«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Առաջին թողարկողը «Արցախ ՀԷԿ»-ն է

Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ երեկ արժանահիշատակ օր էրՙ տեղի ունեցավ բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումը (IPO): Բաժնետոմսերի առաջին հրապարակային թողարկողը «Արցախ ՀԷԿ» ընկերությունն էր, իսկ թողարկման խորհրդատուն եւ տեղաբաշխողը «Արմբրոկ» ընկերությունը: Այդ կապակցությամբ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում տեղի ունեցած մամուլի ասուլիսին մասնակցում էին բորսայի տնօրեն Արմեն Մելիքյանը, «Արմբրոկի» տնօրեն Արամ Կայֆաջյանը, ԿԲ ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը:

Ներկայացնելով առաջին IPO-ն, «Արմբրոկի» տնօրեն Արամ Կայֆաջյանը հայտնեց, որ «Արցախ ՀԷԿ»-ի թողարկման ծավալը կկազմի 3,45 մլրդ դրամ, կտեղաբաշխվի ընդհանուր առմամբ 3285715 բաժնետոմսՙ յուրաքանչյուրը 1050 դրամ տեղաբաշխման գնով: Տեղաբաշխումից հետո ընկերությունը կցուցակվի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Արամ Կայֆաջյանը ներկայացրեց «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի շահավետության մի քանի հիմնական պատճառներ: Առաջինը ընկերության շահութաբերության մակարդակն է, որն ավելի կբարձրանա բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո: Երկրորդն այն է, որ ընկերությունը գործում է էներգետիկայի ոլորտում, ինչը նշանակում է, որ տեղային կամ համընդհանուր որեւէ ճգնաժամ նրա վրա չի ազդի, քանզի էներգիայի պահանջարկը մշտապես կա, ընկերությունը նաեւ չունի հումքի մատակարարման, սպառման եւ այլ խնդիրներ: «Արցախ ՀԷԿ»-ը պարտավորվում է պարբերաբար շահաբաժիններ վճարել 2010-ից: Դրանց տոկոսադրույքները կլինեն նվազագույնը 10 տոկոս եւ կարող են հասնել մինչեւ 15 տոկոսի: Տեղեկացվեց, որ «Արցախ ՀԷԿ»-ն էլեկտրաէներգիա է արտադրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սարսանգ հիդրոէլեկտրակայանի միջոցով, բաժնետոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները կուղղվեն երեք նոր հիդրոէլեկտրակայանների կառուցմանը: Ընդ որում, դրանց կառուցումն ընկերությունն արդեն սկսել է, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում տվյալ ընկերությունում ներդրումներ կատարելու համար: Առաջիկա օրերին տեղի կունենա «Արցախ ՀԷԿ»-ի բաժնետոմսերի հրապարակային թողարկման շնորհանդեսը: Արամ Կայֆաջյանը հայտնեց նաեւ, որ արդեն 150 մլն դրամի ծավալով բաժնետոմսեր են ձեռք բերել 200 ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

ԿԲ ներկայացուցիչ Կարեն Հակոբյանը, ողջունելով այս տեղաբաշխումը, տեղեկացրեց, որ մինչ այժմ կային պարտատոմսեր թողարկող 11 ընկերություններ եւ չկար բաժնետոմսերի հրապարակային թողարկող:

Բորսայի տնօրեն Արմեն Մելիքյանը կարեւորեց այս թողարկումը եւ բորսայի կողմից դրան աջակցելու պատրաստակամություն հայտնեց: Նա կարեւորեց, որ սա բաժնետոմսերի առաջին հրապարակային տեղաբաշխումն է Հայաստանում: Այս գործընթացին պետության աջակցության մասին խոսելով, Արմեն Մելիքյանը մատնանշեց այն հանգամանքը, որ պետությունը ոչ թե մասնավորեցնում է այս ընկերությունը, այլ առաջարկում է հասարակությանը դառնալ այս լավագույն բիզնեսներից մեկի մասնակիցն ու բաժնետերը: Նա կարեւոր համարեց, թե քանի՞ հոգի կմասնակցի այս տեղաբաշխմանը, ինչը ցույց կտա վստահությունը տվյալ ընկերության, ֆոնդային բորսայի եւ կապիտալի շուկայի նկատմամբ:

  «Ազգի» հարցն այն էր, թե որքա՞ն ժամանակ «Արցախ ՀԷԿ»-ը կմնա առաջին եւ միակ հրապարակային թողարկողը եւ կա՞ն նման ցանկություն ունեցող այլ ընկերություններ եւս: Արմեն Մելիքյանը նշեց, որ միջազգային ֆինանսական ճգնաժամով պայմանավորված IPO-ներ թողարկող մի շարք ընկերություններ դադարեցրել են այդ գործընթացը: Հայաստանում շատ ընկերություններ սկսել էին այդ գործընթացը եւ հիմա էլ դրանից չեն հրաժարվել: Ֆոնդային բորսայի տնօրենը հույս հայտնեց, որ մինչեւ տարեվերջ նրանցից մեը կիրականացնի բաժնետոմսերի հրապարակային թողարկում: Նրա կարծիքով, դա կլինի թեթեւ արդյունաբերության կամ սննդի ոլորտում ծառայություններով զբաղվող ընկերություններից մեկը: Արմեն Մելիքյանը այն կարծիքը հայտնեց, որ ներդնողներն այժմ ավելի խստապահանջ են դարձել: Նա լավատեսորեն արտահայտվեց մինչեւ տարեվերջ ճգնաժամի ազդեցության թուլացման վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա, որ 2010-ին լինեն հրապարակային նոր թողարկումներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4