Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնության 4-րդ տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունեն երկու Տիգրաններըՙ Պետրոսյանն ու Քոթանջյանը, որոնք վաստակել են 3-ական միավոր: Երկուսն էլ մրցաշարում 2-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին, ընդ որում Քոթանջյանի համար այդ հաջողությունն արդեն 3-րդն էր: Նա պարտության մատնեց Չեխիան ներկայացնող Վլադիմիր Տալային: 5-րդ տուրում Քոթանջյանը կմրցի ֆինն Թոմի Նյուբակի հետ: Տիգրան Պետրոսյանը հաղթեց խորվաթ շախմատիստ Միսո Ցեբալոյին: Հաջորդ տուրում նրա մրցակիցը կլինի ուկրաինացի Իլյա Նիժնիկը:
2,5-ական միավոր ունեն Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանն ու Արտաշես Մինասյանը: Երեքն էլ իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքիՙ հաշտություն կնքելով համապատասխանաբար Էլթայ Սաֆարլիի, Սլավիսա Մարինկովիչի եւ Դիթեր Նիսիպիանուի հետ: Մրցաշարում 2-րդ հաղթանակը տոնեց Արթուր Չիբուխչյանըՙ առավելության հասնելով ռուսաստանցի Վլադիմիր Պոտկինի նկատմամբ: Արթուրը վաստակեց 2 միավոր: Նույնքան միավոր ունեցող Արման Փաշիկյանն անդրանիկ պարտությունը կրեցՙ զիջելով ուկրաինացի Իլյա Նիժնիկին:
Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է հաստատվել: Առայժմ առանց միավորի կորստի են խաղում գերմանացի Գեորգ Մայերն ու ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւը, որոնք 4 միավորով ստանձնել են առաջատարի դերը: Մայերը սեւերով պարտության մատնեց վրացի Մերաբ Գագունաշվիլուն, իսկ Ինարկիեւը սպիտակներով առավելության հասավ խորվաթ Զդենկո Կոժուլի նկատմամբ: 11 շախմատիստներ 3,5-ական միավորով հետապնդում են առաջատարներին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ