Կայացած եւ ավանդույթներ ստեղծած ընկերությունները խուճապի չեն մատնվում
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին հայաստանյան հասարակության մեջ առկա պատկերացումները բաժանվում են երկու տրամագծորեն հակադիր մասի: Առաջինՙ ճգնաժամը համարյա թե աշխարհի վերջն է եւ շուտով քաոս, սոցիալական պայթյուն եւ անկանխատեսելի իրավիճակ կստեղծվեն աշխարհում եւ մեր երկրում: Երկրորդՙ ճգնաժամով ավելի շատ վախեցնում են, իսկ իրականում այդքան սարսափելի չէ: Ըստ այդ պատկերացման, ճգնաժամը հորինել են մարդկանց աշխատանքից ազատելու, սոցիալական խնդիրները համընդհանուր իրավիճակով քողարկելու նպատակով: Բնականաբար, երկու պատկերացումներն էլ ծայրահեղություններ են, ինչի մեջ ընկնելը, ցավոք, բնորոշ է մեր ժողովրդին: Փաստ է, որ համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իրականություն է, որի պատճառով կորուստներ է կրել բիզնեսը, նվազել է պահանջարկը եւ վատթարացել է բնակչության սոցիալական վիճակը: Սակայն դա չի նշանակում, որ շուտով բոլոր բիզնեսները փակվելու են, մարդիկ դադարելու են ապրել, ուտել եւ շնչել, իսկ վերջում էլ ճգնաժամը մեզ բոլորիս կուլ է տալու:
Աշխարհի բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի կառավարությունները ճգնաժամից դուրս գալու ելքեր են փնտրում եւ ինչ-ինչ միջոցառումներ իրականացնում (հաջողակ ձեռնարկություններին վարկերի տրամադրում, տեղական արտադրողների համար բարենպաստ հարկային փոփոխություններ եւ այլն): Սակայն ճգնաժամին դիմակայելու քայլեր, կամա թե ակամա, իրականացնում են ոչ միայն կառավարությունները, այլ նաեւ բիզնեսը եւ մենք բոլորս: Այլապես, ամեն մի կառավարության ձեռնարկած որեւէ քայլ անիմաստ եւ անօգուտ միջոցառում կդառնար: Միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունները կանխատեսելով, Հայաստանի ընկերությունները եւս դրան դիմակայելու եւ սեփական բիզնեսի արդյունավետությունը բարձրացնելու քայլեր են ձեռնարկել կամ ձեռնարկում:
«Վիվասելի» գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ՙ ճգնաժամի ազդեցություններին եւ այդ կապակցությամբ ընկերության քաղաքականության վերաբերյալ մեր հարցերին պատասխանելով նշեց, որ իր ղեկավարած ընկերությունը փոխկապակցված է տնտեսության հետ եւ նրա մաս կազմելովՙ ճգնաժամի որոշ ազդեցություններ կզգա: «Անշուշտ, մարդիկ սկսել են խնայել հանրային ծառայություններիՙ ներառյալ բջջային կապի վրա: Սա ճգնաժամի համար օրինաչափ վարքագիծ է»: Ըստ գլխավոր տնօրենի, ընկերության ծառայությունների պահանջարկի նվազում դժվար թե լինի, բայց այդ ծառայությունների օգտագործման ծավալի որոշ նվազում ակնկալվում է: Այսինքն, բջջային կապից չեն հրաժարվի, բայց կսկսեն ավելի քիչ խոսել կամ sms ուղարկել: Այս պայմաններում ընկերությունը որդեգրել է իր ռեսուրսների ավելի արդյունավետ օգտագործման քաղաքականությունը: Ընդ որում, Ռալֆ Յիրիկյանը հավաստիացրեց, որ այդ քաղաքականությունն իրականացվելու է աշխատակազմի նույն քանակով, առանց աշխատակիցների կրճատումների:
«Աշտարակ-կաթ» ընկերության ֆինանսական տնօրեն Արմեն Գեւորգյանի կարծիքով, հավանական է հանրապետության բնակչության գնողունակության որոշակի անկումՙ պայմանավորված մասնավոր փոխանցումների կրճատմամբ: Մասնավորապես, նա հնարավոր համարեց ընկերության կողմից թողարկվող ոչ առաջնահերթ անհրաժեշտության ապրանքներիՙ ջնարակված պանրիկներ, յոգուրտներ, պաղպաղակի ծավալների կրճատումը: Ուստի, ընկերությունը գնալու է ծախսերի արդյունավետության հնարավորինս բարձրացման: Իսկ աշխատակիցների կրճատումներ կարող են լինել «միայն աշխատանքի առավել օպտիմալ կազմակերպման հետեւանքով»:
Ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը չեզոքացնելու հաջողությունը կախված է տվյալ ընկերության կառավարման համակարգից, ծրագրերի որակից եւ աշխատակիցների լավատեսությունից: Նման համոզմունք էր վերջերս հայտնել «Վալետտա» ընկերության ներկայացուցիչըՙ ֆինանսական տնօրեն Արմեն Բերբերյանը , նշելով, որ ընկերությունը ոչ միայն կրճատումներ չի անելու, այլեւ զարգացման ծրագրեր է իրականացնելու: Թեեւ ընկերությունը հիմնականում ներմուծման եւ սպասարկումների ոլորտում է գործում, բայց նախատեսում է սուրճի արտադրության, մսամթերքի արտադրության խոշոր գործարանի կառուցում ու նոր աշխատատեղերի ստեղծում այս եւ եկող տարվա ընթացքում:
Հայաստանի ամենահայտնի արտադրողիՙ Հրանտ Վարդանյանի կարծիքով, եթե մենք 90-ականների ճգնաժամին դիմացել ենք, որն աշխարհը չի տեսել, ապա այս ճգնաժամին կդիմանանք: Նա նույնպես հավաստիացրել է, որ 2009-ին ոչ միայն աշխատատեղեր չեն կրճատվելու եւ աշխատավարձեր չեն իջեցվելու, այլեւ նոր աշխատատեղեր են բացվելու: Մասնավորապես, «Գրանդ հոլդինգի» ղեկավարը նախատեսում է ներմուծել ծխախոտի արտադրության նոր հոսքագիծ, նոր սարքավորումներ եւ ավելացնել ծխախոտագործության ծավալները, սկսել է հյութեր արտադրել եւ փորձելու է օղի արտադրել, որը կկարողանա մրցակցել ներմուծվող օղիների հետ:
Մի խոսքով, կայացած եւ ավանդույթներ ստեղծած ընկերությունները ոչ թե խուճապի են մատնվում եւ սկսում դժգոհել, աշխատակիցներ կրճատել կամ սխալների պատճառները իրենցից դուրս փնտրել, այլ ձգտում են գտնել իրենց գործունեության արդյունավետության բարձրացման ուղիներ, ցուցաբերելով ճկունություն եւ պրոֆեսիոնալ մոտեցումներ: Սա, իհարկե, չի նշանակում, որ պետությունը չպետք է աջակցի բիզնեսին ճգնաժամային այս պահին: Խնդիրն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը հստակ պատկերացնի, թե որն է իր անելիքը, որըՙ մյուս կողմինը: