Սանկտ Պետերբուրգում անցկացվող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 2-րդ տուրում վիճակահանությամբ երկու Լիլիթներըՙ Մկրտչյանն ու Գալոյանը մրցեցին միմյանց հետ: ՀՀ հավաքականի անդամների մրցավեճը խաղաղ ելք ունեցավ: Երկուսն էլ վաստակել են 1,5-ական միավոր եւ առաջատարներին հետապնդող մի մեծ խմբի մեջ են:
Առայժմ հայ շախմատիստուհիներից առավել հաջող է հանդես գալիս Նելլի Աղինյանը, որը 2-րդ հաղթանակը տոնեցՙ առավելության հասնելով չեխ Կատերինա Կեդիկովայի նկատմամբ: Իսկ ահա մեր մյուս երկու շախմատիստուհիներն անհաջողության մատնվեցինՙ կրելով անդրանիկ պարտությունները: Աննա Հայրապետյանը սպիտակներով զիջեց Տատյանա Շադրինային, իսկ Սիրանուշ Անդրեասյանը սեւերով պարտվեց ռուսաստանցի Անաստասիա Մարտինովային:
Երկու տուրից հետո 22 շախմատիստուհիներ, որոնց թվում է նաեւ Նելլի Աղինյանը, վաստակել են 2-ական միավոր: 3-րդ տուրում Աղինյանը սեւերով մրցելու է ռուսաստանցի Եկատերինա Կովալեւսկայայի հետ: Լիլիթ Գալոյանի մրցակիցը կլինի ուկրաինացի Մարիա Մուզիչուկը: Լիլիթ Մկրտչյանը սեւերով կխաղա մակեդոնացի Իրինա Բուլմագայի հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ