Քիչ խնդիրներ կան, որոնք կարող են արժանանալ տարիների տեւականություն ձեռք բերած քննարկումների: Մեր օր ու գիշերը լցրած պլյուս-մինուսային «երգարվեստը» դրանցից մեկն է: Ով չի ձանձրանում ու լսարան է գտնում, այս հարցի մասին իր մտահոգությունը բարձրաձայնում է, բայց եւ վճարում ու ներկա գտնվում հենց վերոնշյալ կարգով կազմակերպվող համերգների: Կազմակերպիչներն էլ չեն զլանումՙ ֆոնոգրամային համերգներ են կազմակերպում որքան ասես. կոմերցիոն տեսանկյունից խիստ շահեկան է: Դա էլ բացատրում են հանդիսատեսի պահանջով: Իսկ ֆոնոգրաման նախընտրում են հիմնականում պոպ «աստղերը»: Նրանց համատարած ներկայությունը հեռարձակման հնարավորություն ունեցող բոլոր միջոցներով, հեռարձակողներն էլ բացատրում են նայող-լսողի պահանջով: Թերեւս իրավացի ենՙ չէ՞ որ ընտրության հնարավորությունն է աննկատ: Վերջինի գիտակցումն էլ ունեն հասարակական ճաշակ ձեւավորելու լծակներ ունեցող անձինքՙ ապացույցը մարտի 8-ի կանանց միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված համերգներն էին Արամ Խաչատրյան համերգասրահում եւ Հանրային հեռուստատեսությամբ: Կարեւորվել էր կենդանի հնչողությունը, ինչը փաստվում էր ամեն ելույթից հետո: Սա էլ ինքնակամ մոտեցման դրսեւորում չէր, այլ համապատասխան օրենքի պահանջ, որն արգելում է վերոնշյալ դահլիճում ոչ կենդանի կատարումները:
Այս որոշման թերն ու դեմը երեկ ժուռնալիստների միությունում ներկայացրեցին ֆիլհարմոնիկ դահլիճի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը, բեմադրիչ Լուսինե Մարտիրոսյանն ու պրոդյուսեր Վահե Հարությունյանը: Նրանք վստահեցրին, որ կենդանի հնչողությունը հիմք չի դառնա տոմսերի թանկացման, բայց եւ, իրավամբ, ընդգծեցին, որ երկու ժամ կենդանի հնչողությամբ համերգ տվող արտիստի 60 հազար դրամ հոնորարն էլ անարդարացի է (խոսքը դասական երգիչ-երաժիշտների մասին է): Թեեւ բանախոսները միաբերան պնդեցին, որ հարցումներով պարզել ենՙ հանդիսատեսի նախընտրությունը հենց պոպ երգիչների կատարումներն են, այնուամենայնիվ նաեւ փաստեցին, որ նույն հանդիսատեսը կրկին զգայուն է դառնում ու հստակ հասկանում կենդանի կատարումների արժեքը:
Իսկ կենդանի կատարումներով հանդես գալու համար արտիստները պահանջում են ժամանակակից տեխնիկա, որի տրամադրման մտադրությունն ունի ՀՀ մշակույթի նախարարությունը, ինչի մասին տեղեկացրեց Ռուզաննա Սիրունյանն ու հույս հայտնեց, որ մեկ տարուց Արամ Խաչատրյան համերգասրահն արդեն զինված կլինի պահանջվող տեխնիկայով: Իհարկե, սա չի նշանակում, թե մինչ այդ նշյալ դահլիճում կենդանի հնչողությամբ համերգներ չեն լինի: Մարտի 19-ին կայանալու է Ռուբեն Հախվերդյանի եւ «Շանթ» հեռուստաընկերության «Աստղիկներ» նախագծի մասնակիցների համերգը: Դասական երաժշտության համերգների կենդանի հնչողությունը, բնականաբար, քննարկումից դուրս է, բայց եւ ի լրումն երաժշտության այլ ժանրերով տրվող համերգների, հակակշիռ չէ պոպի պրոպագանդմանը:
Այնուամենայնիվ, պրոֆեսիոնալիզմի եւ տարրական երաժշտական կրթություն ստանալու ուղին մեր աստղերին օտար չի մնացել, ինչպես փաստեց Վահե Հարությունյանը. «Աստղերից շատերը սկսել են վոկալի դասերի գնալ»: Իսկ թե ովքեր են հրաժարվել կենդանի հնչողությամբ համերգին մասնակցելուց, Վահե Հարությունյանը խոստացավ հստակեցնել ապրիլի 7-ին կազմակերպվող տոնական համերգում նրանց մասնակցությունն ապահովելու եղանակով:
Այն կենդանի հնչողությունը, որ լսեցինք մարտի 8-ին, միայն ապացուցեց, որ կատարողները հիմնականում մոռացել են երգելը ու դեռ ժամանակ է պետք լինելու այն իրոք արժեքի վերածելու:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ