«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#40, 2009-03-07 | #41, 2009-03-10 | #42, 2009-03-11


ԳՈՀԱՐՅԱՆԸ ՓՈՐՁԱՇՐՋԱՆ Է ԱՆՑՆՈՒՄ ԲԱՏԷ-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Հովհաննես Գոհարյանը փորձաշրջան է անցնում Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի կազմում: Նա մասնակցել է Մոսկվայի «Սպարտակի» հետ ստուգողական հանդիպմանը, որում ԲԱՏԷ-ն պարտվել է 0-3 հաշվով: Գոհարյանը թիմի մեկնարկային կազմում անցկացրել է 60 րոպե:

Հովհաննես Գոհարյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» փոխարինողների կազմում աչքի է ընկել արդյունավետ խաղովՙ երկու տարի անընդմեջ ճանաչվելով փոխարինողների մրցաշարի լավագույն ռմբարկու: «Լոկոմոտիվում» նրա ճակատագիրն առայժմ անորոշ է: Նույնիսկ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորներից մեկը վերջերս նամակով դիմել էր «Լոկոմոտիվի» գլխավոր մարզչինՙ խնդրելով Գոհարյանին անպայման ընդգրկել թիմի հիմնական կազմում, վստահ լինելով, որ վերջինս կարդարացնի սպասելիքները:

Հիմնախնդիրներ կարող են ծագել նաեւ Հայաստանի հավաքականում հանդես գալու հարցում: Բանն այն է, որ նոր մրցաշրջանից ՌԴ ֆուտբոլային միության որոշմամբ Ռուսաստանի առաջնությունում սահմանափակվելու է լեգեոնականների քանակը: Բացի այդ, այս տարվանից լեգեոնականի կարգավիճակ է տրվելու նաեւ այն ֆուտբոլիստներին, ովքեր թեեւ Ռուսաստանի քաղաքացի են, սակայն հանդես են գալիս այլ երկրների հավաքականներում: Այնպես որ, «Լոկոմոտիվում» մնալու դեպքում հնարավոր է Գոհարյանը չկարողանա այլեւս մասնակցել Հայաստանի երիտասարդական հավաքականի հանդիպումներին:

Ի դեպ, նման խնդրի առջեւ է կանգնած նաեւ ՀՀ ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Ռուսական «Սպորտն օրեցօր» հանդեսին տված հարցազրույցում նա նշել է, որ եթե իրեն «Խիմկիում» լեգեոնական համարեն, ապա ստիպված կլինի հրաժարվել ՀՀ հավաքականում հանդես գալուց: Նշենք, որ մինչեւ անցած մրցաշրջանը ՌԴ ֆուտբոլային միությունը լեգեոնական չէր համարում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների խաղացողներին, որոնք առանց խոչընդոտի հանդես էին գալիս իրենց երկրների հավաքականներում:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4