքներում դրանք նվազել են: Երեւանի բնակարանների 1 քմ-ի միջին գինը նվազելով` հունվարին կազմել է 283 հազար դրամ:
Մարզերում, բացառությամբ Երեւանի, վաճառվել են 197 բնակարաններ, որոնց քանակը դեկտեմբերի համեմատ նվազել է 50,4 տոկոսով, իսկ 2008-ի հունվարի համեմատ` 47,5 տոկոսով: Միջին գները հունվարին 2008-ի դեկտեմբերի համեմատ նվազել են 2,3 տոկոսով: Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ գինը կազմել է 172 հազար դրամ: Այդ գինն անփոփոխ է մնացել նոյեմբեր ամսից: Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 163 հազար դրամՙ նախորդ ամսվա 175 հազար դրամի փոխարեն: Աբովյանը երրորդն է բնակարանների 1 քմ-ն 159 հազար դրամ ցուցանիշով: Այստեղ նույնպես նվազում է արձանագրվել նախորդ ամսվա 174 հազար դրամի համեմատ: Ապա գալիս են Իջեւանը, 1 քմ-ն` 152 հազար դրամ, Մասիսը` 146 հազար դրամ, Աշտարակը եւ Ջերմուկը` 143 հազար դրամ:
Հունվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առուվաճառքի 282 գործարք, որից 48-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը դեկտեմբերի համեմատ նվազել է 54,3 տոկոսով, իսկ մարզերում 35,4 տոկոսով: 2008-ի հունվարի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 60,7 տոկոսով, իսկ մյուս մարզերում միասին վերցրած` 32,2 տոկոսով:
Անհատական տների միջին շուկայական գները Երեւանում հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել են 1,1 տոկոսով: Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գներն, ըստ Երեւանի համայնքների, կազմել են.
Համայնքներ | Միջին գները (դրամ) հունվար 2008 թ. | Միջին գները (դրամ) հունվար 2009 թ. | Միջին գները (դրամ) դեկտեմբեր 2008 թ. |
Կենտրոն | 484100 | 510000 | 510000 |
Արաբկիր | 391300 | 426700 | 438700 |
Քանաքեռ Զեյթուն | 305900 | 322900 | 325900 |
Նորք-Մարաշ | 258600 | 314100 | 314100 |
Ավան | 263200 | 286200 | 291200 |
Էրեբունի | 263400 | 291500 | 291400 |
Շենգավիթ | 272500 | 291900 | 293900 |
Դավիթաշեն | 286400 | 324500 | 324500 |
Աջափնյակ | 266700 | 292400 | 302400 |
Մալաթիա-Սեբաստիա | 264400 | 287200 | 295700 |
Նուբարաշեն | 145500 | 172300 | 172300 |
Միջինը Երեւանում (բացի Նոր Նորքից) | 291100 | 320000 | 323600 |
Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների գները: Այստեղ միջին գները հունվարին նվազել են 0,1 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Ծաղկաձորում են, 1 քմ-ն` 276 հազար դրամ, որտեղ գների աճի միտումը շարունակվում է: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 185 հազար դրամ: Երրորդը Վաղարշապատն է, 1 քմ-ն` 177 հազար դրամ, ապա Իջեւանըՙ 154 հազար դրամ: Այնուհետեւ գալիս են Մասիսը (148 հազար դրամ), Նոր Հաճընը (145 հազար դրամ) եւ Աշտարակը (145 հազար դրամ):
Ինչ վերաբերում է հողի շուկային, ապա 2009-ի հունվարին, 2008-ի հունվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 50,2 տոկոսով:
Անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը 2009-ի հունվարին, 2008-ի դեկտեմբերի համեմատ, նվազել է 32,5 տոկոսով, իսկ 2008-ի հունվարի համեմատ` 14,5 տոկոսով:
2009-ի հունվարին անշարժ գույքի իրականացված 404 գրավադրման գործարքներից ընդամենը 13-ն են եղել հիպոթեկային գրավադրման գործարքները: 2008-ի դեկտեմբերի համեմատ, հիպոթեկային գրավադրման գործարքների քանակը հունվարին նվազել է 83,3 տոկոսով, ընդ որում Երեւանում` 82 տոկոսով, մարզերում` 88,2 տոկոսով:
Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ անշարժ գույքի շուկայում դադարել է սպասողական վիճակը եւ սկսվել է գործարքների ու գների նվազման շրջանը: Նույնը կարելի է ասել նաեւ հողերի առուվաճառքի, հիպոթեկային գրավադրման եւ վարձակալության ցուցանիշների համար: Այս ամենն, անշուշտ, միջազգային ֆինանսական ճգնաժամի ուղղակի հետեւանքն է: Գների անկման միտումն անշարժ գույքի շուկայում առաջիկա ամիսներին հավանաբար կշարունակվի, սակայն անհավանական է, որ շատ խորանա: Եթե նկատի ունենանք փոխարժեքի տատանումներն ու մշտական մտավախություններն այս կամ այն արժույթի հետ կապված, ապա բավարար չափով խնայողություններ կուտակողներն առաջին իսկ հնարավորության դեպքում դրանցով անշարժ գույք կգնեն: Սա ամենակայուն «արժույթն» է անգամ ճգնաժամային իրավիճակում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ