«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


«ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆԻՆ ԳՏՆԵԼՈՎ»...

20-րդ դարասկզբի արեւմտահայ կին գրող Զապել Եսայանի կյանքն ու ստեղծագործությունն է ներկայացնում լրագրող Թալին Սանճյանի եւ Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի նախաձեռնությամբ, անձնական միջոցներով եւ կենտրոնի աջակցությամբ նկարահանված ֆիլմը, որի առաջին ցուցադրությունը տեղի ունեցավ տիկնիկային թատրոնի կինոսրահում` կանանց միջազգային օրվա` Մարտի 8-ի նախօրեին: Ֆիլմի նկարահանումները (Երեւան, Պոլիս) սկսել են անցած տարվա ձմռանը, գրողի 135-ամյակի առիթով:

Ֆիլմի առաջին կադրերը փողոցային հարցումներ են` Զապել Եսայանի ինքնության մասին, պարզ մարդկանց շրջանակում: Ինչպես եւ սպասելի էր, նրա անունը ծանոթ չէր հարցվողներից եւ ոչ մեկին: Ի դեպ, Զապել Եսայանը գրեթե ճանաչված չէ մտավորական, կարելի է ասել նաեւ գրական շրջանակներում` չնայած խորհրդային տարիներին նրա գրական երկերի բավական հրատարակությունների: Այս առումով ֆիլմը նախեւառաջ ճանաչողական նշանակություն ունի:

Ֆիլմի հեղինակները կարողացել են որոշակիորեն ամբողջացնել 20-րդ դարասկզբի արեւմտահայ տաղանդավոր կին գրողի ստեղծագործական, առավել եւս` նրա քաղաքացիական-ազգային, մարդկային նկարագիրը` որպես սկզբունքային, տոկուն, կարելի է ասել հերոսական: Նրա անցած ճանապարհը անհանգիստ, հանրային կյանքի հանդեպ ակտիվ վերաբերմունքով մտավորական կնոջ կյանքային էպոպեա է` ամենատարբեր դժվարություններով, վտանգավոր հանգրվաններով, եւ, ցավոք, եղերական ավարտով:

Զապել Եսայանը ծնվել է Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում, սովորել Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանում: Առաջին գործըՙ «Երգ առ գիշեր» արձակ բանաստեղծությունը լույս է տեսել 1895-ին Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսի առաջին համարում: Ավելի ուշ տեղափոխվել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում, ամուսնացել նկարիչ Տիգրան Եսայանի հետ, երկու զավակների (Սոֆի եւ Հրանտ) մայր դարձել: 1902-ից Պոլիս վերադարձին ականատես է դառնում թրքական բռնապետության հայահալած քաղաքականությանը` ուղեկցվող բարբարոսական ջարդերով, կոտորածներով, արհավիրքներով: 1915-ի Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկվում է, ապաստանելով Բուլղարիայում:

Ֆիլմում Զ. Եսայանի կենսագրությունը ներկայացնող հեղինակային տեքստում անդրադարձ է արվում նրա կովկասյան այցին, Անդրանիկի, Հովհ. Թումանյանի հետ ծանոթությանը, աշխարհայացքային փոփոխություններին:

1933-ին գրողի տեղափոխությունը Սովետական Հայաստան ճակատագրական եղավ. աշխատանքի հրավեր ստացավ Երեւանի պետական համալսարանից: Ժամանակաշրջանը համընկավ սովետական ամենամռայլ ու մարդատյաց` ստալինյան բռնապետության տարիներին: 1936 թ. գրողների միությունում իր ելույթին հաջորդում է այդ տարիներին զանգվածային դարձած չարագուշակ երեւույթը` չսպասված ժամին դռան թակոցը, ապա եւ ձերբակալությունը: Ֆիլմում հնչող Բաքվի բանտից գրողի գրած նամակների հատվածները խոսուն են` նույն տոկուն, խիզախ կեցվածքը: Նրա կյանքի դրամատիկական ավարտը` ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են:

Ֆիլմում Զապել Եսայանը բացահայտված է ավելի որպես ֆեմինիստական շարժման կրող, կնոջ իրավունքներին հետամուտ գրող: Անդրադարձ է արված հիմնական ստեղծագործություններին` «Ավերակներուն մեջ», «Սիլիհտարի պարտեզները»` երիտասարդ արվեստաբան Վարդան Ազատյանի մեկնաբանությամբ:

Ֆիլմը հետաքրքրական են դարձնում արխիվային նյութերի, գրողի նամակների, ժամանակակիցները հուշերի հրապարակումները. անձնական կյանքին վերաբերող մանրամասներ է պատմում ռադիոլրագրող Կլարա Թերզյանը: Զապել Եսայանի թոռան` ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դասախոս Ալեքսանդր Եսայանի եւ ծոռնուհու` Իզաբելայի խոսքերը պատկերացում են տալիս հետստալինյան շրջանի նրանց ընտանիքին համակած զգուշավոր տրամադրությունների, մթնոլորտի, վերապրումների մասին: Տպավորիչ ու պատկերավոր էր ֆրանսահայ գրականագետ Մարկ Նշանյանի խոսքը:

Հեղինակները մտադրություն ունեն ֆիլմը DVD-ներով տարածել, ցուցադրել սփյուռքահայ, նաեւ թուրքահայ համայնքներում:

Կարծում ենք` ֆիլմի լրամշակումը եւ հարստացումը հավելյալ տեղեկություններով` օգտագործելով տեղի գրականագետների, գրողների ուժերը, այն շահեկան կդարձնի հատկապես մասնագիտական տեսանկյունից:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4