«ԲՀԿ-ն լուրջ է մոտենում քաղաքապետի ընտրություններին: Դա մեզ համար քաղաքական լուրջ հարթակ է», երեկ «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը : Նախօրեին պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, որը քաղաքական ֆիգուր չէ ու ընդհանրապես քաղաքական գործունեություն չի ծավալել: Մինչ առողջապահության նախարարին առաջադրելը, կուսակցության քաղաքական խորհուրդը քննարկել է մոտավորապես 10-12 քաղաքական գործչի թեկնածություն: Ներկայացվել է նաեւ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի թեկնածությունը` ամենայն հավանականությամբ հաշվի առնելով քաղաքաշինության դերը մայրաքաղաքի կյանքում: Բայց հետո հանգել են եզրակացության, որ այսօր մայրաքաղաքն ավելի շատ լավ, հմուտ բժշկի կարիք է զգում: «Երեւանը հանրապետության սիրտն է եւ որպեսզի յուրաքանչյուր սիրտ լավ գործի, անհրաժեշտ են հոգատար, հմուտ ձեռքեր, բանիմաց մարդիկ: Եվ այստեղ Հարություն Քուշկյանը կարող է ճշգրիտ ախտորոշել մեր քաղաքի խնդիրներն ու ներկայացնել լուծման ուղիներ», ասաց Գալստյանը:
ԲՀԿ-ում դեռ ցուցակները պատրաստ չեն: Հայտնի չէ, թե ովքեր են ցուցակի լավագույն հնգյակի ներկայացուցիչները: Շրջանառվում է նաեւ Մխիթար Մնացականյանի թեկնածությունը, սակայն նրա տեղն էլ հստակ որոշված չէ: Պարզ չէ, թե ինչպիսին է լինելու ԲՀԿ-ի նախընտրական կարգախոսը, սակայն Խաչիկ Գալստյանը վստահեցնում է, որ արտահայտելու է ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ Գագիկ Ծառուկյանի գործունեությունը: Մինչ այժմ որեւէ քաղաքական ուժ չի ներկայացել ԲՀԿ-ին սատարելու առաջարկությամբ, սակայն Գալստյանը վստահեցնում է, որ նախընտրական պայքարի կիզակետում սատարողներ հաստատ կլինեն: «Բարգավաճ Հայաստանի» ներկայացուցիչները նորմալ են վերաբերվում, որ ընտրություններից մոտավորապես երկու ամիս առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով քաղաքապետի պաշտոնում նշանակվեց ՀՀԿ-ի թեկնածու Գագիկ Բեգլարյանը: «Յուրաքանչյուրն իր մարտավարությունն է մշակում: Եթե հանրապետականն այդ մարտավարությունն է որդեգրել, մենք այն ընդունել ենք ի գիտություն եւ պատրաստվում ենք մասնակցել ընտրություններին»: ԲՀԿ-ն ցանկանում է մասնակցել ընտրություններին` հետապնդելով լուրջ ակնկալիքներ: «Երեւանում է տեղակայված մեր ընտրողների մեծամասնությունը: Եվ այդ խաղից դուրս մնալը ԲՀԿ-ի համար կլիներ անտրամաբանական: ԲՀԿ-ի հեղինակությունը օրեցօր աճում է, եւ դա թույլ է տալիս հայտարարություն անել, որ այս ընտրություններին կկարողանանք հավուր պատշաճի ներկայանալ մեր ընտրողներին եւ լավագույն կերպով արդարացնել նրանց սպասելիքները»:
ԲՀԿ-ում ընդդիմության ուժերը չեն թերագնահատում ու բոլոր ուժերին լուրջ մրցակիցներ են համարում: Եթե Արմեն Աշոտյանը նախօրեին դիտարկումներ անելով ընտրություններից հետո ԲՀԿ-ին տեսավ թեժ հնգյակի երկրորդ հորիզոնականում, ապա Խաչիկ Գալստյանը վստահեցրեց. «Մեր շանսերն այս պահին շատ ավելի բարձր են»: «Հանրապետականի՞ց էլ բարձր» հարցին Գալստյանը պատասխանեց` «Ինչու ոչ»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ