Իրական են սննդի, խմիչքների, պլաստիկ իրերի, ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվողների հնարավորությունները
Հայաստանից Եվրոմիության երկրներ արտահանվող ապրանքների մի զգալի մասի համար այս տարվա հունվարից կսկսի գործել արտոնությունների GSP+ համակարգը, որը հնարավորություն է տալիս ավելի քան 6 հազար ապրանքներ Եվրոմիության երկրներ արտահանելու առանց մաքսատուրքի կամ նվազեցված մաքսատուրքով: Այդ համակարգից օգտվելու մեթոդներին հայ գործարարներին ծանոթացնելու նպատակով երեկ սեմինար էին կազմակերպել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը (ՀԱԳՄ) եւ «Գրիգորյան ընդ փարթներս» խորհրդատվական ընկերությունը:
Խոսելով GSP+ համակարգի առավելությունների մասին, ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ արտոնությունները տրվել են 3 տարի ժամկետով, եւ եթե դրանցից օգտվելու արդյունքները գոհացուցիչ լինեն, այդ ժամկետը կերկարաձգվի: Նա այն կարծիքը հայտնեց, որ եթե թեկուզ 100-150 ապրանքատեսակ այդ համակարգով Հայաստանից արտահանվի, ապա դա մեր պետության համար մեծ ներուժ կլինի: Ըստ միության նախագահի, GSP+ համակարգի արտոնություններից օգտվելու իրական հնարավորություններ ունեն սննդի վերամշակման, խմիչքների, պլաստիկ իրերի, ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվողները:
Էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը GSP+ համակարգը չափազանց գրավիչ համարեց: Նա, դիմելով գործարարներին, ասաց, որ ակնկալում է լսել նրանց առաջարկները համակարգից առավելագույնս օգտվելու եւ դրան խանգարող խնդիրները վերացնելու համար:
Իսկ «Գրիգորյան ընդ փարթներսի» տնօրեն Գագիկ Գաբրիելյանը նշեց, որ առայժմ վաղ է հաշվել, թե մաքսատուրքից ազատվելով որքանով կավելանա արտահանումը Հայաստանից: Ըստ նրա, շատ բան կախված է նրանից, թե ընձեռված հնարավորություններն ինչպես կօգտագործվեն:
Ա. Մ.