«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#41, 2009-03-10 | #42, 2009-03-11 | #43, 2009-03-12


ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՎԵՐԵԼՔՈՎ Է ԽԱՂՈՒՄ

Շախմատի Եվրոպայի տղամարդկանց առաջնությունում վերելքով է խաղում Տիգրան Պետրոսյանը, որը 5 հնարավորից վաստակելով 4 միավոր, առաջատարների խմբում է: 5-րդ տուրում Տիգրանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ սեւերով պարտության մատնելով ուկրաինացի Իլյա Նիժնիկին: Հաջորդ տուրում նրա մրցակիցը կլինի ուկրաինացի մեկ այլ շախմատիստՙ Անդրեյ Վոլոկիտինը:

Մրցաշարի մասնակից հայ շախմատիստներից բացի Տիգրանից, հաղթեց միայն Արման Փաշիկյանը: Նախորդ տուրում Հայաստանի չեմպիոնն անդրանիկ պարտությունն էր կրել, սակայն դա չընկճեց հայ շախմատիստին: Արմանը սեւերով առավելության հասավ թուրք շախմատիստ Կիվանց Հազնեդարօղլիի նկատմամբՙ տոնելով մրցաշարում 2-րդ հաղթանակը: Արմանը վաստակել է 3 միավոր: Նույնքան միավոր ունեն նաեւ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Քոթանջյանն ու Զավեն Անդրեասյանը: Հակոբյանն ու Անդրեասյանը հաշտություն կնքեցին միմյանց հետ, իսկ Քոթանջյանը մրցաշարում 2-րդ պարտությունը կրեցՙ զիջելով Թոմի Նյուբակին: Նշենք, որ հայ շախմատիստներից առայժմ միայն Պետրոսյանն ու Անդրեասյանն են անպարտելի: Տուրն անհաջող էր նաեւ Արտաշես Մինասյանի եւ Արթուր Չիբուխչյանի համար, որոնք պարտություններ կրեցին համապատասխանաբար Բորկի Պրեդոեւիչից ու Վլադիմիր Պոտկինից:

5 տուրից հետո մրցաշարում եռիշխանություն է: Նախորդ տուրում աղյուսակը գլխավորող գերմանացի Գեորգ Մայերին ու ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւին միացավ վերջինիս հայրենակից Սանան Սյուգուրովը: Վերջինս պարտության մատնեց հոլանդացի Լյուկ վան Վելիին: Իսկ Մայերն ու Ինարկիեւը միմյանց հետ հաշտություն կնքեցին: Երեք շախմատիստներն էլ վաստակել են 4,5-ական միավոր: 23 շախմատիստներ, որոնց թվում Տիգրան Պետրոսյանը, 4 միավորով հետապնդում են առաջատարներին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4