«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը Հայաստանի կառավարության պաշտոնյաների երկու հայտարարությունների վերաբերյալ սփյուռքահայերի մտահոգություններն է բարձրաձայնում իր ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:
Առաջինը փետրվարի 21-ին Ծաղկաձորում վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունն է միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ, որին մասնակցել են բարձրաստիճան հյուրեր Ռուսաստանից, Բուլղարիայից, Իրանից եւ այլ երկրներից: Տնտեսական համագործակցության վերաբերյալ իր ելույթում նա Ռուսաստանին եւ Թուրքիային կոչ արեց մասնակցել Հայաստանի նոր ատոմակայանի շինարարությանը: Նա նշեց, որ բազմամիլիարդ դոլարի արժողությամբ ծրագիրը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նշանակություն ուներ: Թուրք առաջնորդները դեռ չեն արձագանքել պրն Սարգսյանի առաջարկին, բայց, ըստ ռուսական աղբյուրների, Անկարան անտարբեր չէ այդ ծրագրի հանդեպ եւ հետաքրքրություն ցուցաբերում է: Թուրք մի ներկայացուցիչ, որը ցանկացել է անհայտ մնալ, «Նեզավիսիմայա գազետային» ասել է. «Թուրքիայի կառավարությունը պաշտոնական գրություն է սպասում Հայաստանի կառավարությունից, որից հետո միայն ատոմակայանի շինարարությանը մասնակցելու հարցը վերջնական կորոշվի: Եթե պահանջները բավարարվեն, առաջարկը կընդունվի»:
Մի շարք հայ քաղաքական մեկնաբաններ մտահոգություն են արտահայտել նման զգայուն մի ծրագրում Թուրքիայի ներառման առնչությամբ: Ոմանք մատնանշել են Հայաստանի ազգային անվտանգության հարցը, հաշվի առնելով Թուրքիայի դարավոր թշնամանքը: Ուրիշներն ատոմակայան կառուցելու թուրքական ընկերությունների փորձի պակասն են շեշտադրել: ՀՅԴ կուսակցությունից խորհրդարանական պատգամավոր Արա Նռանյանն, օրինակ, հայտարարել է, որ իր կուսակցությունը դեմ է շինարարությանը Թուրքիայի մասնակցությանը, համարելով դա «Հայաստանի շահերին վնասակար»:
Ինչպե՞ս են Հայաստանի կառավարության անդամները ատոմակայանի կառուցման գործում դերակատարություն ընձեռում մի երկրի, որը շարունակում է ժխտել ցեղասպանությունը, հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, շրջափակման մեջ է պահում նրան, որպեսզի քայքայի նրա տնտեսությունը եւ քաղաքական ու ռազմական օժանդակություն է ցուցաբերում Ադրբեջանին:
Երկրորդ մտահոգությունը վերաբերում է մեկ ուրիշ հրավերի` ուղղված Թուրքիայի արտգործնախարարին, մասնակցելու Սեւծովյան տնտեսական կոնֆերանսին, որը պետք է կայանա ապրիլի 16-17-ին, այսինքնՙ ընդամենը մի քանի օր առաջ Եղեռնի 94-ամյակից:
Հարցն ավելի սուր բնույթ ստացավ թուրքական «Թուդեյզ Զաման» թերթի այն հոդվածի տպագրությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր, որ հայկական կողմը որպես բարի կամեցողության դրսեւորում փոխել էր ամսաթիվըՙ ապրիլի 29-ից տեղափոխելով ապրիլի 16-ը, որպեսզի ավելի հարմար լիներ Ալի Բաբաջանի համար:
Վիրավորանքին նաեւ անարգանք ավելացնելով «Զամանը» մեջբերել էր մի թուք պաշտոնյայի խոսքերը, որ Բաբաջանը դեռ չի հաստատել կոնֆերանսին իր մասնակցության լուրը, սպասելով Հայաստանի կողմից «պարտավորվածության հավաստիացումներին» հանդեպ երկու երկրների միջեւ ընթացող մերձեցման երկխոսություններին:
Թուրք պաշտոնյաները հաճախ են խոսում Հայաստանի հետ մերձեցման մասին, կեղծ տպավորություն ստեղծելու համար, թե երկու երկրներն իբր հաշտվում են միմյանց հետ, որպեսզի Օբամայի վարչակազմն ու Կոնգրեսը քայլեր չձեռնարկեն ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ: Եվ մինչ Անկարան շարունակ Վաշինգտոնին հեղեղում է նման թյուր հաղորդագրություններով, հայկական կողմը զարմանալիորեն լուռ է մնում եւ չի հակադարձում թուրքական ապատեղեկատվությանը, ստեղծելով այն տպավորությունը, թե այդ ապատեղեկատվությունը ճիշտ է:
Պատասխանատվության եզակի դրսեւորում կարելի է համարել Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի հայտարարությունը, որ Սեւծովյան տնտեսական կոնֆերանսի ամսաթիվը փոփոխության չի ենթարկվել:
Դժվար է հավատալ, որ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի արտգործնախարարին է հրավիրում այցելել Հայաստան ապրիլի 24-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Մի դեպքում միայն դա կարող է արդարացված լինել. եթե Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան նախատեսում է ծաղկեպսակ դնել ցեղասպանության հուշահամալիրում եւ ներողություն խնդրել հայ ժողովրդից: Այլապես նրա այցը չպետք է ընդունելի լինի:
Թարգմ. Հ. Ծ.